ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ինչպես կարող է օրհներգը պատերազմ հրահրել․ պետական խորհրդանիշներում ՔՊ-ն վտանգ է տեսնում

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս նախատեսվող մի շարք փոփոխությունների, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել, խոսել է նաև պետական խորհրդանիշների համակարգում հասունացած և պահանջվող փոփոխությունների մասին։ Փաստացի այժմ շրջանառվում են ոչ միայն Մայր օրենքի՝ Սահմանադրության, այլև պետական զինանշանի և օրհներգի փոփոխության մասին խոսակցությունները։

Հանրության համար ոչ միանշանակ այս առաջարկները վարչապետը հիմնավորում է երկրի անվտանգության տեսանկյունից։  

Մենք Արցախը մոռանալո՞ւ ենք՝ ո՛չ,

Մենք Հայաստանում կրկնությունն ունենալո՞ւ ենք՝ ո՛չ,

Արարատը մոռանալո՞ւ ենք՝ ո՛չ։

Այսպիսի կոչեր հնչեսնող մի խումբ քաղաքացիների Երևանի փողոցներ է դուրս բերելՀայաստանի վարչապետի խոսույթը պետական խորհրդանիշների փոփոխության անհրաժեշտության մասին։ Առաջարկը միանշանակ չի ընդունվել քաղաքական ուժերի և հանրության կողմից։ Դեպի ԱԺ և Սահմանադրական դատարան երթով քաղաքացիները իրենց պահանջներն են ներկայացնում․

Կոչ ենք անում ուշքի՛ գալ։

ՀՀ օրհներգի խոսքերը, Անկախության հռչակագրի բովանդակությունը և զինանշանի պատկերները, պարզվում է, ուղիղ վտանգ են ներկայացնում ՀՀ անվտանգությանը, և դրանից ելնելով է շրջանառության մեջ դրվել պետական խորհրդանիշները փոխելու անհրաժեշտության մասին խոսույթը։ Հայաստանի օրհներգի հանդեպ հակասական վերաբերմունքը միշտ է եղել։ Տարբեր տարիներին այդ դժգոհությունները առնչվում էին և՛երաժշտությանը, և՛ խոսքերին։ Հիմնավորումներն էին՝ օրհներգը պետք է ունենա ոգենշող բառեր և վերելք տանող երաժշտություն։ Երկրի անվտանգության տեսանկյունից պետական օրհներգը առաջին անգամ մեկնաբանեց վարչապետ Փաշինյանը։

«Մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ։ Օրինակ, մեր հիմնի մեջ կա թշնամի բառը։ «Թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»․ սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է»։

Ըստ իշխող քաղաքական ուժի՝ սրան գալիս է լրացնելու Անկախության հռչակագիրը երեք անկյունաքարային դրույթ-ուղենիշներով։ Փաշինյանի խոսքով՝ «երբեք խաղաղություն չենք ունենա, եթե Անկախության հռչակագրում ԼՂ և ՀՀ վերամիավորման որոշում լինի»։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հավելում է պատմական արդարության մասին դրույթը։  

«Երբ ասում ենք պատմական արդարություն ու դրա տակ դնում ենք տարածքային պահանջներ մեր հարևաններից, այնպես չէ, որ միայն այդ երկու հարևանն է, որ այդ պատմական արդարության մի տեսակ վատ աչքով են նայում։ Իսկ ո՞վ է ասում, որ բոլորը կիսում են ձեր տեսակետը, որ այդ տարածքային պահանջները պետք է բավարարել առհասարակ միայն Վանա լճով և այնտեղ չներառել Ուրմիա լիճը, օրինակ։ Արդյո՞ք պատմական արդարության տեսանկյունից տրամաբանական է, որ 3 մլն բնակչություն ունեցող ՀՀ–ն տարածքային պահանջներ ունենա իր բոլոր հարևաններից։ Խոսակցությունը նախ և առաջ ինքներս մեզ հետ պետք է ունենանք ու ինքներս մեր ապագայի, հետո նոր անդրադառնանք Ադրբեջանին, Թուրքիային, Պարսկաստանին, Վրաստանին։ Արդյո՞ք այդ կոդով առաջ գնալը Հայաստանին ինչ-որ լավ տեղ է տանելու։ Շատ լավ բան է երազանքներով առաջնորդվելը մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքը ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն»։

