
Հայաստանում քայլ առ քայլ խստացվում է շահումով խաղերի ոլորտը։ Արդեն իսկ ընդունված գործող կամ առաջիկայում ուժի մեջ մտնող սահմանափակումներին զուգահեռ Կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների ևս մեկ նախագիծ։ Գործադիրը սրանով նպատակ ունի կանոնակարգելու նաև արտասահմանյան գրանցում ունեցող ու Հայաստանում չլիցենզավորվող ընկերությունների գործունեությունը։ Փոփոխությունների փաթեթն առայժմ քննարկվել է խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել։ Փաթեթի ընդունման դեպքում Կառավարությունը հնարավորություն կունենա նաև արգելափակելու որոշ կայքերի գործունեությունը Հայաստանում։
Կառավարությունը նախատեսում է էլ ավելի խստացնել, սահմանափակել շահումով խաղերի ոլորտը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել արտասահմանյան ընկերությունները, որոնք Հայաստանում չեն լիցենզավորվում, բայց խոշոր շահում ունենալու գրավչություն են առաջարկում նաև հայաստանաբնակներին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել Ֆինանսների նախարարության՝ միանգամից 2 օրենքում ու մի օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող նախագծին։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մանրամասնում է՝ նախկինում բոլոր կարգավորումները տեղական ընկերություններին էին վերաբերում, այս փաթեթով փորձելու են կանոնակարգել արտասահմանյան ընկերությունների գործունեությունը։
«Խնդիրն այն է, որ եթե մենք պահանջ ենք դնում, որ շահումով խաղերի կազմակերպիչը պետք է գումարի 90 տոկոսը շահումների տեսքով վերադարձնի, ապա միջազգային, չլիցենզավորված կայքերում այդ շեմը կարող է իջնել մինչև 40 տոկոս, և շատ հաճախ մարդիկ ընդհանրապես պաշտպանված չլինեն։ Եթե մեր օրենսդրությամբ մարդիկ գոնե պաշտպանված են, ապա մյուս կողմից կարող են մտնել օրինակ որևէ արտասահմանյան կայք, որը ոչ մի կանոնի չի ենթարկվում ու պաշտպանված չլինեն»,– ասում է Ավագ Ավանեսյանը։

Առաջին հերթին Կառավարությանը որոշ կայքեր Հայաստանում արգելափակելու լիազորություն է տրվելու, բացի այդ պարբերաբար հրապարակվելու են կասկածելի, արգելված կայքերի անունները։
«Կա նաև բավականին մեծ ուսումնասիրություն կայքերի արգելափակման վերաբերյալ, ցանկը բավականին ընդգրկուն է․ օրինակ՝ Խորվաթիա, Կիպրոս, Դանիա, էստոնիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Լատվիա։ Այլ կերպ ասած՝ եվրոպական շատ քիչ երկրներ կան, որ այդ կայքերի արգելափակումներ չեն անում»։
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է նաև պարտադիր աուդիտ սահմանել շահումով խաղեր առաջարկող ընկերությունների համար։ Օրենսդրական նախագիծը նաև արտոնություն է նախատեսում․ Ֆինանսների նախարարի տեղակալը բացատրում է՝ լրացումների ընդունումից հետո տեղական ընկերությունները կկարողանան արտասահմանից խաղադրույքներ ընդունել նաև արտարժույթով։

«Սակայն կա մի քանի նախապայման․ անձը չպետք է լինի ՀՀ քաղաքացի, այն քարտը կամ բանկային հաշիվը, որից փոխանցում է արվում չպետք է լինի հայկական բանկի կողմից թողարկված և այդ խաղադրույքը անելու պահին այդ մարդը IP–ով չպետք է գտնվի Հայաստանում»,– ասում է Ֆինանսների նախարարի տեղակալը։
Լրացուցիչ կարգավորումներով կարգելվի նաև արտասահմանյան շահումով խաղերի գովազդը ՀՀ տարածքում և am դոմեյնային տիրույթում։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է՝ այս կարգավորման անհրաժեշտությունը վաղուց կար, սկսած այն պահից, երբ Հայաստանը սկսեց կարգավորել ու սահմանափակել շահումով խաղերի ոլորտը։

«Տեղական ընկերությունները համարում էին, որ իրենք հայտնվում են ոչ բարենպաստ մրցակցային իրավիճակում․ այսինքն, ասում են՝ դուք կարգավորումներ եք ընդունում, մենք այդ սահմանափակումներին ենթարկվում ենք, բայց ինչ–որ մի արտասահմանյան կայք կարող է գովազդել իրենց ու հայտնվել ուշադրության կենտրոնում»։
Դեռ երկու տարի առաջ օրենսդիրը փոփոխություններ արեց «Գովազդի մասին» օրենքում՝ սահմանափակելով շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի ու դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով։ Իսկ արդեն 2024-ի տարեսկզբին Կառավարությունն ընդունեց նախագիծ, ըստ որի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրված քաղաքացին մոտ մեկ տարի հետո չի կարող խաղադրույք կատարել։ Չնայած սահմանափակումներին խաղադրույքների ծավալները դեռ աճում են․ եթե 2021 թվականին եղել է 3.9 տրլն դրամի խաղադրույք, ապա 2022-ին այդ թիվը դարձել է 5.8 տրլն: 2023-ի միայն առաջին 6 ամիսներին անցյալ տարվա նկատմամբ այդ թիվն աճել է 0,4 տոկոսով՝ անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էր Ֆինանսների փոխնախարարը։




