Ազդ անցյալից

19-րդ դարի հայկական մամուլի «բուրավետ» գովազդները․ «Ազդ անցյալից»

  • Օծանելիք, սապօն…
  • Իստակ երես…
  • «Անյուտայի աչքերը» մեր դէպօյում

Սովետական տարիներին վաճառասեղանների տակից, այսինքն՝ ծանոթով, կարելի էր ձեռք  բերել լեհական արտադրության «Быть может…» օծանելիքը:

Գյումրեցիները այն թարգմանաբար կոչում էին «Կըռնա էղնի»: Զրույց խանութում ՝ «Քուր ջան, կըռնա՞ էղնի, «կըռնա էղնի» ունի՞ս»: 

Այսօր, թերթելով 19-րդ դարի հայկական մամուլը, շարունակելու ենք  ներկայացնել արդուզարդի, այդ թվում օծանելիքի գովազդները: Եվ այսպես՝ Պօմադ «PASTA  EUGENIE».   

«Այդ պօմադի հնարող տիկինը, որ յայտնվեցաւ «Pasta» անունով, պատիւ ունի յայտնել յարգոյ հասարակութեան, որ «Pasta Eugenie» այժմ ստացված է և ծախվում է Թիֆլիսում պ. ԼԱՆԿՕԻ մուզիկային մագազինում, Արծրունու տանը, Վլադիկավկասում պ. ՍԵԳԱԼԻ մօտ, իսկ Ստավրապօլում ԿՈՒՐԻԼՉԷՆԿՕԻ մօտ, որտեղ ծախվում են և մնացած այստեղ  յիշված արդիւնքները:

Այդ պօմադը նշանաւոր է նորանով, որ նրա գործածութեան կարճ ժամանակից յետոյ երեսը իստակվում է զանազան բիծերից, անմաքրութիւններից և խոցերից և ստանում է երիտասարդական հասակին յատուկ թարմութիւնը և գեղեցկութիւնը:

Առաջարկվում է այն անձանց, որք կամենում են իստակ և սպիտակ երեսի գոյնը ստանալ: Հնարողը երաշխաւոր է պօմադի ներգործութեան հաստատութեան համար, գրաւական կարող են լինել առնողները և այն վկայաթղթերը որք ստացված են թէ Վիէն -նայի քիմիքոս պրօֆէսօր պ.Կլեչինսկուց, թէ Մօսկվայի բժշկական վարչութեան թոյլաւութիւնը:

Մի սրուակի գինը 1ր.60կ. : Որի հետ տրվում է և նրա գործածութեան նկարագրութիւնը: Իւրաքանչիւր սրուակի վրա, ինչպէս մազերի համար, այնպէս «Pasta»-ի, գտնվում է մի առանձին դրօշմ «Ամուր»- ի պատկերով, հնարողի ստորագրութեամբ, որի վրա առնողներին խընդրում ենք ուշադրութիւն դարձնել:

Հ. Գ. «Pasta» պօմադը առաջարկվում է և նոցա, որք թէև չունեն զանազան վերև յիշված կաշու հիւանդութիւններ, բայց կամենում են ունենալ իստակ և թարմ  երեսի, վզի և ձեռքերի գոյնը»:

«PASTA  EUGENIE»-ի հեղինակ անանուն տիկինը սպառողներին առաջարկել է նաև ձեռքերի պօմադ.

«Այդ պօմադը այնպէս է պատրաստված, որ նրա գործածութենից յետոյ ձեռքերը ստանում են զարմանալի փափկութիւն և սպիտակութիւն. Սրուակի գինը 1ր.30կ.:  

19-րդ դարի հայկական մամուլում մերթընդմերթ  հանդիպում են  նաև դեմքի ճերմակությունը ապահովող միջոցների գովազդներ: Շուկայում հայտնված «Ձվի կաթ» կոչվող նոր միջոցը, որ նախատեսված էր «երեսին քնքշութիւն և սպիտակութիւն տալու համար», գովազդվում էր «Մշակ» թերթում:

 «….Ոչնչացնում է արևի պատճառած սևութիւնը, տալիս է կաշուին քնքշութիւն և սպիտակութիւն: Գները չափաւոր են, մեծ սրուակը, արկղիկի մէջ, 2 րուբլի, փոքրը-50: Ծախվում են բոլոր պարֆիւմերական և  դեղավաճառական խանութներում: Գլխաւոր պահեստը գտնվում է Պետերբուրգում, Պուշկինսկայա փողոց 15, բնակարան N 12. պահեստի բաժանմունքները գտնվում են. Թիֆլիսում Կովկասեան դեղատան ապրանքների վաճառման ընկերութեան խանութում՝ Երևանեան հրապարակ և նրա բաժանմունքում, Միքայէլեան փողոց և Բագւում, նաև Միքայելեան կամուրջի վրա, Պապօվի և Արիստակօվի դեղատներում: Օտարաքաղաքացիների պատուէրները կատարվում են անմիջապէս՝ պօստով»:  

Ժամանակին շատ հայտնի Բօրնօ տիմօլեան օճառի գովազդը ևս Մշակի 1896թ. համարներից մեկում է: Ուրցի եթերայուղի հավելումով արտադրված այս օճառի մատակարարը պարոն Յուրգենսն էր: 

