ԿարևորՏնտեսական

№4․ Պատմի՛ր ՊԵԿ-ին․ պարտադիր ինքնախոստովանություն եկամուտների մասին

«Մեծ եղբայրը կհետևի մեզ»․ սա եկամուտների մասին հարկային մարմնին պատմելու նախաձեռնությունն առաջարկողների հետ չհամաձայնողների հիմնական մտահոգություններից մեկն էր։ Երկարատև քննարկումները քննադատության էին վերածվում, ընդդիմախոսները փորձում էին հեռացնել պետության խոշորացույցը քաղաքացու գրպանից։ Օրենքը, սակայն, ուժի մեջ մտավ և այս տարի արդեն կպարտավորեցնի առաջին խումբ մարդկանց ՊԵկ-ին եկամուտների մասին տվյալներ հայտնել։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը սա տնտեսական արդարությունը վերականգնող քայլ է համարում։

«Մեծ եղբայրը վաղուց է հետևում բոլորիս։ Հարկեր վճարել պարտավոր են բոլորը, դա պետության հիմնարար գաղափարներից է, պետությունը իր գործառույթները կատարում է հավաքագրվող հարկերի հիման վրա, իսկ հարկային համակարգը պետք է արդարության սկզբունքի վրա հիմնված լինի։ Եթե մարդը վարձու աշխատող է, ու իր գործատուն հաշվարկում ու վճարում է եկամտահարկը, մեկ այլ անձ, ով այլ եկամուտ է ստանում ու հնարավորություն է ունենում դա չարձանագրել, չվճարել, արդարության սկզբունքը խաթարվում է»։

Քթոյանը քաղաքացիների եկամուտների շարժը տեսնելու մեջ որևէ խնդիր չի տեսնում․հարկ վճարողներն այսօր էլ այդ շարժը ցույց են տալիս պետությանը և չեն անհանգստանում։ Անհանգստացողները նրանք են, ովքեր թաքցնելու բան ունեն՝ կարծում է։ Մյուս կողմից էլ սա օրենքին ենթարկվող քաղաքացուն հնարավորություն է տալիս պետությունից ավելի խիստ պահանջել` պատասխանատվության կանչել օրենքին չենթարկվող քաղաքացուն։

«Մենք տեսնում ենք, որ ինչ-որ չինովնիկ երթևեկում է թանկարժեք մեքենայով կամ բնակվում է թանկարժեք առանձնատանը։ Երբ համապատասխան մարմինները իրեն հարցնում են՝ դա քեզ որտեղից, ասում է՝ ստացել եմ նվիրատվություն էսինչ անձից, և հարցը դրանով փակվում է։ Այդ նվիրատվության հետևից գնալու գործիքակազմ պետությունն այսօր չունի»։

Անկախ քննարկումների ընթացքից, օրենքն արդեն ընդունված է։ Պետությունը գիտի, որ առաջին խումբը՝ պետական և համայնաքային ծառայողները, 1 միլիարդ դրամի շրջանառություն ունեցող ընկերությունները այս տարի արդեն ներկայացնելու է հայտարարագրերը։ Դա անելու համակարգը, սակայն, դեռ պատրաստ չէ։ ՊԵԿ-ից խոստանում են՝ պետք կլինի սպասել մինչև մարտ։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյան․

«Մշակվում է ինչպես վեբ տարբերակ, այնպես էլ բջջային հավելված։ Վեբ տարբերակը պատրաստ կլինի մարտ ամսին, և փոքր-ինչ ավելի ուշ պատրաստ կլինի նաև մոբայլ տարբերակը։ Այն լինելու է շատ պարզ և հասկանալի, որ ցանկացած քաղաքացի կարողանա հեշտ օգտվելով լրացնել ու հանձնել այդ հայտարագիրը։ Ավելացնեմ, որ հարկային մարմնին հայտնի բոլոր եկամուտները, որ մեր էլեկտրոնային բազայում առկա են, նախալրացվելու են։ Այսինքն՝ եթե, օրինակ, մարդը աշխատում է բացառապես ընկերություններում, ունի հարկային գործակալ, ով իր փոխարեն վճարում է հարկերը, չունի կողմնակի եկամուտ, այդ մարդկանց համար տևելու է մի քանի րոպե՝ մուտք գործել համակարգ, եթե չունի ՀՎՀ, ավտոմատ ստանալ այն, ստուգել իր հայտարարագիրը, էլեկտրոնային ձևով ստորագրել ու ներկայացնել»։

Այժմ աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու գործընթացը ավելի հեշտ ու հասանելի դարձնելու ուղղությամբ։ Արդյո՞ք պետությունն այս քայլերից հետո ամբողջապես պատրաստ կլինի ընդունելու քաղաքացիների հայտարարագրերը։ ՊԵԿ նապագահ Ռուստամ Բադասյանն ասում է՝ պատրաստված են, բայց ոչ երաշխավորված․

«Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ լավ ենք պատրաստվում, ներդրման առաջին տարում առնվազն լինում են որոշակի խնդիրներ։ Հարցն այն է՝ ինչքան լավ ենք պատրաստվել մենք ու ինչ արագությամբ ենք արձագանքելու այդ խնդիրներին, և առաջին տարվա հայտարարատուների շրջանակն էլ, եթե նայենք՝ կհասկանաք, որ էն մարդիկ են, ովքեր հայտարարագրման հետ կապված որոշակի փորձ ունեն, ու պատահական չի, որ հենց այդ շրջանակն է ընտրված»։

Հաջորդիվ շրջանակը կլայնվի՝ սկզբում ընդգրկելով ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիներին, հետո՝ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Այսպես, ըստ համակարգի նպատակադրումների, հնարավոր կլինի որոշակիորեն կանխել կոռուպցիան, բացահայտել ստվերային գործունեություն ծավալողներին, հնարավորություն տալ պետությանը աջակցության ծրագրերն իրականացնել առավել թիրախային։

Կարդացեք նաև

Back to top button