ԿարևորՀասարակություն

Օրը կարճ․ 02․02․2024

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս նախատեսվող մի շարք փոփոխությունների, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել, խոսել է նաև պետական խորհրդանիշների համակարգում հասունացած և պահանջվող փոփոխությունների մասին։ Փաստացի այժմ շրջանառվում են ոչ միայն Մայր օրենքի՝ Սահմանադրության, այլև պետական զինանշանի և օրհներգի փոփոխության մասին խոսակցությունները։

Հանրության համար ոչ միանշանակ այս առաջարկները վարչապետը հիմնավորում է երկրի անվտանգության տեսանկյունից։  

Արմավիր-Երևան  թիվ 207 երթուղու շահագործումը տևական ժամանակ կասեցվել է: Ուղևորները դժգոհում են Երևան հասնելու դժվարություններից, երթուղու վարորդները՝ անգործությունից: Երթուղին շահագործում է  «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը: ՏԿԵ նախարարությունը ժամանակավոր լուծումներ է նախատեսել երթուղու սպասարկման վերաբերյալ:

ՀՀ-ում 2023 թ. 3-րդ եռամսյակի տվյալներով ամենաշատ աշխատատեղերը ստեղծվել են Երևանում` կազմելով ընդհանուր նոր ստեղծված աշխատատեղերի մոտ 69 տոկոսը, սակայն նախորդ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ դրանք նվազել են մոտավորապես 16%-ով։ Մարզերից ամենաշատը նոր աշխատատեղեր ստեղծվել են Կոտայքում և Արարատում, համապատասխանաբար՝ 1100 և 900 նոր աշխատատեղ։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ընդգծում է՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի 50%-ը Երևանում է, մնացածը՝ տասը մարզերում։ Վեց մարզ ընդհանրապես համախառն ներքին արդյունքի աճին չի արձագանքում։

https://www.facebook.com/armradio.am/videos/3663100513947171

Աշխատանքային այցով Ղազախստան մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որտեղ այս տարի նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։

Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Ալմաթիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը: Նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է։ Փաշինյանը շեշտել է ԵԱՏՄ ներսում փոխըմբռնման անհրաժեշտության մասին։

Երևանում արհեստական բանականության թեմայով համաժողովը մեկտեղել էր կառավարության անդամների, տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվող մասնագետների ու բիզնեսի ներկայացուցիչների։ Ի՞նչ առավելություններ ունի Հայաստանը ՏՏ մասով՝ աշխարհին առաջատար երկիր ներկայանալու համար։ Ինչպե՞ս կարող է «մեքենայական միտքը» վարժ անգլերենից բացի խոսել ու մտածել նաև հայերեն։ Հարցերին պատասխանողները հայ և օտարերկրացի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն էին։

Երևանի ավագանու փետրվարի 5-ի արտահերթ նիստի օրակարգում 6 հարց է, որոնցից 5-ը վերաբերում է ավագանու հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին։

«Քաղաքացիական պայմանագիրն» խմբակցությունն առաջարկում է նիստերին ու քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամների և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։

Ավագանու ընդդիմադիր անդամները նախաձեռնությունը  քաղաքական են համարում, պնդում, որ օգտվել են քաղաքական բոյկոտի հնարավորությունից։ Մեծամասնության ներկայացուցիչներն այս փուլում նախընտրում են չմեկնաբանել որոշումը։

Հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» ՓԲԸ մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ հայտնաբերվել է 2500 տուփ ծխախոտ։

Մեկ այլ դեպքով, հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում, կիսակցորդի գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ։

Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել են Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ դատապարտելով Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը։

Ռեգիոնի խորհուրդը նաև միաձայն աջակցություն է հայտնել ս․թ․ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա իրականացված ռազմական հարձակումը և պահանջում է երաշխավորել հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի իրացումը։

Ստորև ներկայացված է դեսպան Տոլմաջյանի ելույթը Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի լիագումար նիստին։

https://www.facebook.com/ambassadearmenie/videos/300991379639388

Արդյոք կարո՞ղ է ԼՂ հայրենակիցներին վճարվող սոցիալական աջակցությունը բռնագանձվել, և եթե քաղաքացին ունի նման խնդիր, ո՞ւր դիմել։

Բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Եթե, այնուամենայնիվ, հայրենակիցներն ունեն նման խնդիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այդ մասին դիմում ներկայացնել նախարարություն՝ https://e-request.am/hy հարթակին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով կամ առձեռն՝ մոտենալով Կառավարական տուն 3՝ նախարարության Քաղաքացիների ընդունելության բաժին։

Թբիլիսիի երբեմնի ամենաբարձր եկեղեցիn՝ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը, շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված: Այս մասին ահազանգում է Վրաստանի հայ համայնքը: Նշվում է, որ մտավախություն կա, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որն ավերվել է հորդառատ անձրևներից։

Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ:

Մատենադարանից հայտնում են, որ քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:

Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք  ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:

Տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ Կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին:

Կարդացեք նաև

Back to top button