Երաժշտական եռանկյունի

Դիրիժոր, խմբավար, մանկավարժ և տնօրեն Մամիկոն Անդրեասյան. «Երաժշտական եռանկյունի»

Մեր հանդիպման բուն առիթը հանդիսացավ վերջերս Բոստոնի հայկական թանգարանի երաժշտական ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցեցին Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի երեք մանկական կոլեկտիվներ՝ երգչախումբ, կամերային նվագախումբ և ժող.գործիքների նվագախումբ: «Սա, անշուշտ, դպրոցի բազմամյա նպատակային և սկզբունքային մանկավարժական քաղաքականության և ստեղծագործական արդյունքներ հանրագումարն է՝ արված ամենաբարձր ձայնագրման մակարդակով, ինչը հնարավոր դարձավ իրագործել Հանրային ռադիոյի լեգենդար վեցերորդ տաղավարում: Բոստոնի հայկական թանգարանը նաև կազմակերպել էր պրոֆեսիոնալ նկարահանում, որը և հեռարձակվեց թանգարանի կայքում և հասանելի դարձավ բազմաթիվ մեդիա հարթակներում»,-ասում է դպրոցի նորանշանակ տնօրեն, դիրիժոր և խմբավար Մամիկոն Անդրեասյանը:

Մամիկոն Անդրեասյանը 2000 թվականին ավարտելով երաժշտական դպրոցը՝ շարունակում է ուսումը Բաբաջանյանի անվանի մանկական, երաժշտամանկավարժական քոլեջի երգչախմբավարական բաժնում: Ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական կոնսերվաոտրիա՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճանը: 2007-ից սկսում է իր աշխատանքը որպես երգչախմբի և կոմպոզիցիայի ուսուցիչ՝ Տեր Ղևոնդյանի անվան մանկավարժական դպրոցում: Հետագայում ղեկավարում է բազմաթիվ երգչախմբեր, «Լուիզա» երաժշտական դպրոցի երգչախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդաց տան «Կանթեղ» երգչախումբը, ծառայում  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում որպես երգիչ, ինչպես նաև Երևանի կոմպոզիտորների միությանը կից «Գայանե» երգչախմբի ղեկավար:

2013-ից սկսում  է դասավանդել Բաբաջանյանի անվան պետական երաժշտա-մանկավարժական քոլեջում՝ իբրև երգչախմբավարական բաժնի մասնագիտական դասախոս և երգչախմբի ղեկավար: 2017-ից աշխատում է որպես Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի ղեկավար, ինչպես նաև Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի մանկավարժ: Որպես կատարող միջազգային մրցույթների առաջին կարգի դափնեկիր է և ոսկե մեդալակիր, նաև կազմել է մանկապատանեկան երգերի և խմբերգերի ձեռնարկներ, հրատարակել է մանկապատանեկան երգչախմբի համար գրված հեղինակային գիրքը:

Մամիկոն Անդրեասյանը մեծ նշանակություն է տալիս մանկավարժությանը, երաժշտական դպրոցում աշխատելու և պատանեկան կոլեկտիվների բարոյահոգեբանական հատուկ մթնոլորտին՝ համարելով, որ երաժշտական դպրոցը ձևավորում է ոչ միայն անհատի վերաբերմունքը դասական և ժողովրդական երաժշտությանը, այլ նաև կոլեկտիվի մեջ թիմային աշխատանքի հմտություններ է դաստիարակում: Երաժշտական դպրոցը ոչ միայն կրթական օջախ է, այն հասարակության մեջ մտնող երիտասարդ սերնդի գեղագիտական պատկերացումների և կայուն արժեհամակարգերի ստեղծող լծակ է:

Կարդացեք նաև

Back to top button