Երաժշտական եռանկյունի

Ջազային տարվա ամփոփում. Դավիթ Գյոդակյան. «Երաժշտական եռանկյունի»

Կոմպոզիտոր, բասկիթառահար, դիրիժոր Դավիթ Գյոդակյանը երաժշտական ընտանիքից է, որը հսկայական ավանդ ունի հայկական ժամանակակից երաժշտության և երաժշտագիտության ոլորտներում: «Շատ բնական կլիներ, որ Արմենյանների, Փահլևանյանների և Գյոդակյանների ժառանգորդը շարունակեր ընտանեկան ավանդույթը ակադեմիական երաժշտության կամ դասական երաժշտագիտության ոլորտներում, բայց ես նախընտրեցի ուրույն ճանապարհ, որն ինձ տարավ դեպի ջազ: Սկզբից շեղվեցի բաս կիթառի շնորհիվ, հետո նվագեցի  «Չիկո ենդ ֆրենդս»-ում, իսկ հիմա արդեն հաստատել եմ ինձ հայկական ջազի ասպարեզում՝ բազմաթիվ սեփական նախագծերով և ամենատարբեր այլ նախագծերի մասնակցությամբ»,-  խոստովանում է երաժիշտը:

Դեռևս 21 տարեկանում նա ստանձնեց Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի նվագախմբի ղեկավարի պաշտոնը, աշխատանքը տևեց մոտ տասը տարի, իսկ այսօր նա «Արմսթրոնգ փրոդաքշնի» երաժշտական տնօրենն է: Աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում, ինչպես նաև Հանրային ռադիոյի սիմֆոջազ նվագախմբի բաս կիթառահար: Դավիթ Գյոդակյանի երաժշտական գործունեությունը ինչ-որ իմաստով աննախադեպ է, որովհետև նա  հանդես է գալիս բազմաթիվ նվագախմբերում որպես բաս կիթառահար, հասցնում է կատարել գործիքավորումներ տարբեր նվագախմբերի համար, գրել օրիգինալ սեփական երաժշտություն, կատարել ձայնագրություններ և թողարկել ձայնասկավառակներ: 2023 թ. այդ աշխատանքների ամփոփման և արձանագրման կարիք ունի:

Ինչպես խոստովանում է երաժիշտը, «Բիթլզ» խմբի ստեղծագործությունը առանձնահատուկ տեղ է գրավում նրա երաժշտական մտահորիզոնը ձևավորելու գործում: Նա իր ընկերների հետ ստեղծել են «Բիթլզ ին ջազ» համերգային նախագիծը, ուր հանրաճանաչ քառյակի երգերը յուրովի մշակված ջազային երաժշտության հատուկ հնչեղությամբ ներկայացվեցին հանդիսատեսին: Այս ձևաչափն այնքան սիրվեց, որ դարձավ շարունակական և ամենատարբեր հարթակներից ներկայացվող: Նման հաջորդ նախագիծը վերաբերվում է բրազիլական երաժշտությանը, հատկապես Անտոնիո Կարլոս Ջոբիմի բոսանովա ժանրում ստեղծած երգերի ջազային մեկնությամբ:

Այս համերգային նախագիծն իրականացվել է «Դավիթ Գյոդակյան սեպտետի» ձևաչափով՝ դաշնամուր, կիթառ, բաս կիթառ, հարվածայիններ և փողայինների մասնակցությամբ: «Արմսթրոնգ Դիքսի» նվագախմբի համար Դավիթ Գյոդակյանը գործիքավորել է մի ամբողջական ծրագիր՝ բաղկացած Ռեյ Չարլզի ստեղծագործությունների մշակումներից:

Այնուամենայնիվ կոմպոզիտորը համարում է իր հիմնական գործառույթը սեփական ստեղծագործությունը հանրահռչակելու մեջ: «Դավիթ Գյոդակյան տրիոն»՝ դաշնակահար Կարեն Գրիգորյանի և հարվածային գործիքների վրա նվագող Հարութ Հարությունյանի մասնակցությամբ, ինչպես նաև «Ֆլեա Մարկետ» կվինտետը ստեղծված են երաժշտի սեփական ստեղծագործությունը ներկայացնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button