ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եր՞բ «կհայաֆիկացվի» արհեստական բանականությունը․ կարծիքներ երևանյան համաժողովից

Երևանում արհեստական բանականության թեմայով համաժողովը մեկտեղել էր կառավարության անդամների, տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվող մասնագետների ու բիզնեսի ներկայացուցիչների։ Ի՞նչ առավելություններ ունի Հայաստանը ՏՏ մասով՝ աշխարհին առաջատար երկիր ներկայանալու համար։ Ինչպե՞ս կարող է «մեքենայական միտքը» վարժ անգլերենից բացի խոսել ու մտածել նաև հայերեն։ Հարցերին պատասխանողները հայ և օտարերկրացի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն էին։

Գրերի գյուտից և էլեկտրաէներգիայի հայտնագործումից ոչ պակաս կարևոր․Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովին հենց այս միտքը շեշտեցին հայ և օտարերկրացի բանախոսները։

Այժմ «ոչ մարդկային» բանականության շուկայում փոթորիկ է, 2-3 տարի անց շուկան կհանդարտվի, տեխնոլոգիան ստանդարտացման կենթարկվի և տնտեսության ճյուղերից յուրաքանչյուրի համար ի հայտ կգան արհեստական բանականությամբ գործող անհատականացված լուծումներ՝ նշում են մասնագետները։

Համաժողովի կազմակերպիչ էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վահան Քերոբյանը, դահլիճից հարց է հնչեցնում՝ ե՞րբ է հնարավոր, որ արհեստական բանականությունը հասկանա հայերենը։

«Ի՞նչ է հարկավոր , որ մենք հայերենի մոդելավորում անենք, որը իմ կարծիքով կբացի լայն հնարավորություններ, փոքր, միջին և մեծ բիզնեսի համար»։

 «YEREVANN» լաբորատորիայի տնօրեն, ԵՊՀ արհեստական բանականության հետազոտական խմբի մասնագետ Հրանտ Խաչատրյանը նշում է՝ տեխնոլոգիաների առաջընթացով պայմանավորված՝ հարցի պատասխանը շատ արագ կարող է փոփոխվել։ Ամենամոտ ապագայի համար աշխարհի ամենահայտնի խոսակցական չատի՝ ChapGPT-ի 4-րդ մոդելին հարիր հայերենով խոսք արհեստական բանականությունից չարժե ակնկալել։ Կարելի է, իհարկե, այդ չատը ստեղծողի՝ Open AI ընկերության հետ պայմանավորվել, հայերեն տեքստ տալ, որ տեխնոլոգիան սովորի ու կիրառի, բայց, որակական խնդիրը նկատելի կլինի։

Մեքենայական ուսուցման մասնագետը դրա փոխարեն արհեստական բանականությունը «հայախոս» դարձնելու մեկ այլ լուծում է իրատեսական համարում։ Գործին կարող է օգնել ԵՊՀ–ում ներդրվող գերհամակարգիչը, որի գործարկումը նախատեսվում է այս տարվա կեսին։ 

«Վերցնել բաց մոդելները, որոնք հիմա բավականին կան, «Ֆեյսբուք» ընկերությունն է մեծ ներդրումներ անում ու մոդելներ ստանում, ու դրանց վրա շարունակել բավականին մեծ հաշվողական ռեսուրսով սովորեցնելու պրոցեսը։ Մենք նախնական հաշվարկներով այդ գերհամակարգիչը, որը սպասում ենք համալսարանում, հնարավորություն կտա դա անել։ Օրինակ, մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի ունենալ ինչ որ մոդել, որը հայերեն խոսում է, ինչ որ հարցերի պատասխանում։ Հարցը բոլոր երկրները իրենց տալիս են, ու մի գործ կա, որ մենք պետք է անենք՝ լավ հետազոտել, թե մյուսների դեպքում ինչ է ստացվել»։

Հրանտ Մարգարյանը հույս ունի՝ գերհամակարգչի օգնությամբ «մեքենայական մտքին» կօգնեն բազմաթիվ լեզուներին զուգահեռ սերտել նաև հայերեն։

«Բայց մեր սարքածը լինելու է տեխնոլոգիայի մակարդակի, այսինքն, պետք կլինի, որ տեխնոլոգիական ընկերությունները դա ծառայեցնեն ու սարքեն պրոդուկտ։ Այսինքն, կոդը, որ կա, որ աշխատում է, տանել ու հասցնել չատ GTP-ի մակարդակի, որ մարդիկ օգտվեն ու չփչանա, չանջատվի, էդտեղ գործ կա անելու ու ինձ թվում է հայկական ընկերությունները այդ գործը կանեն»։

