Երաժշտական եռանկյունի

Վալերի Տոլստով՝ մի վերելքի պատմություն․ «Երաժշտական եռանկյունի»

Վալերի Տոլստովը Շվեյցարիայում բնակվող հայ պոլիինստրումենտալիստ, ֆլեյտահար, երգեհոնահար և կոմպոզիտոր է, ով ստանալով ակադեմիական դրամատիկական երաժշտական կրթությունը Երևանի պետական կոնսերվատորիայում, շարունակեց ուսումը Ցյուրիխի կոնսերվատորիայում և 12 տարի է ապրում և ստեղծագործում է Եվրոպայում, հասնելով համաշխարհային ճանաչմանն ու համբավին։

«Ավարտելով Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրան երկու մասնագիտությամբ՝ ֆլեյտա և երգեհոն, ընդունվեցի Ցյուրիխ քաղաքի կոնսերվատորիան և ավարտելով այն մնացի Շվեյցարիայում ստեղծագործելու և կատարողական արվեստը կատարելոգործելու նպատակով։ Առաջին հերթին ինձ հետաքրքիր էր սեփական ստեղծագործություններն ի հայտ բերելը և ես հիմնեցի «Աութենթիկ լայթ օրկեստրա» նախագիծը։ 12 տարիների ընթացքում այդ նախագծում նվագել է շուրջ 200 երաժիշտ»,— ասում է Վալերի Տոլստովը։

Դեռևս ուսանողական տարիներին երաժիշտը տարվում է պրոգրեսիվ երաժշտությամբ և ջազով՝ նվագում «Օըքսընհեմ» և «Արծրունի պրոգրեսիվ երաժշտության ակտ» երաժշտական նախագծերում, հանդես գալով որպես ֆլեյտահար-կատարող։

Մեկնելով Եվրոպա Տոլստովը սկսում է ստեղծագործել և համախմբում է իր երաժշտության շուրջ այլազգի երաժիշտների, առաջնորդվելով ամենաբարձր կատարողական արվեստի չափանիշներով։

Էթնո-ջազին, ֆյուժշ երաժշտությանը հատուկ մոտեցումները, բարդ կոմպոզիցիոն հյուսվածքը, երաժիշտների գունեղ իմպրովիզացիաները միանգամից բևեռեցին հանդիսատեսի և երաժշտագետների ուշադրությունը՝ խումբը սկսեց ակտիվ համերգային կյանքով ապրել, հրավիրվեց մասնակցելու մի շարք հեղինակավոր փառատոների և շատ կարճ ժամանակահատվածում համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։

Ունենալով հիմքում հայկական ֆոլկլորն ու մելոսը Տոլստովի մոտեցումները թույլ էին տալիս ամենատարբեր երաժշտական տարրերի ներմուծությունները՝ տարբեր ազգերի ավանդական նվագարաններից սկսած մինչև ամենաժամանակակից թվային տեխնոլոգիաները։ Հատուկ ուշադրության են արժանի կոմպոզիտորի ֆոլկլորային «Կոսմոնավտի» նախագիծը։

Հիմքում ռուսական ավանդական ֆոլկլորն է, որը նույնիսկ Ռուսաստանում նեղ մասնագիտական գիտելիքի ոլորտ է հանդիսանում։ Այն ներկայացված է Վալերի Տոլստովի յուրահատուկ մեկնությամբ։ Նման նախագծերից հաջորդը վերաբերվում է Կոմիտասյան ժառանգությանը՝ «Երկինքն ամպել ա» երգի տասնյակից ավել վարիացիաները ներկայացված են «Նաքսոս» համաշխարհային լեյբլի հրատարակված ալբոմում։

Երգեհոնային արվեստը նույնպես անբաժան է Տոլստովի ստեղծագործությունից՝ նա աշխատում է Ցյուրիխի տարբեր տաճարներում հիմնականում կատարելով մեսաներ։ Ունի նաև սեփական երգեհոնային ստեղծագործությունների շարք։ Վերջին շրջանի ստեղծագործական նվաճումներից է՝ Տոլստովի ակադեմիական ոճի կամերային պիեսների շարքը գրված փողայինների և լարային նվագախմբի համար։

Հաղորդման ընթացքում հնչում են Վալերի Տոլստովի բազմաթիվ ստեղծագործություններն ու կատարումները։

Back to top button