ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թե ինչպիսին է լինելու Սահմանադրությունը, որոշելու է հանրությունը

Նոր Սահմանադրություն ունենալու գաղափարը հանրային քննարկումների փուլում է։ Այն դեռևս գործնական փուլ չի մտել։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հիմնավորմամբ՝ դեռ անհրաժեշտ է հասկանալ հանրային կարծիքը գործող Սահմանադրության և նոր Սահմանադրություն ունենալու առնչությամբ։ Նոր Մայր օրենքի ընդունման անհրաժեշտության մասին հունվարին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:    

Նոր Սահմանադրության իրավակարգավորումների վերաբերյալ մասնագիտական քննարկումներ դեռ չեն սկսվել՝ հաստատում է Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը: Դա է պատճառը, որ ժամկետներ առայժմ չկան։

Այժմ զուգահեռաբար երկու գործընթաց է տեղի ունենում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը 2020–ին ձևավորված համապատասխան հանձնաժողովն արդեն ներկայացրել է կառավարությանը, բայց արդեն, ըստ վարչապետի, առաջացել ոչ թե բարեփոխումների, այլ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտություն։ Նիկոլ Փաշինյանի նախանշած հիմնավորումներն արդարադատության փոխնախարարին հուշում են, որ բարեփոխումների հայեցակարգը չի կարող նոր Սահմանադրության հիմքը լինել։  

«Չի կարող ամբողջությամբ բավարար լինել, քանի որ արդեն նոր պահանջներ են դրվել իրավաբանական հանրության առջև նոր Սահմանադրություն ընդունելու հետ կապված։ Թե ինչ փոփոխություններ պետք է լինեն, դետալներ դեռևս քննարկված չեն և հաստատված չեն։ Այդ ամենը, բնականաբար, լինելու է շատ թափանցիկ պրոցես։ Այս պահին ոչ այդ փոփոխություններն են ձևակերպված, ոչ կարգն է հաստատված կամ դեռևս որոշված, թե ինչպես է իրականացվելու»։

Ընդդիմությունը հավաստի է համարում ենթադրությունները, թե փոփոխություններն արվում են խաղաղության օրակարգի շրջանակում Ադրբեջանի ներկայացրած նոր պահանջների պատճառով։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին նշել էր, որ Հայաստանը նույնպես «հայելային» խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, ու դրանք ներկայացվում են ադրբեջանական կողմին։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձել է խորհրդարանական մեծամասնությունից պարզել, թե սահմանադրական ինչ խնդիրներ են ներկայացվել ադրբեջանական կողմին։

«Ի՞նչ եք ասել Ադրբեջանին, Ադրբեջանը օրինակ ի՞նչը պետք է հանի։ Որևէ մեկը բովանդակային առումով ոչինչ չի ասում։ Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետությունը իր անկախությունը հռչակել է ադրբեջանական կեղծ առաջին Հանրապետության հենքի վրա։ Առաջին Հանրապետությունը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված որևէ տարածք կամ սահման։ Ավելին՝ Ազգերի Լիգային, երբ նրանք դիմում էին 112 հազար քառակուսի կիլոմետրով՝ ներառյալ Հայաստանի ու Վրաստանի տարածքների զավթման առաջարկով, ուղղակի մերժել էր՝ ասելով, թե ներկայացրել եք այլ ազգերի, այլ ժողովուրդների տարածքներ որպես ձեր տարածքներ»։

Արդյո՞ք սա վիճարկում է պաշտոնական Երևանը՝ հայտնի չէ։  Բայց ընդդիմադիրների համոզմամբ՝ Հայաստանի նոր Սահմանադրությունից դուրս է մնալու Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը, ինչը մեծ խնդիր են համարում։

«Նման է շենքի։ Շենքը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա՝ Անկախության Հռչակագրում արտաբերված ազգային իղձերի, նպատակների, մեր պատմական անցյալի, մեր իրավունքների և սերունդների իրավունքների՝ ամրագրված, միջազգային չափանիշով հաստատված սկզբունքների վրա։ Դա հիմքն է մեր։ Հիմա իրենք ասում են՝ բերեք այդ հիմքը փոխենք։ Եթե հիմքը փոխում ես, նշանակում է շենքը քանդում ես։ Դա նշանակում է վերացնել Երրորդ Հանրապետությունը»։

