ԿարևորՄշակույթ

Հասարակությունն իր հարցերի պատասխանները պետք է ստանա թատրոնում․ Բարսեղ Թումանյան

Անվանի օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը ժամանակին երգիչ դառնալու մասին չի երազել․ ընդունվել է պոլիտեխնիկական համալսարան։ Ասում է՝ ճարտարապետ էր ուզում դառնալ, հետո հայտնվել է ռոք խմբում ու երաժշտական ուղին սկսել այդտեղից։

Մի քանի տասնամյակ եվրոպական երկրներում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Կանադայում, Չինաստանում աշխատելուց հետո Թումանյանը երեք տարի առաջ վերադարձավ Հայաստան։ Այստեղ նա նաև նոր սերնդի հետ է աշխատում։Երգիչն ասում է՝ երիտասարդների հետ նախընտրում է խոսել ոչ թե խիստ մասնագիտական թեմաներից կամ ուղղել նրանց երգեցողությունը, այլ փորձում է օգնել հասկանալու՝ ինչ դեր ունի արվեստը հայոց և համաշխարհայի պատմությունում․

«Այստեղ շատ կարևոր են մեծերը, որովհետև երիտասարդները չեն մեր ապագան, մենք ենք երիտասարդների ապագան, իսկ երիտասարդները իրենց երեխաների ապագան են, տանող ուժը սա է, նրանք ինչպես տեսնում են, թե ինչպես են մեծերը, սկսում են այդպիսին լինել։ Եթե նրանք կարողանան փոխել մեծերին շատ լավ կլինի, այսինքն նյութապաշտ չլինեն և ավելի բարոյական ու մշակութային արժեքներ ունենան։ Որովետև մենք այսօր տեսել ենք, որ միայն մենք չենք աշխարհում , նյութապաշտությունը սկսոււմ է խեղդել արդեն քաղաքակրթությանը։ Եվ Դա մեծ պայքար է, այսիքն ինքը մշակույթը, հոգևորը պետք է անպայման բալանսի մեջ լինի նյութականի հետ և պետք է գնահատված լինի»։

Թումանյանը Շարլ Ազնավուրի անվան քոլեջում էր։ Վարպետության դասը վերածվել էր պարզ բանաձևումներով խոսքուզրույցի։ Արտիստը երիտասարդներին բացատրում է՝ պարտադիր չէ, որ հասարակության մեծամասնությունը ընկալի և սիրի բարձրարվեստ մշակույթը, բայց պարտադիր է, որ միշտ ձևավորված էլիտա լինի, որը կներկայացնի բարձր արվեստը․

«Պետությունը պետք է այդ զարգացման մեջ լինի, դնի, և իրենք կսկսեն զարգանալ, ամեն մեկը թող իր ընտրությունը լինի, այլ ոչ թե ստիպողաբար։ Էս ա փող բերում, մենք դրա համար ունենք լիքը ռեստորաններ, ռեստորանային երգիչներ, որովհետև սա փող ա բերում, վազում են էնտեղ ստիպված։ Այլ խնդիր է, որ պետությունը, լինելով իր մշակութային հայրը, պետք է չսպասի, չակնկալի։ Այստեղ ամբողջ կեղտոտ պատմությունը սա է, որ արվեստը պետք է փող բերի, արվեստը չպետք է փող բերի, արվեստը բերում է քաղաքակրթություն, իսկ դուք փողը ինչպես ուզում եք աշխատեք»։

Մարդը թատրոնի դահլիճում, օպերայի բեմում պետք է գտնի իր ժամանակների կարևոր հարցերի պատասխանները, պետք է հասկանա՝ հանուն ինչի ապրել, ինքնամաքրվի ու գա իր սկզբնակետին՝ ասում է Բարսեղ Թումանյանը։ Սակայն նրա կարծիքով այսօր հայ բեմից ոչ միայն պատասխաններ չեն հնչում, այլև չկա որևէ ազգային բեմադրություն․

«Մեզ մոտ տեսեք այսօր չկա քաղաքականություն, որը պետք է լինի, այսօրվա հայը պետք իր պատասխանը ստանա օպերայում, «Արշակ Երկրորդը» պետք է նոր բեմադրություն արվի, «Դավիթ Բեկը» չկա, ազգային որևէ բան մենք չենք բեմադրել 3 տարվա ընթացքում, այսինքն ես, ինչ վերադարձել եմ, նայել եմ օպերային թատրոնի ռեպերտուարը, քաղաքականությունը, չկա հայկական խորքային որևէ բան։ Կարա լինի «Կարինեն», որովհետև ես տեսնում եմ՝ ինչպես կարող է լինի։ Մենք փայլուն կոմպոզիտորներ ունենք, բայց նրանք մահանում են իրենց առաջին սիմֆոնիան չլսած, ինչ մնաց՝ իններորդը լսեն»։

Օպերային երգիչը արտերկրում վարպետության բազմաթիվ դասեր է անցկացրել, իսկ սա նրա առաջին հանդիպումն էր Շարլ Ազնավուրի անվան Մշակությի և արվեստի պետական քոլեջում։ Ասում է՝ տարբերություններ չի զգում տարբեր մշակույթներ կրող երիտասարդների հետ աշխատելիս, բայց եվրոպացիներն, ի տարբերություն հայերի, ավելի լսող են․

«Իհարկե, եվրոպացիները ավելի լսող են, եթե մի տեղ են գնացել, ուրեմն լսում են մինչև վերջ։ Չեն ընտրում, արդեն եթե եկել են, ժամանակը օգտագործում են ի շահ իրենց, որովհետև դասը ստպողաբար չի լինում, ցանկալի պիտի լինի։ Եթե դու այսօր չցանկացար դա լսել, վաղը ոչ թե ուշ կլինի, այլ ժամանակ չի լինի»։

Քոլեջի ուսանողները ներկայացան ոչ միայն օպերային, այլև ազգային և ժամանակակից երգերով։ Թումանյանը բոլորին նույն խորհուրդը տվեց՝ հետևել ներքին զգացողությանը և երգել միայն այն, ինչը հոգեհարազատ է։

Կարդացեք նաև

Back to top button