Ընդդիմադիր պատգամավորները սուր են արձագանքում ծավալվող հեռակա բանավեճին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը համոզված են՝ այս ծրագրերը ուղիղ կապ ունեն թուրք-ադրբեջանական պահանջների հետ։

Արծվիկ Մինասյան․ «Նույնիսկ հազար անգամ, եթե համոզված ես, որ դա լավ բան է, չպետք է անես, որովհետև, եթե քո թշնամու ասածը անում ես, նշանակում է՝ ենթարկվում ես իր «խաղի կանոններին»։ Աստված չտա այդպիսի իրավիճակ առաջանա, բայց վաղը չի բացառվում, որ Ցեղասպանության հուշահամալիրն էլ քանդել տան»։

Արթուր Խաչատրյան․ «Արմատական փոփոխությունների, իսկ ավելի կոնկրետ՝ կործանարար զիջումների մասին Փաշինյանը դեռևս մի քանի ամիս առաջ խոսել էր խորհրդարանում։ Երբ ես իրեն հարց տվեցի՝ դու փորձում ես քանդե՞լ երրորդ Հանրապետությունը և ստեղծել նո՞ր՝ չորրորդ Հանրապետություն, ինքը դա չժխտեց։ Ասաց՝ ինձ համար թվաբանությունը կարևոր չէ»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները համոզված են, որ փոփոխության պետք է ենթարկվի նաև Հայաստանի զինանշանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ատրիբուտիկայում առյուծի պատկերը նմանեցրել է ինտերնետային «սմայլիկ» նշանին։ Դժգոհողներին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցնում է՝ զինանշանը փոխվել է միշտ․գունային փոփոխություն է տեղի ունեցել, օգտագործվում են նույն զինանշանի տարբեր մեկնաբանությունները, անգամ անհրաժեշտության դեպքում զինանշանից հանվել է Արարատ լեռան պատկերը։

«Ես հերալդիկայի մասնագետ չեմ, բայց ցավոք պետք է արձանագրեմ, որ հայկական պետականության բացակայության պայմաններում, առնվազն Կիլիկիայից հետո, մենք հերալդիկ զարգացումների հնարավորություն չենք ունեցել։ Մենք պետք է հաշվի առնենք նաև հետևյալը, որ շատ դեպքերում, օրինակ, հասարակական զարգացումների արդյունքում լինում են իրավիճակներ, որ օրինակ, սիմվոլը, որ շատ դեպքերում օգտագործվել է որպես շատ դրական սիմվոլ, ինչ-որ համաշխարհային փոփոխությունների արդյունքում այլ ընկալում է ձեռք բերել։ Օրինակ, ոչ մեկը 91 թվականին չէր կարող պատկերացնել, որ դա որպես «սմայլիկ», որովհետև այդ նշանը կարծես թե կա՛մ դեռևս հայտնագործված չէր, կա՛մ այդպիսի պոպուլյարություն չէր ստացել»։  

Այս ամենին գումարվում են նոր Սահմանադրության մասին քննարկումները։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ խաղաղությունն իրատեսական է, եթե փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, սոցցանցում արձանագրել է, որ Ալիևը այդպիսով պաշտոնապես բարձրացնել է բոլորովին նոր նախապայման։ Ինչպես ասում են՝ «ախորժակն ուտելիս է գալիս», գրել է դեսպանը հավելելով՝ «այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագրի ստորագրում Հայաստանի հետ՝ մատների վրա պտտեցնելով միջազգային հանրությանը»։

Պատգամավորները հավելում են, որ Ալիևը չի ցանկանում ձեռքից բաց թողնել նաև պատերազմի հնարավորությունը։

Կարդացեք նաև

Back to top button