
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Հովիկ Աբրահամյանը ոչ թե լուծումներ առաջարկող վարչապետ է լինելու, այլ իշխանությունն է ամրապնդելու: Ու Սերժ Սարգսյանը այս նշանակումով ցույց տվեց, որ նա իր խոսքի տերը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս թվարկեց նախագահի խոսքն և գործը հակասող հայտարարությունները: «Օրինակ՝ նախագահն ասաց, որ գազը չպետք է թանկանա՝ թանկացավ, նորմալ ընտրություններ պիտի անցկացվեին, բայց ունեցանք ամենախայտառակ ընտրությունները, ասոցացման պայմանագիր պիտի ստորագրեինք, բայց պարզվում է Մաքսային միությունը մեր մանկության երազանքն էր, հասարակության համար ընդունելի վարչապետ պիտի նշանակվեր, բայց Սերժ Սարգսյանն ընդունեց ամենաանընդունելի տարբերակը»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ իր շրջապատում էլ եղել են մարդիկ,որ սվիներով են ընդունել այս որոշումը։ «Եթե Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ էր հրապարակային առումով, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում բարեփոխումների փուլը պետք է մոռանալ»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ այս քայլով իշխանությունը եկավ իր տրամաբանական կառուցվածքին։
Արմեն Մարտիրոսյանը բացառեց, որ ԲՀԿ-ն մաս կկազմի նոր կոլիցիայի, իսկ ՀՅԴ դեպքում վերապահորեն մոտեցավ՝ առաջարկելով մի փոքր սպասել: Ըստ նրա՝ եթե «քառյակը» պասիվ լինի, ապա 2017 թ.-ին Հայաստանը կունենա ընդամենը 1.5 մլն բնակչություն, վարչապետ էլ կլինի Սերժ Սարգսյանը։
Ասուլիս մյուս բանախոսը՝ Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ «Հովիկ Աբրահամյանի նշանակումը պայմանավորված էր արևմտյան և ռուսական գործոններով, բայց ՀՀ-ի օլիգարխ վերնախավն այժմ սպասման մեջ է ու խուսափում է ցնցումներից: Հետևաբար՝ Հովիկ Աբրահամյանը երևի կարող է մարմնավորել կայունության հեռանկարը»։