«Ոչնչացնում է պեպինները, սևութիւնը, դեմքի բծերը, պուզիկները և ներգործում է ավելորդ քրտնելու դէմ, խորհուրդ է տրվում ձեռք բերել որպէս տուալէտային անուշահոտ սապօն, բարձր արժանաւորութեան: ՈՍԿԷ ՄԷԴԱԼ 1893 թւի համար:Կտորի գինը 50կ., կես կտորի՝ 30 կ.: Ծախվում է բոլոր ամենալաւ դեղագործական մագազիններում և դեղատներում: Գլխաւոր պահեստը ամբողջ Ռուսաստանի համար Գ. Ֆ. Իւրգէնսի մօտ Մօսկվայում: Դէպօ Թիֆլիսում Ագմուրօվի մօտ, դեղագործական ապրանքների առեւտրի կովկասեան ընկերութեան մէջ, Ծուրինօվի և Գրիվնակի, պ.պ. Պօպօվների և Արիստակօվի մօտ»:   

Իսկ հիմա անուշաբույրերի գովազդների մասին: Եվ այսպես՝ կոտեմի և մանանեխի բարկ բույրով  «Պարսկական յասաման» կոչված eau de cologne-ի, օճառի և քսուքի հավաքածուի գովազդային արշավը «Մշակ»-ի էջերում:  

«Մեծ արժանաւորութեան ՀՈՏԱՒԷՏ ՋՐԵՐ «Պարսկական Եասաման». Ծաղկահոտ Օ-դէ-կօլօն «Պարսկական Եասաման», Սապօն «Պարսկական Եասաման»,Պօմադա «Պարսկական Եասաման», Ընկերութիւն ԲՐՕԿԱՐ ԵՒ ԸՆԿ. Պրէյս-կուրանտը ձրի»:  

Ի՞նչ է պատմում խոր անցյալը հայ տիկնանց բույրային քմահաճույքների մասին: Պատմում է ազգագրագետ, դիզայներ-ոճաբան Վահե Քոթանյանը.

Հայկական օծանելիքի մասին առաջին հիշատակությունը Քրիստոսից առաջ 5-րդ դարում է Քսենոփոնի «Անաբասիս» աշխատության մեջ, որտեղ բառացիորեն նշվում է, որ Արածանիի հովտում, կոնկրետ Արևմտյան Արմենիայի շրջանում, որտեղ տիրույթները պատկանում էին Տիրիբազոսին, այդ ժամանակ հայկական հատվածում ստեղծվում էին օծանելիքներ և յուղեր, որոնց հիմքը երկուսն էին՝ խոզի ճարպը և կտավատի ձեթը: Որից մեկը լինում էր քսայուղային տարբերակով ավելի պինդ և հեղուկ տարբերակով, որն իրհարկե կտավատի ձեթի արդյունքում էր ստացվում: Դրանց խառնում էին տարբեր բուսական միջամտություններ, որոնք որ բույր էին ավելացնում այս ամենին:

Իսկ ի՞նչ բույրեր էին նախընտրել հայ տիկնայք 19-րդ դարում: Շարունակում է Վահե Քոթանյանը:

18-19-րդ դարերում հայ կանայք օգտագործում էին 3 միջոցներ, որոնք կրկին բուսական ծագման էին: Դրանցից մեկը մեխակն էր, որ կարվում էր հագուստի թեզանիքներին և օձիքի հատվածում և ամեն շարժվելիս ու պարերի ընթացքում այդ բույրը տարածվում էր: Երկրորդը շամամն է, որ հայտնի է հայակական ազգային երգերում, որը անմիջական ասոցիատիվ տարվում է կնոջ կրծքի փոխհարաբերության հետ: Ինչո՞ւ, որովհետև սրտանոցի մեջ պահվում էր վայրի շամամ՝ սեխը, որն ուներ դառնահամություն, բայց ուներ շատ նրբահամ բույր: Կիրառության մեջ էր մտնում  նաև Վանա լճի շրջանում Արտամետ հայտնի խնձորը, որը յուրահատուկ էր ոչ միայն իր տարանջատված կորիզներով, որը շրխկան էր օգտագործվում որպես ձայնի ազդարարման միջոց , այլ նաև բույրի հետ կապված: Որովհետև Արտամետի խնձորները կանայք իրենց սրտանոց-կրծկալների մեջ էին պահում և բույրն ամբողջովին տարածվում էր դրա միջոցով:

Այս ամենից զատ, այսպես ասած, եվրոպական արտադրության շուշանի, եղրևանու, պաչուլիի, հափրուկի, մանուշակի, արևադարձի բույրերով օծանելիքի սրվակներն ու օճառները, դիմափոշիներն ու քսուկները 19-րդ դարի վերջում դարձան կանանց արդուզարդի սեղանի անբաժան մասը:

«Յայթայթող բարձրագոյն դրան Ա.Րալլէ եւ Ընկ.

Օծանելիքներ, «Անիւտայի  աչքերը», օծանելիք, փոշի և սապօն Մօսկվա, Սօլոդովնիկովի պասսաժ, Տվէրսկայա, տուն Սպիրիդօնօվի: Պետերբուրգ Նեւսկի 18 և Ռուսաստանի յայտնի խանութներում»:   

Մեր ժամանակների ամենից հայտնի պարֆյումերներից մեկը մեր հայրենակից Ֆրենսիս Քյուրքչյանն է:

Նա «Ժան Պոլ Գոտյեի»,«Էլիզաթեթ Արդենի»,«Բըրբերիի » և այլոց համար ստեղծել է 100-ից ավել բույրեր, 18-րդ դարավերջի Ֆրանսիայի  արքունիքի  պարֆյումերի տետրակների օգնությամբ վերակերտել  է Մարի Անտուանետի սիրած բույրը «Sillage de la Reine»՝ «Թագուհու արթնացումը», որ վաճառվում է միայն Վերսալի պալատում։ Այսօր նրա մասին գրում են աշխարհի լավագույն թերթերը:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:   

Back to top button