
Արմավիրում շատացել են թափառող կենդանիները: Բազմացման պատճառներից մեկը չստերջացված շներն են: Անցած տարի Արմավիրի համայնքապետարանը բյուջեով 2 մլն դրամ էր նախատեսել շների ստերջացման նպատակով, սակայն հայտարարված մրցույթում հայտատու չի եղել: 2024թ բյուջեով նույնպես 2 մլն դրամ է հատկացվել, և հունվարին հայտարարվելու է ստերջացման ծառայության գնման ևս մեկ մրցույթ:
Արմավիրի մարզում թափառող շներն ամենուր են՝ փողոցներում, բակերում աղբամանների շրջակայքում, որոնց թիվը շարունակ ավելանում է: Քաղաքացիներն ասում են՝ գիշեր թե ցերեկ, պաշտպանված չեն շների հարձակումից։
«Ես առավոտ շուտ եմ գնում գործի, տեսել եմ, թե ոնց են շները հարձակվում առավոտյան փողոցը մաքրող հավաքարարի վրա: Ժամը 8-ից հետո չենք կարողանում փողոց դուրս գալ, հատկապես եթե այդ հատվածում աղբարկղներ կան: Բոլոր շներն այդտեղ են: Մենք փողոցը շրջանցում ենք, որպեսզի կարողանանք անցնենք»:
Թափառող կենդանիներից պաշտպանված չեն ոչ միայն առավոտյան դպրոց գնացող, այլ նաև ցերեկային ժամերին ծնողների հետ զբոսնող երեխաները: Զայրացած ծնողը պատմում է, թե ինչպես են քաղաքի զբոսայգում շները հարձակվել մանկական ինքնագլորով շարժվող 4-ամյա որդու վրա:


«Այգու միջով քայլում էինք, երեխան ինձնից մի 4մ առաջ էր, ճանապարհի երկու կողմերը թփեր են: Այդ թերի ետևում կամ թփերի տակ երբեմն շներն աննկատ են մնում, երբ երեխան ինքնագլորով անցնում էր, շները հարձակվեցին նրա վրա, երեք շուն էր: Երեխան վախից ավելի արագ շարժվեց ու ընկավ մայթեզրից ներքև: Ես վազեցի ու կանխեցի շների հարձակումը»:
Հայրն ասում է, որ շների հաչոցից տարածքում միանգամից մոտ 10 շուն է հայտնվել: Թափառող կենդանիները սովորաբար հաստատվում են այն վայրերում, որտեղ նրանց կերակրում են կամ որտեղ հնարավոր է սնունդ հայթայթել: Շները հիմնականում աղբամանների, սննդի կետերի, հացի արտադրամասերի մոտ են: Ագրեսիվ են դառնում հատկապես երեկոյան ժամերին։
«Երեկոյան ժամը 8-ի կողմերն էր, դուրս եկա, որ խանութ գնամ, շենքի շրջակայքում գրեթե 7-8 շուն գալիս ու շրջապատում է քեզ, ու չգիտես, թե ինչ անես, շատ անպաշտպան ես զգում քեզ ու վախենում ես: Եվ եթե հանկարծ համարձակվես տանես աղբը թափես, ապա նույն ոհմակը կարող է անգամ հարձակվել ու աղբը ձեռքիցդ խլել»:
Այսօրինակ պատմությունները շատ են, զրուցակիցներս պնդում են, որ ցերեկն էլ են վախով քայլում, քանի որ փողոցներում շատ են թափառող կենդանիները: Սակայն կենդանասերներն այլ կարծիքի են. նշում են, որ շները խնամքի ու փաղաքշանքի կարիք ունեն:


«Անցնում էի, սիրեցի, ասի հարակից սննդի կետից մի բան տան, կերակրեմ, ասացին՝ կերած-խմած է: Թափառող կենդանիները վտանգ չեն ներկայացնում, նրանց պետք է կերակրել: Եթե դուք շնից չվախենաք ու չվազեք, ձեր հետևից չի ընկնի: Շներն ուզում են, որ մարդն իրենց սիրի ու կերակրի»:
Զրուցակիցս պատմում է, որ 2 տարի առաջ փողոցից մի վիրավոր շուն է վերցրել ու մինչև օրս զբաղվում է նրա խնամքով:
«Իմ շունը տանն է, իրեն այնքան էին նեղացրել, ձագ էր ու այնքան վախեցած, որ ուզում էինք կերակրել, փախնում էր: Մի գիշեր բերեցի մեր տանը պահեցի, լողացրի, մաքրեցի, և երբ առավոտյան տանում էի դուրս, չէր հեռանում: Մենք իրեն ստերջացրեցինք»:
Արմավիրի մարզում կենդանիների խնամքով զբաղվող հաստատություն չկա: Քաղաքացիների կարծիքով՝ այս հարցում իրենց անվտանգության երաշխավորը տեղական իշխանություններն են.
«Առավոտ շուտ, գիշերը, երեկոյան հնարավոր չէ հանգիստ ապրել: Մենք ուզում ենք մեր քաղաքում առանց հետ նայելու ու վախենալու քայլենք: Այն իշխանությունները, որոնց մենք ընտրել ենք, վստահել ենք, պետք է ապահովեն մեր ու մեր երեխաների անվտանգությունը»:
Արմավիրի համայնքապետարանի՝ թափառող կենդանիներին առնչվող միակ գործառույթը շների ստերջացումն է: Այդ նպատակով համայնքի ավագանու որոշմամբ բյուջեից հատկացվում է 2 մլն դրամ: Արմավիր համայնքի նախկին ղեկավար Դավիթ Խուդաթյան։


«Համայնքային միջոցներով նախատեսվում է միայն ստերջացման ծառայության գնում: Այդ նպատակով երեք անգամ մրցույթ ենք հայտարարել և երեք անգամն էլ մասնակից չի եղել: Եվս մի մրցույթ կհայտարարենք 2024թ հունվարին այն հույսով, որ մրցույթը կկայանա և հնարավորություն կունենանք այս ծառայության միջոցով բավականին մեծ քանակությամբ կենդանիներ ստերջացնել»:
Ստերջացումը չի կանխում կենդանիների հարձակումն ու կատաղությունը: Շները շարունակում են շատանալ, դրանց հետ մեկտեղ ավելանում են նաև մարդկանց վախերը: Իսկ Արմավիրի համայնքապետարանի օրակարգում թափառող կենդանիների կացարանի կառուցման հարց չկա, քանի որ այն սպասարկման մեծ ծախսեր է պահանջում: Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ համայնքի բյուջեի միջոցներն ուղղվում են այլ առաջնահերթությունների լուծմանը:




