
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը կարևոր առաջխաղացում է, որը չի կարող չանհագստացնել թուրքական կողմին, հատկապես, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ։ Դրական գնահատելով ամերիկյան օրենսդիրների նախաձեռնությունը՝ քաղաքագետ Արամ Մանուկյանը նշեց, որ սա միայն փոքր քայլ է ընդհանուր գործընթացի համատեքստում։
Վաշինգթոնը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը միայն այն դեպքում, երբ դա կբխի սեփական աշխարհաքաղաքական շահերից, հակառակ դեպքում նման որոշում արդեն վաղուց ընդունված կլիներ, նկատեց փորձագետը: Ըստ նրա՝ ներկայումս ևս դրա նախադրյալները առկա չեն:
Արդյո՞ք Թուրքիան մնում է Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը այս տարածաշրջանում: Վերջին ժամանակներում Անկարան հանդես է գալիս Վաշինգթոնի հետ չհամաձայնեցված քայլերով, մասնավորապես, սիրիական ճգնաժամի ընթացում: Նման ինքնուրույնությունը հաճախ նյարդայնացնում է ամերիկացիներին: Ամեն դեպքում՝ դեռ վաղ է լավատեսական սպասումներ ունենալ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ, կարծում է պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Ըստ նրա՝ այս հարցում ցուցաբերվող ոգևորությունը միամտություն է: Մյուս կողմից՝ ամերիկյան բանաձևը կխթանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ամբողջ աշխարհում, համոզված է պատմաբանը:
Մեծ Եղեռնը միջազգային ասպարեզում դիվանագիտական շահարկումներից դժվար է զերծ պահել, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական լարված պայմաններում: Առկա պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրատեսական չէ, հավելեց փորձագետը։




