
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական մասնաճյուղը, ԵԳԱՄ համաեվրոպական հասարակական հակացեղապաշտական շարժումը, թուրքական DurDe եւIHD իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել Հայոց ցեղասպանության հիշատակման ու ճանաչման նախաձեռնությամբ: Այս կառույցների ներկայացուցիչները ապրիլի 24-ին մասնակցել են Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանդիսությանը, հաջորդ օրը ժամանել են Երևան, այսօր նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Նոր այս նախաձեռնությանը անդամակցել են եվրապական, թուրքական, ինչպես նաև հայկական Սփյուռքի մի շարք անդամներ, որոնք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Կոչ ենք անում համերաշխության, արդարության ու ժողվրդարության արժեքներին հավատարիմ բոլոր մտավորականներին, առաջնորդներին և ակտիվ անհատներին միանալու կամ աջակցելու մեզ, շրջելու 100-ամյա ժխտման էջը»,- ասվում է նախաձեռնության հայտարարությունում։
Ֆրանսիայում գործոող ԵԳԱՄ համաեվրոպական հասարակական հակացեղապաշտական շարժման նախագահ Բենջամին Աբտանը կարևորեց միացյալ այս շարժման գործունեությունը: Ըստ եվրոպացի գործչի՝ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի առաջնագիծը անցնում է Թուրքիայով, որի իշխանությունների քաղաքականությունն է հիմնված մարդկության դեմ այդ ոճիրի մերժման վրա: Որոշ թուրքական հասարակական կազմակերպություններ սկսել են ընդդիմանալ պաշտոնական ուղեգծին՝ ձգտելով փաստել ճշմարտությունը և ճանաչել Ցեղասպամնությունը: Այս առումով Բենջամին Աբտանի համար անըդունելի է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչպետի հայտարարությունը:
Թուրքիայում գործող «DurDe/Ասա ոչ» իրավապաշտպան կազմակերպությունը հիմնվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո և պայքարում է ցեղապաշտության և ազգայնամոլության դեմ: Ըստ կառույցի ղեկավար Լևանտ Շեմսևերի՝ 2010 թվականից ի վեր տարեց տարի ավելանում է ապրիկի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացվող հիշատակման միջոցառումների մասնակիցների թիվը: Ստեղծվել է արդեն ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմ, որի շրջանակներում կանցկացվի արշավ՝ ստիպելու թուրքական իշխանություններին պաշտոնապես ընդունել ցեղասպանությունը և ներողություն հայցել:




