Երաժշտական եռանկյունի

Անուշ Նիկողոսյանի ջութակի տարերքը․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանը հարուստ է երաժիշտներով։ Մենք երբեք առիթը չենք բաց թողում հպարտությամբ թվարկել հայ կատարողական արվեստի հայտնի և աշխարհահռչակ անունները, հպարտանում մեր կոնսերվատորիայի շրջանավարտներով և նրանց հաջողություններով միջազգային հարթակներում։

Բայց արի ու տես, որ օրինակ հայ ջութակահարների հսկայական քանակից, միայն մի քանիսն են ընտրում մենակատարի դժվարին ճանապարհը։

Մեր հաղորդման հյուրը՝ ջութակահարուհի մենակատար Անուշ Նիկողոսյանը բացատրում է եղածը նրանով, որ մենակատարի բացի անսահման նվիրումն, կատարելությանը հասնելու մշտական մղումից և աշխատասիրությունից, անհրաժեշտ է հատուկ խառնվածք և կամային հատկանիշներ։

«Ես շատ վաղ հասակում ինքս ընտրեցի իմ նվագարանը և հասկացրեցի ծնողներիս մատիտն ու քանոնը խաղացնելու իբրև ջութակ, որ գտել եմ իմ կյանքի գործը։ Նրանց նուրբ ուղղորդմամբ կանգնեցի երաժշտի դժվարին ճանապարհին և երջանիկ ու երախտապարտ եմ նրանց, որ հենց այդպես էլ ընթացավ իմ կյանքն ու մասնագիտական կայացումը»,— կիսվում է Անուշ Նիկողոսյանը։

Անուշը ջութակի առաջին դասերը ստացել է հինգ տարեկանում։ Այնուհետև սովորել է հայ ականավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանի մոտ, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մի քանի տարի ուսանել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մոտ։

Ջութակահարուհու համար հանդիպումը ջութակահար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ դարձավ ճակատագրական՝ նրանք հետագայում ընտանիք կազմեցին և հաճախ հանդես են գալիս միասին հայաստանյան և արտասահմանյան բեմերում։

Անուշը՝ շատ բարձր է արժևորում երաժշտական ընտանիքում տիրող բարձր արվեստի մթնոլորտը, ընդհանուր գեղագիտական համոզումներն ու երաժշտական նախընտրությունները։

Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելիս, Անուշ Նիկողոսյանը շարունակում է ուսումը Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ Սովորում պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում։

Իսկ 2013 թվականից Անուշ Նիկողոսյանը շարունակում է ուսումը պրոֆեսոր, աշխարհահռչակ ջութակահարուհի Ջուլիա Ֆիշերի դասարանում։ Այնուհետև, 2015 թվականին ստանում մագիստրոսի աստիճան և նույն տարվա հոկտեմբերին հանձնում է կոնցերտ քննություն (Konzert-exam), որը համարում է իր կայացման կարևորագույն իրադարձություններից մեկը։ Հաղորդման ընթացքում հնչում են Անուշ Նիկողոսյանի բազմաթիվ կատարումները։

Back to top button