ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 31․01․24

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարության պաշտոնական անձինք:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես, «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած, հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում ԿԽՄԿ է դիմել 62 ընտանիք` անհետ կորած իրենց հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։ Արդյունքում 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և դեմ է կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքների փոփոխմանն այս փուլում, Բրյուսելում «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Նա ասել է, որ կցանկանար, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Ընդգծելով բանակցային տարբեր ձևաչափերը՝ ԱՄՆ և ԵՄ, նա նշել է, որ աջակցում են նաև երկկողմ ձևաչափին։ Չնայած կայուն խաղաղության կարևորության մասին միջազգային դերակատարների հայտարարություններին, Բաքուն մերժում է խաղաղությանը միտված Հայաստանի ցանկացած առաջարկ։ Վերջինը սպառազինությունների վերահսկման ու չհարձակման մասին պայմանագրի առաջարկն էր, որը նույնպես մերժվեց։

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ I դ․ ):  Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։ Այս ցուցադրության կազմակերպման աշխատանքները վերջնականացման փուլում են, որի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին:

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը, հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Հայաստանում քայլ առ քայլ խստացվում է շահումով խաղերի ոլորտը։ Արդեն իսկ ընդունված գործող կամ առաջիկայում ուժի մեջ մտնող սահմանափակումներին զուգահեռ Կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների ևս մեկ նախագիծ։ Գործադիրը սրանով նպատակ ունի կանոնակարգելու նաև արտասահմանյան գրանցում ունեցող ու Հայաստանում չլիցենզավորվող ընկերությունների գործունեությունը։ Փոփոխությունների փաթեթն առայժմ քննարկվել է խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել։ Փաթեթի ընդունման դեպքում Կառավարությունը հնարավորություն կունենա նաև արգելափակելու որոշ կայքերի գործունեությունը Հայաստանում։

Երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը քննարկելու համար Հայաստանում է ԵՄ անդամ երկրի՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը։ Հայաստանյան այցի ընթացքում, բացի քաղաքական հարցերը քննարկելուց, նա հանդիպելու է նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Երևանից նա մեկնելու է Բաքու։ Հայտարարել է, որ հստակ ձևակերպված հարցեր ունի Ադրբեջանի ղեկավարությանը։ Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների հանդիպմանը։

Այսօր 2023 թվականին կատարած աշխատանքներն է ամփոփել ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է տնտեսական զարգացումներին։ Նա ասել է, որ Հայաստանում նվազել են «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները, նախատեսվում է «Գնումների մասին» նոր օրենքի ընդունում: «Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունները նույնպես օրակարգում են։ Վահե Հովհաննիսյանը հիշեցրել է նաև, որ այս տարի առաջին անգամ 2023–ի համար հայտարարգիր է ներկայացվելու։ Զուգահեռ ներդրվում է նաև սոցիալական երաշխիքների իսնտիտուտը։

Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը քննարկել են Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների անհրաժեշտությունը, բռնահանված արցախցիներին տրվող օգնության ընդլայնումը։

Քննարկվել է նաև արցախցիների անվտանգությունն ապահովելու միջոցները՝ Արցախում իրենց տները վերադառնալու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button