Լեզվաբան, պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը հաղորդակցումը մարդու գործունեության ամենակարևոր բաղադրիչն է համարում՝ հատկապես զարգացած քաղաքակրթության պարագայում: Նշում է՝ այդ իմաստով բանակցությունը կարող ենք ձևակերպել շահերի պաշտպանության, նաև անվտանգային միջավայր ստեղծելու հնարավորություն, քանի որ առանց հաղորդակցական ցանցի, առանց հարևան մյուս միավորերի հետ այդ ցանցի մեջ ինտեգրվելու, չենք կարող մեզ ապահով զգալ:
«Եթե պետությունը չի ստեղծում շփումների ցանց, չի կառավարում ու չի կոորդինացնում իր արտաքին հարաբերությունները, ապա այն չի կարող ունենալ անվտանգության զգացում»,- ասում է Հովհաննիսյանը՝ նշելով. երբ սուբյեկտը որոշում է անկախանալ, պետք է հասկանա, թե ինչ սոցիալական կապիտալ է ստեղծում իր շուրջը, որպեսզի նոր միջավայրում կարողանա լուծել իր համար կենսական կարևոր խնդիրներ:
Պաշտպանության և անվտանգության մասին խոսելիս՝ ինչպես նկատում է մասնագետը, պետք է հասկանանք, որ նույնքան ապահովում ենք այդ անվտանգությունը, երբ դեպի դուրս ուղղված հարաբերությունների ճիշտ վեկտորներ ենք կառուցում: Հովհաննիսյանն ընդգծում է՝ այսօրվա քաղաքական դիրքորոշումներում պակասում է հստակ, իրազեկ ինքնագիտակցությունը: «Ինֆորմացիան հոսում է, բայց մենք դրա կառավարիչը չենք»,- կարծում է լեզվաբանը:
Հաղորդակցումը որպես Համապարփակ անվտանգային համակարգի բաղադրիչ, անվտանգության խնդիրները և դրանց լուծումները՝ լեզվաբանի տեսանկյունից: Հյուրը բանասիրության պրոֆեսոր, հոգելեզվաբան, ճանաչողական-մշակութային լեզվաբանության և հաղորդակցության մասնագետ Գայանե Հովհաննիսյանն է:




