
Երևանի ժամանակով կեսօրից հետո են Սանկտ Պետերբուրգում սկսվել ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովի աշխատանքները։ Տարեվերջյան ավանդական հանդիպումը տեղի է ունենում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ։ Վլադիմիր Պուտինը «նեղ և ընկերական կազմով» շփումներ կազմակերպելու և առկա հարցերն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու կողմնակից է։
Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգ է հրավիրել գործընկերներին Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։ Դե յուրե ԱՊՀ-ի կազմում 11 երկրներ են, դե ֆակտո՝ 9-ը։ Ուկրաինան և Մոլդովան փաստացի ներգրավված չեն կառույցի աշխատանքներում։
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը Սանկտ Պետերբուրգում սկսվեց ոչ թե աշխատանքային սեղանի շուրջ, այլ՝ քաղաքի պալատի և զբոսայգու համալիրներում շրջայցով։ Պավլովսկում բոլոր հյուրերին դիմավորեց երգչախումբը Սուրբ Ծննդյան երգերով։
Պալատում շրջայցից հետո՝ դահլիճներից մեկում ԱՊՀ երկրների ղեկավարների համար համար տրվեց փոքրիկ համերգ՝ դասական երաժշտություն և ռոմանսներ։ Շփումների այս փուլում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ճանապարհները չխաչվեցին։ Ադրբեջանի և Բելառուսի նախագահները բաց են թողել հանդիպումների առաջին հատվածը, քանի որ այդ ժամանակ երկկողմ հանդիպում էին անցկացնում։
ԱՊՀ երկրների ղեկավարների հիմնական հանդիպումները Ցարսկոյե Սելոյում և Պետերհոֆում էին։
Այս տարի Հայաստանը մի քանի անգամ մերժել է ռուսական հարթակում տարբեր միջոցառումներին մասնակցելու հրավերը։ Վերջինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն էր, որին դեկտեմբերին չմեկնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տարեվերջյան հանդիպումները, սակայն, հայկական կողմը բաց չթողեց։ Քաղաքագետ Սարո Սարոյանը տևական մերժումներից հետո Հայաստանի մասնակցությունը սանկտպետերբուրգյան հանդիպումներին սպասելի որոշում է համարում։ Կարծում է՝ համապարփակ մերժման ն նպատակ հայկական կողմը չի հետապնդել։
Սանկտ Պետերբուրգի հարթակը ռուսական կողմը դիտարկում է որպես ոչ պաշտոնական պայմաններում շփվելու միջոց։ Պաշտոնական Կրեմլը այդպես էլ փոխանցում է, որ միջանցքներում և կուլուարներում լավ շփվելու հնարավորություն կունենան Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանից հրապարակվող տեսանյութերը ֆիքսում են, որ ոչ ֆորմալ շփման առաջին հնարավորությունը Փաշինյանն ու Պուտինը օգտագործել են հենց թանգարան-արգելոցում շրջայցի ընթացքում։ Կադրերում երևում է, որ Պավլովսկում շրջագայության ժամանակ Պուտինն ու Փաշինյանը փոքր-ինչ հեռու են կանգնած մյուս առաջնորդներից ու աշխույժ զրուցում են։
Հայաստանի և ռուսաստանի առաջնորդները քննարկման մեծ օրակարգ ունեն՝ կարծում է քաղաքագետ Սարո Սարոյանը։
«Հայ-ռուսական հարաբերություններ, Արցախի խնդիր, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, տարածաշրջանային զարգացումներ կապված «Զանգեզուրի միջանցքի», կոմունիկացիաների բացման, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններ և այլն։ Եվ քանի որ Ռուսաստանը առանց արևմուտքի հետ իր խթին հարցերը պարզաբանելու և իր շահային տիրույթում արծածելու չի կարող՝ նաև ինչ-որ չափով Հայաստան-Արևմուտք հարաբերություններ»։
Վերլուծաբաններից շատերը նշում են, որ այս առիթը Պուտինն օգտագործելու է որոշ հարցերում հայկական կողմից հստակ պատասխաններ ստանալու համար։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություններին, ապա Սանկտ Պետերբուրգում այդպիսի ծրագրեր չկան՝ նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ նշելով, որ գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել։

Թեև նախօրեին Սանկտ Պետերբուրգում զուտ տնտեսական հանդիպում էր՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կազմով, բայց այդ ընթացքում Հայաստանի վարչապետն արդեն ակնարկել է քաղաքական որոշ խնդիրները։
«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի»։
ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական ամենամեծ աճն այս տարի ունեցել է Հայաստանը։ Բայց Հայաստանի վարչապետը նշում է՝ կառույցի ներսում չլուծված են մնում մի շարք խնդիրներ։ Հայաստանի գործարարները թերևս կարող են հիշել վերջերս Լարսի անցակետում առաջացած խնդիրները։ Բայց Փաշինյանը շեշտը դրել է էներգետիկ ոլորտի վրա։
«ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ, տեղին եմ համարում նշել անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։ Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով»։
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը ստանձնեց նախագահությունը կառույցում առաջիկա մեկ տարվա համար։ Ռուսաստանից Հայաստանին անցած նախագահությունը կսկսի գործել 2024-ի հունվարի 1-ից։ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում համընկել է կառույցի հոբելյանի հետ։ Հիմնադրման տասնամյակը, սակայն, մայիսին կնշվի Մոսկվայում։ Նեղ ձևաչափով շփումների ժամանակ առաջարկն արել է Հայաստանի վարչապետը և կողմերն ընդունել են այն։




