Խոշորացույց

Անկանխատեսելի ժամանակներ. նախկին նախարարը ներկա պարադոքսների մասին. «Խոշորացույց»

2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Հայաստանում գրեթե բոլորի համար անակնկալ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին։ Եվրաասոցացումից շատ կտրուկ ԵԱՏՄ-ի անցման տրամաբանական բացատրությունն այն էր, որ դա անհրաժեշտ է, քանի որ անդամակցում ենք ՀԱՊԿ-ին, որը մեր անվտանգության երաշխավորն էր։

2020 թվականից հետո մինչեւ այսօր բազմիցս ենք համոզվել, որ ՀԱՊԿ անվտանգության գոտին մեզ համար անվտանգ չէ, բայց շարունակում ենք անդամակցել այս կառույցին նախեւառաջ այն պատճառով, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք։

Ստացվում է, որ ԵԱՏՄ ստիպված մտանք, քանի որ ՀԱՊԿ անդամ ենք, ՀԱՊԿ-ում ստիպված մնում ենք, քանի որ ԵԱՏՄ-ում ենք։ Ինչպես հայկական ասացվածքն է ասում. «Երկու էրնեկ մի տեղ չի լինում»։

Արցախյան առաջին պատերազմը հասարակության մեծ մասը հիշում է ոչ թե հաղթանակով, այլ խավարով, ցրտով, հացի պակասով, այսօր պարտություններ են, երկիրը կանգնած է էքզիստենցիալ վտանգի առաջ, բայց տնտեսական լուրջ  աճ կա. ի՞նչ է սա, եթե պարադոքս չէ։

Հայաստանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը համաձայնում է, որ կան պարադոքսներ։ «Այսօր կանխատեսումն անշնորհակալ գործ է, դժվար է` պայմանավորված թե արտաքին քաղաքականությամբ, թե տարածաշրջանային հակամարտություններով, թե աշխարհաքաղաքական իրավիճակով»,- ասում է նա։

Տնտեսագետները կանխատեսում էին, որ ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կբերեն բյուջեի կրճատման, հետեւաբար առաջին հերթին կապիտալ ծախսերի կրճատման, իսկ հայերն այնտեղ շինարարության մեջ էին ներգրավված։ Բայց ոչ ոք չէր մտածում, որ պատժամիջոցներին կմիանա մասնավոր սեկտորը, 130 հազար ռուսաստանցի կգա Հայաստան։ Տնտեսագետը թվեր է մեջբերում. 2020-ի հունվարին Հայաստանի բանկերում կար ոչ ռեզիդենտի 10 հազար հաշիվ, իսկ մեկ տարի հետո այն դարձավ 100 հազար։ 90 հազարով ավելացած հաշիվը շատ մեծ գումար է, արձանագրում է Լեւոն Բարխուդարյանը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պարադոքսներն ու օրինաչափությունները Հայաստանում. այս թեմայի շուրջ է մեր զրույցը տնտեսագետ, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, Հայաստանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի հետ։

Back to top button