Երաժշտական եռանկյունի

Անդրե Սիմոնյան՝ երգահան և պրոդյուսեր. «Երաժշտական եռանկյունի»

Անդրե Սիմոնյանը ճանաչված երգահան և պրոդյուսեր է, ով ծնվելով Իրանի Թավրիզ քաղաքում և ավարտելով Ասադի հայկական դպրոցը՝ 1996 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, ուր սովորել է «Համերսմիթ և Վեսթ Լոնդոն» քոլեջում՝ երաժշտություն և մեդիա: Այնուհետև շարունակել է ուսումը Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով բարձրագույն վկայական՝ որպես անգլերենի մասնագետ:

«Պատկերացրեք, որ չնայած քոլեջում ստացած մասնագիտությունս անմիջապես առնչվում էր երաժշտության հետ, բայց առաջին դրսևորումները որպես երաժիշտ-կատարող ունեցել եմ որպես թմբկահար՝ համատեղելով  բրիտանական տարբեր խմբերում իմ աշխատանքը որպես թմբկահար՝ Լոնդոնի ձայնագրման ստուդիաներից մեկում աշխատանքի հետ: Հենց այդ շրջանում 2004 թվականին Լոնդոնում արեցի առաջին քայլերս որպես երգահան և կատարող՝ ստեղծելով «Դը Բյութիֆայդ փրոջեքթ» նախագիծը»,-ասում է Անդրե Սիմոնյանը:

2006 թվականին Անդրե Սիմոնյանը որոշում է կայացնում տեղափոխվել Հայաստան՝ այստեղ գտնելով համախոհ երաժիշտների, և իր երաժշտական նախագիծը ստանում է երկրորդ՝ հայաստանյան շունչը:

«Դը Բյութիֆայդ փրոջեքթ» խմբի գործունեությունը շնորհիվ Անդրե Սիմոնյանի ոչ միայն ստեղծագործական, այլ նաև կազմակերպչական, մասնագիտական հմտությունների, առանձնանում է մնացած բոլոր խմբերից իր ծրագրային և կազմակերպչական հստակությամբ, հետևողականությամբ և բարձր մակարդակով: Այստեղ նշանակություն ունի ոչ միայն երգացանկ ստեղծելը, համերգային ընթացք կազմակերպելը, այլ նաև ճիշտ ժամանակացույցով յուրաքանչյուր ձայնագրված երգն ու տեսահոլովակը ներկայացնելը հանրությանը, գրագետ օգտագգործել հանրահռչակման բոլոր հնարավորությունները՝ ազդագրերից մինչև ձայնասկավառակների ձևավորումն ու հրատարակումը:

Սրան զուգահեռ 2009 թվականից Անդրե Սիմոնյանը որպես պրոդյուսեր աշխատում է «Հայ սուպեր սթար» նախագծում, որի նպատակն է եղել ի հայտ բերել շնորհալի երիտասարդ երգիչների: Այս դեպքում նույնպես նախաձեռնության հաջողության մեծ բաժինը պայմանավորված է եղել Անդրե Սիմոնյանի «Արևմտյան» աշխատելաոճին տիրապետելու և արհեստավարժության հանգամանքով:

2010 թվականաին նախագիծը մուտք է գործում «Էմ թի վի» ամերիկյան երաժշտական ալիք՝ լինելով առաջին հայկական խումբը, որը ներկայացվեց նման մակարդակի համաշխարհային մեդիա դաշտում: Խումբը նաև իր մասնակցությունն է բերել մի շաք ռոք փառատոների Երևանում և արտերկրում, 2011 և 2013 թթ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին:

Այդ շրջանից էլ սկսվում է խմբի համաշխարհային ճանաչումը: Խումբը հրավիրվում է համերգների, հանդես է գալիս համերգային շրջագայություններով Վրաստանում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և Գերմանիայի դաշնությունում: Նման ակտիվ գործունեությունը աննկատ չի մնում, և «ԲԻ Բի Սի» ընկերությունն առաջարկում է վավերագրական ֆիլմ նկարահանել խմբի գործունեության մասին:

Անդրե Սիմոնյանը նպատակ էր դրել ստեղծել անգլիալեզու մի նախագիծ, որը կընդունվեր և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս՝ անշուշտ հասնելով նպատակին: Այս շրջանում երաժիշտը զբաղված է նախագծի 20-ամյակը նշելու և այլ երաժշտական նախագծերը կյանքի կոչելու ծրագրերով:

Back to top button