
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանում մեկնարկեց «Հավաքական ինքնապաշտպանություն. քաղաքական հիմնախնդիրներ և իրավական ասպեկտներ» երկօրյա միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են քաղաքագետներ, իրավաբաններ և փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Համաժողովի կազմակերպիչներն են Հավաքակասն անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ ինստիտուտը՝ պետական ճարտարագիտական համալսարանի մասնակցությամբ։
Հավաքակասն անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո անցկացվող երևանյան միջազգային համաժողովը թեպետ կրում է գիտագործնական բնույթ, այնուամենենայնիվ և հրատապ է՝ հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում նկատվող ակտիվ աշխարհաքաղաքական զարգացումները: Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը նկատեց, որ աշխարհի և մեր երկրի առջև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և սպառնանալիքներ։
Այս առումով անհանգստացնում է ոչ միայն ադրբեջանական իշխանությունների ռազմակատենչ հռետորաբանությունը և արկածախնդիր քայլերը, այլ նաև օրըստօրե խորացող ռազմական համագործակցությունը Անկարայի և Բաքվի միջև: Այս մարտահրվերներին դիմակայելու հարցում մեծ դեր կարող է խաղալ ՀԱՊԿ-ն, կարծում է Նվեր Թորոսյանը։
Մյուս կողմից կազմակերպության անդամ երկրները շատ հաճախ ղեկավարվում են սեփական քաղաքական շահերով և իրավական մոտեցումներով: Հենց այդ տարբերությունների հարթմանն է ուղղված այս համաժողովը, նշեց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը:
Համաժողովին մասնակցող ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիացիայի համակարգող, քաղաքագետ Իգոր Պանարինը հայտնեց, որ ժամանել է Երևան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ, որպեսզի ներկայացնի կազմակերպության դիրքորոշումը աշխարհաքաղաքական առկա զարգացումների շուրջ։ «Բոլորի համար ակնհայտ է, որ ի շարս ավանդական խնդիրների՝ այսօր հրատապ է դարձել տեղեկատվական անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ համացանցում: Բացի դրանից՝ մարտահրավեր են հանդիսանում լայնածավալ կիբեռգրոհները, որոնք հաճախակի բնույթ են կրում ամբողջ աշխարհում: Վերջին զարգացումները թե Ուկարաինայում, թե Մերձավոր Արևելքում բացահայտել են բլոգային ոլորտի և սոցիալական ցանցերում իրականացվող տեղեկատվական սադրանքները ապակայանունացնում են ներքաղաքական իրավիճակը այս կամ այն երկրում»,- ասաց նա։
Ռուս քաղաքագետը կարևորեց երիտասարդության մասնակցությունը տարբեր ոլորտներում անվտանգության ապահովման գործում: Այս առումով երևանյան համաժողովը ևս մեկ կարևոր քայլ է:




