
Գարեգին Նժդեհի 22 հասցեի համայնքային նշանակության շենքը վերակառուցվում է։ Շենքի առաջին երկու հարկերում կիրականացվեն ամրացման աշխատանքներ, կկառուցվի մանսարդային հարկ, որի շնորհիվ 15 նոր բնակարանների բանալիներ կհանձնվեն Արցախից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին։ Բնակարանները կլինեն 1, 2, 3 սենյականոց։
Ծրագրի շրջանակներում ամբողջովին կբարեկարգվեն նաև շենքի հարակից տարածքները։ Ծրագիրն իրականցվում է կառավարություն-համայնք համագործակցության շրջանակներում։



Գորիս համայնքի ղեկավարը այցելել է շինհրապարակներ, դիտարկել ընթացիկ աշխատանքները և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկել աշխատանքային հարցեր, նշել, որ առաջին հերթին ուշադրության կենտրոնում պահեն կատարվող աշխատանքների որակը։ Բնակարանաշինության ծրագրը պլանավորվում է մինչև տարվա վերջ ավարտին հասցնել։



Հիմնովին նորոգվում է նաև դեպի պատմական Հին Գորիս գյուղ թաղամաս տանող ճանապարհը: Կարևոր նշանակության ճանապարհը, որը Հին Գորիսը կապում է քաղաքին , գտնվում էր անմխիթար վիճակում: Երկար սպասված ծրագիրը մեկնարկում է կառավարություն — համայնք գործակցության շնորհիվ: Ճանապարհն ամբողջովին նորոգվում է, մայթերը բարեկարգվում են, սալիկապատվում, լուսավորության նոր ցանց է կառուցվում:
Առաջիկաում կմեկնարկի ևս մեկ խոշոր ծրագիր՝ Թումանյան փողոցը հիմնովին կնորոգվի: Շինարարության մրցույթի հաղթողն արդեն հայտնի է, շուտով կմեկնարկեն հիմնանանորգման աշխատանքները:




