ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Սիմֆոնիկ Մանսուրյան․ մեկ երեկո՝ երկու մաեստրոների հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2023-ին ունեցել է 88 համերգ, որոնցից 60-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում, 24-ը՝ արտերկրի հեղինակավոր համերգասրահներում։ Հյուրախաղերով հանդես են եկել Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Լիբանանում։ Նվագախումբը ձայնագրել է հայ կոմպոզիտորների ավելի քան 110 ստեղծագործություն Հայաստանում և արտերկրում։ Լրագրողների հետ հանդիպմանը, սակայն, խոսվում է ամենակարևոր համերգի մասին։

«Վաղը մենք կարևոր համերգ ունենք»․ ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է։ Կարևոր համերգը հունվարի 27-ին է՝ մաեստրոյի 85-ամյակին նվիրված՝ Հայաստանի սիմֆոնիկ նվգախմբի հետ համատեղ։

«Իմ պատասխանտու համերգներից մեկն է, անշուշտ։  85, փառք Աստծո, Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու այս ուրախությունը։ Իմ 85-ամյակը կնշվի սիմֆոնիկ համերգով»,- ասաց մաեստրոն։

Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները։  Համերգը, ըստ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի, կլինի երկու մանսուրյանների միաձուլումը՝ կինոերաժշտությունից մինչև դասական և ակադեմիական ստեղծագործություններ։

«Ֆիլմերի երաժշտությունը շատ են սիրում, մեկ այլ երևույթ կա։ Մենք գիտենք ֆիլմերը, եթե խոսնենք հոլիվուդյան ֆիլմերի մասին, շատ ավելի հաջողակ են, քան երաժշտությունը։ Իսկ այն ֆիլմերը, որտեղ հնչում է մաեստրոյի երաժշտությունը, շատ ավելի հայտնի են, քան մաեստրոյի մյուս ստեղծագործությունները»։

Տիգրան Մանսուրյանը եզակի և օրինակելի որակեց իր՝ Սերգեյ Սմբատյանի և Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ Սմբատյանն ասում է՝ աշխարհը Մանսուրյանին  ճանաչում է դասական երաժշտության ժանրում։ Հիշում է՝ երբ սովորում էր արտերկորում դասախոսներն ու կուրսեցիները միշտ խոսում էին մաեստրոյի ակադեմիական ստեղծագործությունների մասին՝ իբրև ժամանակակից արվեստի լավագույն նմուշներ։ Հայաստանում պետք է այդ բացը լրացվի՝ ասում է  Սերգեյ Սմբատյանը։

«Ասեմ, որ որևէ նվագախումբ Հայաստանից երբեք չի ձայնագրել Մանսուրյան։ Մենք խոսում ենք երևույթների, արժեքների մասին,աշխարհը գիտի Մանսուրյան, բայց չկա ժառանգության փաստը։ Եվ այս տարի մենք կփորձենք այդ փաստը լրացնել»։

Հունվարի 27-ի հոբելյանական համերգի տոմսերն արդեն սպառվել են։

Սերգեյ Սմբատյան․ «Արդեն 15 օր այդ համերգի տոմսերն իսպառ բացակայում են, ինչը խոսում է այն մասին, որ այսօր Հայաստանում ժամանակակից ունկնդիրը սիրում է ժամանակակից կոմպոզիտորին: Դա այն հաջողությունն է, որին երկար տարիներ ուզում էինք հասնել»:

Ի դեպ, այս  համերգի՝ «Սիմֆոնիկ Մանսուրյանի»  մասին տեղյակ են եղել անգամ  քրեակատարողական հիմնարկներում;

«Մանսուրյանին գիտեն ամեն տեղ, շատ մարդիկ լսել էին այս ծրագրի մասին, բայց չգիտեին, որ ես եմ, քանի որ միշտ մեջքով եմ լինում մարդկանց, բայց մարդիկ նաև իմ դեմքն իմացան», — պատմեց մաեստրո Սմբատյանը:

Արդեն խոսելով  Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի՝  2024 թ–ի ծրագրերի մասին,  ասաց․

«2023-ը, ինչպես տեսաք, խայտաբղետ տարի էր գեղարվեստականորեն ու ոչ միայն գործունեության առումով։ 2024 թ․ ունենք շատ կարևոր հյուրախաղեր, ներկայացնելու ենք հայկական երաժշտությունը, ինչը հնարավորություն է, որ մարդիկ ծանոթանան հայ սիմֆոնիկ արվեստին, իմանան, թե սիմֆոնիկ երաժշտությունն ինչպես ենք պատկերացնում: Մենք ունենք կարեւոր սոցիալական պարտավորություններ ու նախաձեռնություններ եւս, որոնք, հույս ունենք, որ կհաջողեն 2024-ին»:

Back to top button