Երկրորդ շնչառություն

Առողջ ուղեղի հայկական ծրագիր. մասնագետների թիմն այցելում է դեմենցիա ունեցող անձանց. «Երկրորդ շնչառություն»

Հոկտեմբերից մեկնարկել է Առողջ ուղեղի հայկական ծրագրի երկրորդ փուլը․ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության բազմամասնագիտական թիմն այցելում է այն անձանց, որոնց հիշողության գնահատման արդյունքում դեմենցիայի առաջացման ակնհայտ ռիսկ է նկատվում:

Անցած տարի Հայկական ակնաբուժական ծրագրի հետ համատեղ ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ Երևանում և մարզերում ապրող 40 և ավելի տարեկան ավելի քան 4000 անձ անցել էր կոգնիտիվ գնահատման մոնրեալյան թեստը: Հատկանշական է, որ թեստն անցած քաղաքացիներից 30-ից ավելի տոկոսի մոտ նկատվել էին կոգնիտիվ գործառությունների հետ կապված տարբեր աստիճանի խնդիրներ:

«Մեր հասարակությունում, ցավոք, դեռ կա խարանը, մարդիկ ամաչում են իրենց հարազատի համար: Մենք փորձում ենք բացատրել, որ դեմենցիան հիվանդություն չէ, դա հիվանդի ընտրությունը չէ, խնդիրները թաքցնելով լուծել հնարավոր չէ»,-ասում է ծերաբույժ Սոնա Մխիթարյանը՝ ավելացնելով, որ արդեն այցելել են ավելի քան 100 ընտանիքի:

Դեմենցիա ունեցող մարդիկ կարիք ունեն խնամքի միջոցների, հետազոտությունների, դեղորայքի, իսկ խնամատարների համար օգտակար կլինի թեկուզ որոշ ժամանակ հարազատին որոշ ժամանակով մասնագիտացված կենտրոնում տեղավորել:

Ծրագրի սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանի խոսքերով, դեմենցիա ունեցող անձից զատ, աջակության կարիք ունեն նաև խնամատարներն ու ընտանիքի անդամները:

«Ոչ մեկս չենք պլանավորում ինչ-որ տարիքում ունենալ դեմեցիա կամ Ալցհայմեր: Շատ կարևոր է, որ հիվանդի հարազատները ճանաչեն հիվանդությունը, ուժեղանան, հոգ տանեն իրենց մասին և չհասնի ինքնայրման, որ կարողանան խնամել տարեց ազգականին»,-բացատրում է նա:  

Տեղեկացնենք նաև, որ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն առաջարկում է դեմենցիա ունեցող անձանց ընտանիքներին զանգահարել, կապվել իրենց հետ տնայց կատարելու համար:

Back to top button