Երաժշտական եռանկյունի

«Մարտին Ուլիխանյանի կինոերաժշտությունը». «Երաժշտական եռանկյունի»

Կոմպոզիտոր, կլարնետահար Մարտին Ուլիխանյանը տարբեր առիթներով հյուրընկալվել է «Երաժշտական եռանկյունու» տաղավարում, քանի որ նրա ստեղծագործական ոլորտները բազմաթիվ և բազմաբնույթ են։ Բայց կա մի բնագավառ, որին պետք է անդրադառնանք առաջին անգամ։ Դա նրա՝ կինոյի համար գրված երաժշտությունն է։

«Մինչ ԱՄՆ մեկնելը ես զբաղվում էի ակադեմիական երաժշտությամբ՝ ստեղծագործում էի տարբեր ժանրերում, գրում երաժշտություն և նվագում կլարնետ, համարյա տասը տարի աշխատել եմ ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Եղբորս՝ Վարդանի հետ հիմնել էինք «Ուլիխանյան Ակումբը։ Բայց ինչ–որ պահի զգացի անհրաժեշտություն կտրուկ փոխելու կյանքիս ընթացքը և ընդունվելու հայտ ներկայացրեցի Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիա, հանձնեցի անհրաժեշտ քննությունները և մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ շարունակելու ուսումս», – ասում է կոմպոզիտորը։

Հենց այդ քայլով էլ պայմանավորվեց Մարտին Ուլիխանյանի մուտքը կինոյի ոլորտ, քանի որ ընդունելության համար ներկայացված աշխատանքը կարճամետրաժ կինոնկար էր, որը նկարահանել էր հենց ինքը՝ Մարտինը, ինչպես նաև գրել երաժշտությունը։

Կոմպոզիտորի ճանապարհը կինոերաժշտության ոլորտում կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝ ամերիկյան և հայկական։ ԱՄՆ-ում նա սովորեց Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում և Լոս Անջելեսի համալսարանում և միաժամանակ արդյունավետորեն համագործակցեց ամերիկացի երիտասարդ կինոռեժիսորների հետ՝ գրելով երաժշտություն հիմնականում փորձարարական կարճամետրաժ ֆիլմերի համար։

Դա մեծ փորձառություն էր երաժշտի համար, որը նրան ճանաչում բերեց, որպես կոմպոզիտորի: Մարտինը աշխատեց տարբեր ստուդիաներում, տարբեր մասնագիտական մակարդակի արվեստագետների հետ, ծանոթացավ ներքին ստեղծագործական «խոհանոցին»։

Այդ շրջանում նաև գրում էր երաժշտություն անիմացիոն ֆիլմերի և կոմպյուտերային խաղերի համար։ Բայց ամենաթանկ փորձը ձեռք բերեց՝ աշխատելով և գործնական գիտելիքներ ձեռք բերելով Հոլիվուդյան հանրահայտ ստուդիաներում, շփվելով ոլորտի նշանավոր կոմպոզիտորների և պրոդյուսերների հետ։

Այս շրջանին հաջորդող «հայկական» շրջանը նշանավորվեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ և բազմաթիվ հրավերներով՝ գրելու երաժշտություն հայկական կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի համար։ Կոմպոզիտորը առանձնացնում է իր համագործակցությունը Արտյոմ Բարխուդարի, Արսեն Աղաջանյանի և Միքայել Պողոսյանի հետ։ Այս ռեժիսորների՝ ժանրային առումով տարբեր ֆիլմերում նա հանդես է եկել թե՛ որպես գործիքավորող, թե՛ որպես ստեղծագործող։

Հայկական կինոն չունի արտադրական հզորություններ, շատ քիչ են նկարահանվող ֆիլմերը և յուրաքանչյուր առիթ հրավիրվելու և երաժշտություն ստեղծելու համար, թանկ է ցանկացած կոմպոզիտորի համար։ Մարտին Ուլիխանյանի տարիների ընթացքում դրսևորել է իրեն որպես հմուտ կոմպոզիտոր, բազմաթիվ ժանրերին տիրապետող երաժիշտ և, ինչը շատ կարևոր է, շատ արագ աշխատող պրոֆեսիոնալ։

Կարդացեք նաև

Back to top button