
Երևանում գործում է «հակասրճարան», որտեղ հավաքվում են բիզնեսի մասին պատմող գրքերով հետաքրքրվողներն ու նման գրքեր գրողները։ «Հակասրճարանն» ըստ էության գրախանութ է, ուր կարելի է ծանոթանալ ոչ միայն գրքերի բովանդակությանը, այլև դրանց ստեղծման հետ կապված պատմություններին։
«Անկախ նրանից՝ հողագործ ես, թե Միացյալ Նահանգների նախագահ, քո օրը միևնույն է, բաղկացած է 24 ժամից»։
Մեջբերումը համաշխարհային բեսթսելեր դարձած գրքից է, որի հայերեն թարգմանությունը ներկայացնելու իրավունքը ձեռք է բերվել ընկերական ջանքերի շնորհիվ։ Բեսթսելերը, ասել է թե «գերվաճառք» ունեցող գիրքը Հայաստանում սպասում է տպագրատան հաստոցից իջնելու իր հերթին։ Ընթերցողին այն հասանելի կդառնա մարտ ամսից։
Գործը հեղինակած ընկերներին կապում են բիզնես-մոտիվացիոն թեմաները։ Նրանցից մի քանիսը նաև այդ ուղղվածությամբ հայերեն գրքերի հեղինակ են։
Հայկական բիզնես տիրույթի տրամադրությունները շոշափելու, համաշխարհային բիզնեսի օգտակար միտումները որսալու համար խումբը հավաքվում է «Ֆրենդս հաուս» հակասրճարանում։ Այդ «չսրճարանի» հիմնադիրը արձակագիր Արմեն Նիազյանն է։
-Մեր հիմնական շեշտադրումը՝ որպեսզի մեր կազմակերպած միջոցառումներով կարողանանք հասարակության մեջ ինչ որ բան փոխել, կարևոր արժեքներ փոխանցել։
-Գրքերով լի դարակները վաճառքի համա՞ր են, թե՞ գրադարան է։
-Ե՛վ վաճառքի համար է՝ այստեղ առանձին գործում է «Գրքատուն» գրքախանութ-հրատարակչությունը, բայց նաև մեծ գրադարան ունենք, որտեղ մարդիկ կարող են գալ ընթերցել, ծանոթանալ գրքերի հետ, քանի որ գիրքը մեզ համար համարվում է առանցքային արժեք։

«Ժամանակը ոսկի է» հայկական ասացվածքը արձակագիրը վերածել է բիզնես գաղափարի։ Հակասրճարանում մարդիկ վճարում են միայն անցկացրած ժամանակի համար, իսկ սրճարանային հատվածից օգտվում անվճար։ Այն նաև քովորքինգային տիրույթ է՝ մտավոր աշխատանք կատարելու վայր, ուր մարդիկ կարող են այցելել իրենց գրասենյակի փոխարեն։
-Մեծ լսարան ունենք թրեյնինգների համար։ Կազմակերպում ենք նաև գրքերի շնորհանդեսներ։ Սրանք բաներ են, որոնք լրացուցիչ իրենց հետ բերում են այցելուներ։
-Գրքերի մասով ինչ ե՞ք առաջարկում գնորդներին՝ այն, ինչ որ պահանջված է՞։
-Ունենք ամեն ժանրի գրքեր՝ բոլոր հրատարակիչներից, բայց, քանի որ վերջին շրջանում ինքս էլ ավելի բիզնես, մոտիվացիոն գրականության մեջ եմ, առանձնացված հատված ունենք այդ գրականության, որոնց հեղինակները մեր ընկերներն են։ Դրանով մենք քաջալերում ենք և՛ ընթերցանությունը, և՛ մեր հայ ընթերցողին փորձում ենք ասել, որ կա հայկական բիզնես, մոտիվացիոն շատ լավ գրականություն, որն արժե կարդալ։
-Ո՞ւմ եք առաջարկում, եթե ես հետաքրքրված եմ հատկապես հայ գրողներով։
-Սկսեմ Սամվել Գևորգյանից՝ «Մեկ րոպե անց» և «Քո սեփական բիզնեսը» գրքերը։ Հաջորդը, որ խորհուրդ կտամ մեր հայ գրողներից, «100 և 101 բիզնես գաղտնիքներն է»՝ Վահագն Դիլբարյանի, շարքը կարելի է շարունակել Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը», Ավետիս Ավետիսյանի «Կատարողից ղեկավար» գրքով և էդպես շարունակ։
— Համարվում է, որ Արևմուտքն է թելադրողը բիզնես մշակույթի։ Ընտրո՞ւմ են մեր հայ գրողներին։
-Մեր գրողների գրքերը հայ երիտասարդի համար շատ ավելի կարևոր են, քան ամերիկյան շատ հայտնի և «փիառված» գրքեր։ Որովհետև այդ գիրքը գրողը նախ կարդացել է այդ նույն «փիառված» գրքերը, պատկերացում ունի ինչ է կատարվում աշխարհում, բայց, նաև շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Գրադարակների պարունակությունը ստուգելիս, նկատում եմ արտասահմանում հաջողության հասած հայի կենսագրականին։ Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի հայերեն թարգմանության հեղինակային իրավունքները հաջողել է ձեռք բերել հակասրճարանում հավաքվող ընկերախմբի անդամներից մեկը՝ աուդիոգրքերի «Կարապ» հավելվածի համահիմնադիր Շավարշ Կարապետյանը։

«Երբ որ իմացանք գրքի մասին, 1 օր էր, որ լույս էր տեսել Ամերիկայում։ Իհարկե, շատերը կցանկանային այդ գրքի հեղինակային իրավունքները ձեռք բերել, որովհետև, կարծում եմ, ամենաշատ վաճառված կենսագրական գիրքն է Հայաստանում։ Ստացվեց, հրատարակեցինք»։
Հեղինակային իրավունքի ձեռք բերման առումով զրուցակցիս վերջին հաջողությունն էլ կապված է հենց այն գրքի հետ, որի առաջխաղացումը նախատեսում են կատարել ընկերներով։
Աշխարհում ավելի քան 1 մլն օրինակով վաճառված գրքի հեղինակը երիտասարդ բիզնեսմեն է, որը գրքում ներկայացնում է իր կյանքի փորձը։ Պատմում է՝ ինչպես է 19 տարեկանում լինելով լիովին անհայտ մեկը, ու նաև չլինելով լրագրող, որոշում, որ պետք է հարցազրույցներ վերցնի աշխարհում հայտնի և հաջողակ մարդկանցից։ Գրքի վերնագիրը «3-րդ դուռ է»՝ 2 անհաջող դռներ բացելուց հետո «չսպասվածը» գտնելու մասին։
«Բանայան, ես մտածում էի, որ հայ է, իսկ եթե դրսում ունենք հայեր, որոնք որևէ մեծ հաջողություն են ունենում, դա արդեն հետաքրքիր է։ Երևի դա էր ամենամեծ պատճառներից մեկը, բայց, երբ որ կարդացի գիրքը, արդեն նշանակություն չուներ Ալեքս Բանայանը հայ է, թե ոչ։ Հետո իհարկե իմացանք, որ նրա ընտանիքը Իրանից է գաղթել Ամերիկա և Իրանի հրեաներ են։ Երբ իր հետ խոսում էի, ասեցի, որ մենք էստեղ ասելու ենք, որ դու հայ ես, իհարկե կատակով, նա էլ ասեց՝ ոչ մարդկանց պետք չէ խաբել։ Վերցրեցինք իրավունքները։ Գիրքն ամբողջովին դռներ բացելու, չհանձնվելու, դռները կոտրելու, կամքի ուժի, կարգապահության մասին է»։
Տեխնո աշխարհի հայտնի գործարար Բիլ Գեյթսը, ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը, և շատ այլ հայտնիներ, ի վերջո հարցազրույց են տվել գրքի «ոչ լրագրող» հեղինակին։ Ամենածանր դեպքը, երբ Բանայանն անընդհատ մերժում է ստացել, ու՞մ հետ է կապված՝ հարցնում եմ զրուցակցիս։
«Ուրեն Բաֆեթի հետ է կապված, /հայտնի ներդրող, այնքան դիպուկ կանխատեսումներ է արել, որ գուշակը Օմահայից մականունն է ստացել,-հեղինակ/։ Վերջին 30 տարում աշխարհում եղել է ամենահարուստ մարդկանցից մեկը։ Եվ 10-յակ փորձեր է անում , որպեսզի կարողանա Ուրեն Բաֆեթին հանդիպել, բոլորն անհաջող, մինչև որ…»:
«Մինչև որ»-ից հետո արդեն սկսվում է գրքի գրավչությունը։ Առաջխաղացմամբ զբաղվողները խոստանում են՝ մարտին շնորհանդեսից հետո Հայաստան կայցելի նաև գիրքը գրողը՝ «Ֆորբս» ամսագրի վարկածով «ամենաերիտասարդ բեսթսելերի հեղինակը»։




