ԿարևորՀասարակություն

«Մեր ջուրը չեն կարող փակել». ձկնաբույծները պահանջում են չեղարկել օրենքի պահանջը

Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Շրջակա միջավայրի նախարարության դիմաց։ Նրանք դժգոհում են «Ջրային օրենսգրքի» փոփոխություններից, որոնցով ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

«Օրենքն Աստծո պատվիրան չէ, որ չկարողանաս կատարել։ Օրենքը մարդիկ են գրում, հետկանչն էլ իրենց ձեռքում է»։

Ձկնաբույծները դժգոհ են ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենսդրական սահմանափակումներից։ Նախարարությունից պահանջում են արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները։

«Կարևոր հումքը, որ ջուրն է, փակում են և այնպիսի մեթոդ են առաջարկում, որն աշխարհում չկա»։

«Քնում, արթնանում եք, ձեր հումքի 40 տոկոսը վերցրել են ձեր ձեռքից, ինչ կանեք։ Մեկ լիտր ջրով 700 -800 կգ ձուկ ենք արտադրում»։

«Սարդարապատ ենք տալու, կանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն»։

«Ծանր հետևանքներ է բերելու տնտեսվարողների համար։ 40 տոկոսով արտադրական ծավալները նվազելու են, դրանից բխող աշխատատեղերը, վճարվող հարկերը ևս կրճատվելու են»։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը լսեց ձկնաբույծների դժգոհությունները և հրավիրեց քննարկման։ Նրա խոսքով՝  նախարարությունն ուսումնասիրել է արտեզյան ջրերի 55 կայանների մոնիթորինգի արդյունքները և արձանագրել ջրի մակարդակի իջեցում: Դրանից ելնելով՝ պարտադիր է համարում բոլոր հնարավոր ուղղություններով ջրային ռեսուրսների կորուստը կրճատելը։

«Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի վիճակը աղետալի է, ուստի անհրաժեշտ է պահպանել ջրային ռեսուրսները։ Եթե դուք այդ ռեսուրսի վերաբերյալ նույն գնահատականը ունեք, մեր խոսակցությունը կկայանա»։

Նախարարը խոստացավ հաջորդ քննարկումներում ներգրավել նաև ձկնաբույծներին, առաջարկեց միասին գտնել ջրի օգտագործման արդյունավետ լուծումներ։ Ի պատասխան՝ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները նշեցին, որ տիրապետում են ջրի ապօրինի օգտագործման, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման մասին տեղեկությանը և բարձրաձայնում են այդ հարցերը, սակայն նախարարությունն անտեսում է։

«Սկզբից փակեք ապօրինի հորերը, դրանից հետո հորերի վրա դնենք ջրաչափեր, լինենք հավասար պայմաններում։ Եթե դա օգուտ չտվեց, նոր նստենք քննարկելու՝ քանի տոկոսն է պետք փակել։  Անընդհատ շեշտվեց, որ մեր ջրերը աղետալի վիճակում են, խմելու ջրի լուրջ խնդիրներ ունենք։ Մենք դրան չենք հավատում։  Բազմիցս շեշտեցինք,  որ 70 տոկոսը ջրաչափեր չունեն։ Ասում է՝ ուրիշ խնդիրների եք տանում։ Բայց նույն ջրաչափն է, նույն խնդիրն է»։

Նախօրեին Խորհրդարանում ընդունվել է «Ջրային օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը  ներկայացնելով  օրինագիծը՝ հայտարարել էր, որ  նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Արարատյան դաշտի խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կքրեականացվի. Խորհրդարանում քննարկման ժամանակ ընդդիմությունը քննադատել էր օրինագիծը՝ հայտարարելով, որ գործարարներին պետք էր նախապես նախազգուշացնել նման համակարգեր տեղադրելու մասին, որոնք քիչ ծախսեր չեն պահանջում:

Նշենք, որ ձկնաբուծական ֆերմաները մասսայական են դարձել Արարատյան դաշտում 2000-ականների սկզբից։ Ջրային պաշարների անվերահսկելի շահագործումը հանգեցրել է դրանց սպառման, ինչն ազդել է գյուղատնտեսության վրա։ Չնայած դրան, պետությունը երկար տարիներ ջուր խնայելու որևէ պահանջ չի ներկայացրել տնտեսվարողներին։

Կարդացեք նաև

Back to top button