ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոչ թե բացակայել, այլ բոյկոտել ենք․ ավագանու ընդդիմադիր անդամները՝ մանդատից զրկվելու հեռանկարի մասին

Երևանի ավագանու փետրվարի 5-ի արտահերթ նիստի օրակարգում 6 հարց է, որոնցից 5-ը վերաբերում է ավագանու հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին։

«Քաղաքացիական պայմանագիրն» խմբակցությունն առաջարկում է նիստերին ու քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամների և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։

Ավագանու ընդդիմադիր անդամները նախաձեռնությունը  քաղաքական են համարում, պնդում, որ օգտվել են քաղաքական բոյկոտի հնարավորությունից։ Մեծամասնության ներկայացուցիչներն այս փուլում նախընտրում են չմեկնաբանել որոշումը։

Երևանի ավագանու ամենամեծ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է մանդատից զրկել ընդդիմադիր գործընկերներին։ Փետրվարի 5-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգում ավագանու միանգամից 5 անդամի՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Զարուհի Փոստանջյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցն է։ Նախաձեռնության հիմքում ավագանու նշված անդամների բացակայությունների հարցն է։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ նախաձեռնության մասին երեկ էլեկտրոնային փոստով են ծանուցվել, անակնկալի չեն եկել։

«Ակնհայտ է, որ խոսքը գնում է քաղաքական որոշումների մասին։ Իրականում բացակայությունները այնքան կարևոր չեն, որքան այն, թե որ մարդկանց են ընտրել մանդատից զրկելու համար։ Ակնհայտ է, որ թե՛ Հայկ Մարությանը, թե՛ «Մայր Հայաստանից» ընտրված անդամները ամենաակտիվ են։ Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը ի վիճակի չէ քննադատող խոսք լսել»,– ասում է Աբգարյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը սահմանում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որի 20-րդ հոդվածի 2-րդ կետում կարդում ենք․

«Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:

Երևանի ավագանու վերջին՝ 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում 4 նիստ է տեղի ունեցել, որոնց ընթացքում կազմակերպվել է 42 քվեարկություն։ Ըստ ավագանու իշխանական անդամների ներկայացրած նախագծի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ոչ մի քվեարկության չեն մասնակցել, մյուսները մի քանի անգամ քվեարկել են,  բայց, այնուամենայնիվ, բացակայել են քվեարկությունների կեսից ավելիից։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ պետք չէ քաղաքական բոյկոտը բացակայության հետ շփոթել։

«Արդյոք կարելի՞ է քաղաքական ուժերի պաշտոնապես հայտարարած բոյկոտը համարել անհարգելի բացակայություն։ Ես կարծում եմ, որ ոչ, քանի որ դա սահմանադրական իրավունք է, քաղաքական դիրքորոշում, անհամաձայնություն արտահայտելու հնարավորություն, որն ընդդիմությանը տրված է որպես լծակ։ Ես ինքս էլ կարող էի հայտնվել այս ցուցակում 1-2 քվեարկությունների տարբերությամբ։ Եղել են ավագանու նիստեր, որ մենք խմբակցությունով ամբողջ նիստն ենք բոյկոտել»։

«Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որ 2 ամիս առաջ սեփական նախաձեռնությամբ վայր դրեց ավագանու անդամի իր մանդատը, պնդում է՝ մեծամասնությունն այս նախաձեռնությամբ փորձում է լռեցնել ավագանու ընդդիմադիր ակտիվ անդամներին։ Թևանյանը հիշեցնում է՝ օրեր առաջ էլ խմբակցության անդամ, այսօր արդեն մանդատից զրկվելու սպառնալիքի առաջ կանգնած Նարինե Հայրապետյանն էր հաղորդում ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ իրեն առևանգել են։ Վերջինի պնդմամբ՝  իր նկատմամբ ճնշումները կապված էին հասարակական-քաղաքական գործունեության հետ:

«Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, քննարկել՝ ով է բացակայել, ով՝ ոչ։ Սա պարզապես քաղաքական խնդիր է, և ի վերջո եթե մենք որոշում ենք կայացնում բոյկոտել քվեարկությունը, դա ևս քվեարկության ձև է։ Իրենք ուղղակի ամեն քայլ ձեռնարկում են որպեսզի կազմալուծեն ավագանու ընդդիմադիր գործունեությունը»։

«Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյան

Թևանյանի կարծիքով՝ ընդդիմադիր խմբակցությունները խանգարում են ավագանու մեծամասնությանը։

«Իշխանությունը չի կարողանում որոշումներ ընդունել առանց քվորման ապահովման, այդ քվորումն էլ ապահովելու համար իրենք ստիպված բացահայտում են իրենց կոալիցիոն երրորդ կողմին»,– ասում է Անդրանիկ Թևանյանը։

Երևանի ավագանու անդամին լիազորություններից զրկելու համար անհրաժեշտ է 33 կողմ ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» և վերջինի հետ համագործակցության հուշագիր կնքած «Հանրապետություն» խմբակցությունները միասին  ավագանիում 32 ձայն ունեն։ Անդրանիկ Թևանյանը չի բացառում, որ ավագանիում 7 մանդատ ունեցող «Հանրային ձայն» խմբակցությունը կսատարի իշխանության նախաձեռնությունը։ «Մայր Հայաստանի» դիրքորոշումը հստակ է՝ մասնակցելու են փետրվարի 5-ի արտահերթ նիստին, «Ազգային առաջընթացում» առայժմ վերջնական որոշում չունեն․ օրվա վերջում կքննարկեն ու հայտարարությամբ հանդես կգան։ «Ռադիոլուրը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրից»․ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նախ խոստացավ ավելի ուշ պատասխանել հարցերին, հետո այդպես էլ չպատասխանեց զանգերին։

Կարդացեք նաև

Back to top button