
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը։
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն ասել է, որ կարգավորումը պետությունների սահմանազատման հանձնաժողովների անդամներին պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու ու ստորագրելու, ինչպես նաև նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքների իրականացման միջոցով սահմանազատման ու սահմանագծման գործընթացների հնարավորություն է ընձեռնում, և ապահովում է դրանց իրավական ու տեխնկական ասպեկտները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։ «Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով»,– ասել է փոխվարչապետը, նշելով, որ այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ նման որոշում պետք է հաստատի նաև ադրբեջանական կողմը և, որ սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա։




