ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նալբանդյան-Գետաշեն ճանապարհի հիմնանորոգումը կկրճատի ժամանակն ու վառելիքի ծախսը

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Նալբանդյան-Գետաշեն ճանապարհի 4 կմ-ոց հատվածը, որը գրեթե 40 տարի չի հիմնանորոգվել: Չնայած հարթ տեղանքին՝ գյուղամիջյան ճանապարհներն  արդեն 10 տարի դժվարանցանելի են: Գյուղացիները Արմավիր հասնելու համար օգտվում են այլընտրանքային, կրկնակի երկար ճանապարհից: Նալբանդյան-Գետաշեն ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի մոտ երկու ամսից:

Եթե Արմավիրի ավտոկայանից մարզային երթուղային տրանսպորտով փորձեք գնալ Գետաշեն կամ Շենավան, ապա «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով տեղ կհասնեք շուրջ1 ժամում, հոգնած ու ծեծված մարմնով։ Մարզի տեղական նշանակության համայնքային ու միջհամայնքային անբարեկարգ ճանապարհներն անհնարին են դարձրել երթևեկությունը: Գետաշեն գյուղից Նալբանդյան ընկած 4 կմ-ոց ճանապարհահատվածն արդեն 10 տարուց ավելի դարձել է աներթևեկելի:

«Շատ վատ ճանապարհ էր, անցանելի չէր» «Ահավոր վատ էր, մեծ-մեծ փոսերով: Նալբանդյան գյուղից մինչև Գետաշեն հասնելու համար երկար ժամանակամիջոց է պահանջում: Եթե մեծ բեռնատարով էինք գնում՝ շուտ էինք հասնում, իսկ եթե մարդատար մեքենայով՝ 40 րոպեում: Բեռնատարով էինք գնում, որովհետև ճանապարհի փոսերը մեծ էին ու անձրևների ժամանակ անցնել չէր լինում, դժվարանցանելի էր: Ճանապարհի հիմնանորոգումից հետո առավելագույնը 10 րոպեում կհասնենք Գետաշեն»:

Այդ ճանապարհով ոչ տաքսիներն են անցնում, ոչ էլ շտապօգնության մեքենաները: Արմավիր հասնելու համար գետաշենցիները խնայում են մեքենաներն ու անխնա ծախսում վառելիքը՝ նախընտրելով այլընտրանքային երկար և  համեմատաբար բարվոք ճանապարհը: Նալբանդյան գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյան.

«Ընդհանրապես ժողովուրդը, կարծես թե,  Նալբանդյան-Գետաշեն ճանապարհը հանել էր երթուղուց. ոչ շուկա գնալու ճանապարհ էր, ոչ էլ հնարավոր էր մեքենայով անցնել, անհնարին էր երթևեկելը: Այլընտրանքային ճանապարհից էին օգտվում՝ Շենավան, Բերքաշատ, Հուշակերտ, Սարդարապատ ճանապարհով էին գնում, որը երկու անգամ երկար է»:

Նալբանդյան-Գետաշեն 4կմ ճանապարհը կառուցումից ի վեր չի հիմնանորոգվել: 2005թ-ին միայն փոսալցումներ են արվել ու մոռացել ճանապարհի թե՛ պահպանման, և թե՛ շահագործման մասին: Այն այս տարի պետական բյուջեի միջոցներով  վերակառուցվում է։ Աշխատանքները սկսել են ամռան վերջին՝ ասում է Ճանապարհաշինական ընկերության ղեկավար Ջիվան Թումոյանը

«Ճանապարհը 4կմ 135մ երկարություն ունի, որը շուրջ 28600քմ ասֆալտե ծածկութով է պատվելու: Նախատեսվում են երկկողմանի մայթեր, մոտ 1 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգեր՝ ջրահավաք վաքեր: Հիմա ասֆալտապատում ենք, գրեթե ամբողջ ճանապարհը բետոնով մշակել ենք, բետոնապատել՝ 20 սմ հաստությամբ՝ բացի 700 մետրից»:

Ճանապարհի մոտ 3.5 կմ հատվածը բետոնապատվել է, որպեսզի ավելի որակյալ ու դիմացկուն լինի: Բետոնի վրա երկշերտ ասֆալտ է լինելու: Ասֆալտի առաջին շերտի ծածկույթն արվել է: Աշխատանքները շարունակվում են: Գրիգոր Մկրտչյան.

«Ասֆալտի մի շերտը լրիվ արել, վերջացրել են, երկրորդ շերտն էլ Գետաշենից եկել են մինչև  մեր գյուղ: Եղանակը եթե չխանգարի, շուտ կավարտեն, մոտավորապես երկու ամսից, որովհետև աշխատանքը շատ է՝ կիսախողովակների շինարարությունը, մայթերի շինարարությունը, ահագին գործ է արվում»:

Բացի նշված ճանապարհից բարեկարգվելու են Նալբանդյան գյուղի կենտրոնում գտնվող հասարակական շինությունների բակերը, անվտանգ երթևեկության համար կառուցվելու է շրջանաձև անցում: Աշխատանքների վերջնաժամկետը փետրվարի սկիզբն է:

Արմավիրի մարզում պետական բյուջեի միջոցներով կառուցվում են նաև  Մ5 Երևան-Արմավիր ճանապարհի աջակողմյան ու ձախակողմյան  հատվածները, որն անցնում է Ակնալիճ գյուղի տարածքով: Ճանապարհաշինությունն  իրականացնում է   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Կարդացեք նաև

Back to top button