Հաջողության նոտա

Մարքեթինգի հիմքում հաշվարկված էքսպերիմենտն է. «Հաջողության նոտա»

Մարքեթինգի ոլորտը հետաքրքիր և բարդ է․ պետք է զգալ սպառողի ռիթմը և կարողանալ ապրանքը ճիշտ փաթեթավորել` ասում է SAV հոլդինգի մարքեթինգի ղեկավար Յուրի Մինասյանը։ «Մարքեթինգը էքսպերիմենտ է, դու միշտ պետք է փորձես ու հետևես արդյունքներին։ Անհրաժեշտ է իմանալ այն ապրանքը, որը պետք է վաճառվի, հասկանալ սպառողի վարքագիծը», – ասում է Մինասյանը։ Մարքեթինգի մեջ կարևորում է մանրուքները․ այստեղ թվեր են և հաշվարկ, բայց կա նաև հույզ։ Ասում է՝ մաթեմատիկական մտածողությունն օգնում է կյանքում խնդիրների լուծման ճանապարհներ փնտրել և գտնել։

Մասնագիտությամբ տնտեսագետ–մաթեմատիկոսը խնդիրներ լուծելիս առաջնորդվում է հայտնի չինական ասացվածքով․ «եթե խնդիրը չունի լուծում, ուրեմն պետք չէ անհանգստանալ, և եթե խնդիրն ունի լուծում, ինչո՞ւ է պետք անհանգստանալ»։ Ուզում էր օդաչու դառնալ, բայց երազանքն ի չիք դարձավ, երբ իմացավ, որ տեսողության խնդիրը լուրջ խոչընդոտ է։ Պրակտիկ մտածողությունն է օգնել, որ այդ երազանքի բացը լրացնի շատ ճամփորդելով, նույնիսկ հայտնվելով օդաչուների խվիկում ու զգալով թռիչքի ամբողջ հմայքը։

Կարծում է՝ ճամփորդությունը կարևոր է մարդու առաջընթացի համար։ Նրա համար կարևոր է նաև սեփական անձի նկատմամբ հարգանքը։ «Չափավոր էգոիզմը պետք է դիտարկել նաև լավ տեսանկյունից, չպետք է լինել եսասեր, բայց մինչև ինքդ քեզ չսիրես ու չհարգես, ոչ ոք չի սիրի և չի հարգի»։

Back to top button