Հայաստանի առաջին հարկատու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հարցը ոչ թե արհեստական բանականությունն ուսումնասիրողներին, այլ կառավարությանն էր ուղղված։

«Բիզնեսը արագ է արձագանքում փոփոխություններին, և այս հարցում էլ արագ կկողմնորոշվի։ Դրա համար, իմ կարծիքով, կառավարությունը պետք է ոչ թե նստի մտածի ԱԲ-ի մասին, որովհետև բիզնեսն անում է այդ ուղղությամբ իր քայլերը, այլ մտածի աշխատանքային շուկայի հետ կապված ռիսկերի մասին»։

Էկոնոմիկայի նախարարը գործազրկության ավելացման ռիսկին պակաս վատատեսորեն է տրամադրված։ Չհերքելով Արժույթի միջազգային հիմնադրամի մատնանշած թիվը, որ արհեստական ինտելեկտի պատճառով ռիսկի տակ կհատնին աշխատատեղերի 40%–ը, Քերոբյանը մեջբերում է Եվրոպայի արդյունաբերական գերհզոր տնտեսության օրինակը։

«Ցանկացած տեխնոլոգիական հեղափոխություն չի բերել նրան, որ մարդիկ մնացել են անգործ։ Բոլոր հեղափոխությունները, որոնք եղել են՝ էլեկտրականությունը, մեքենաները և այլն, նաև ստեղծել են մեծ քանակի նոր աշխատատեղեր։ Բայց, այնուամենայնիվ, հիմա օրինակ, Գերմանիայում, մոտ 50 խոշոր ընկերություններ իրար հետ պայմանավորվել են, որ 5 օրանոց աշխատանքային ռեժիմը դարձնեն 4 օրանոց, ու մարդկանց աշխատավարձը չիջեցնեն։ Այսինքն, ակնհայտորեն այդ փոփոխությունների արդյունքում ազատվելու է մարդկանց աշխատաժամանակը և այդ ժամանակը ծախսվելու է այլ բաների վրա, օրինակ, ճամփորդելու»։

Ի՞նչ նպաստավոր պայմաններ կան, որ Հայաստանն աշխարհին ներկայանա որպես արհեստական բանականության տեխնոլոգիաների հաբ։ Հարցին ի պատասխան, ՏՏ ծառայություններ և խորհրդատվություն մատուցող «Quantori» ամերիկյան հսկայի հայաստանյան ներկայացուցչության փոխնախագահ Արտյոմ Խոզյաինովը իր դիտարկումներն է ներկայացնում։

«Հայաստանն ունի մի քանի հատկանիշ, որոնցից մեղք կլինի չօգտվել։ Առաջինը, որ Հայաստանը համեմատաբար ոչ մեծ երկիր է, և ուրեմն կարող է լինել չափազանց մոբիլ։ Ես մի կողմից շատ ժամանակ եմ անցկացրել այստեղ գործող տարբեր Այ Թի ընկերություններում, մյուս կողմից էլ ներդրումներ եմ արել ու մասնակցել ստարտափների համար ֆոնդհայթհայթման գործին, և մոբիլությունն օգնել է, որ ամեն ինչ արագ կատարվի։ Դա է պատճառը, որ այստեղ բազմաթիվ տեխնո ընկերություններ են հայտնվում։

Երկրորդն այն է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ մի կողմից մեծ Այ Թի տնտեսության ունեցող Ռուսաստանի, մյուս կողմից էլ գերխոշոր Այ Թի տնտեսությամբ ԱՄՆ-ի հետ և դա մեծ առավելությունն է։ Իհարկե, հարաբերությունները ոչ այնքան երկրների, այլ կոնկրետ մարդկանց մակարդակով են և դա աներևակայելի է։ Ես կդժվարանամ նշել նման մեկ այլ երկրի անուն»։

«Մեքենայական մտքի» թեմայով երևանյան համաժողովի բանախոսները նկատում են՝ արհեստական բանականության զարգացումը մարդկության կյանքում հերթական էվոլյուցիոն գործընթացը կապահովի։ Երկրների մի մասի մոտ փոփոխություններն ավելի շուտ և ավելի շատ կնկատվեն, քան մյուսների մոտ։ «Առաջամարտիկների» շարքում հայտնվելու համար հարկավոր է երեք գործոն՝ ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալ և օրենսդրություն։

Արհեստական բանականության համար ստեղծեք միջավայր, իսկ երևույթներն իրենք կհայտնվեն, դա անխուսափելի է՝ համակարծիք են «մեքենայական միտքն» ուսումնասիրող մասնագետները։

Կարդացեք նաև

Back to top button