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը չունի ընդդիմադիրների վստահությունը՝ հաստատելու, թե ինչպիսի նոր Սահմանադրություն է ունենալու Հայաստանը։ Ասում է՝ կա գաղափար, բայց ուր կհանգեցնի և ինչ եղանակով կգնա, դեռ չեն պատկերացնում։

«Անկախության հռչակագիրը որպես այդպիսին, ոչ թե հղում է տրվում դրան, այլ հղում է տրվում դրանում ամրագրված համազգային նպատակներին և ժողովրդավարական պետության կառուցմանը։ Այսինքն՝ մենք խոսում ենք նախաբանի մասին, որն օժանդակ նշանակություն ունի, որը հղում է անում ոչ թե ամբողջական փաստաթղթի վրա, այլ ամբողջակյան փաստաթղթում ամրագրված ինչ–որ դրույթների վրա։ Կարող է ավելի լայն, ավելի մեծ հղում լինի Անկախության հռչակագրից, կարող է  ավելի փոքր հղում լինի, Կարող է այն տեղափոխվի Սահմանադրության բուն տեքստի մեջ։ Հիմա կա միայն գաղափար։ Ընդ որում՝ դա ոչ ես, ոչ դուք, ոչ քաղաքական մեծամասնությունն է որոշելու։ Այդ հարցը որոշելու է ժողովուրդը, և այդ հարցը քննարկվելու է։ Հիմա այս պարագայում ցանկացած դատողություն անելը Սահմանադրության տեքստի վերաբերյալ կարող է լինել միյան գիտական, վերլուծական մակարդակում։ Այսքանը»։  

Վարդանյանը չի կիսում ընդդիմադիրների այն թեզը, թե հիմքերը փոխելով՝ քանդում են երրորդ Հանրապետության շենքը։

«Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ Հանրապետության ֆենոմենը բացառապես ֆրանսիական ֆենոմեն է, որովհետև որևէ այլ երկիր, որը փոխել է Սահմանադրությունը և այլն, ըստ էության, չի թևակոխել այս կամ այն Սահմանադրությունը։ Եթե մենք ուսումնասիրենք ՀՀ սահմանադրական պրակտիկան, ապա սա ՀՀ 4–րդ Սահմանադրությունն է, իսկ եթե անկեղծ լինենք՝ ինքը 6–րդն է։ Որովհետև եթե 95 թվականի Սահմանադրությունը համեմատում ենք 2005 և 2015 թվականի Սահմանադրության հետ, ապա տեսնում ենք դրանք նոր Սահմանադրություններ են, պարզապես դիտարկվել են որպես սահմանադրական փոփոխություններ։ Պետության բնույթը 1995–ից մինչև 2015–ը էապես փոխվել է՝ կառավարման ձևն է փոխվել, մոդելն է փոխվել, ինստիտուտներն են փոխվել, հարաբերություններն են փոխվել, և մի Սահմանադրության ներքո չի կարող գոյություն ունենալ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական պետություն։ Այս փոփոխությունները և առաջին, երկորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ Հանրապետությունները սրանք կոնցեպտներ են, որոնք գոյություն ունեն հասարակագիտական ոլորտում, դրանք իրավական կոնցեպտներ չեն»։

Որպես սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը դեմ է Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելուն, մյուս կողմից պնդում է՝ փաստաթուղթին պետք չէ վերաբերվել «սրբազան կովի» պես և վախենալ անհրաժեշտ փոփոխություններից։ Պատգամավորը, ինչպես նաև արդարադատության փոխնախարարը նշում են, որ առաջնային խնդիրն է հասկանալ՝ իսկապես պե՞տք է ունենալ այսպիսի Սահմանադրություն, թե՞ ոչ, բայց երկուսն էլ չեն վիճարկում գործող Սահմանադրության լեգիտիմությունը։  

Կարդացեք նաև

Back to top button