
Նրանք շրջել են գրեթե ամբողջ աշխարհով, հանդես եկել միջազգային հեղինակավոր բեմահարթակներում, իրենց հրաշալի ելույթներով, անչափ բարդ ու վտանգավոր համարներով հիացրել ու զարմացրել հանդիսատեսին՝ ամենուր պարգևելով կրկեսային տոն:
Իրենց զարմանահրաշ համարներով ամբողջ աշխարհում հայտնի ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները շատ փոքր էին, երբ հորեղբայրն իրենց հետ պարապում ու տան պայմաններում սովորեցնում էր կրկեսային համարներ: Այդպես եղբայրների մոտ ծնվում է մեծ սեր կրկեսային արվեստի հանդեպ, իսկ հետագայում որոշում են ավելի լուրջ զբաղվել ուժային ակրոբատիկայով:
Ու չնայած հանդիպում են բազմաթիվ դժվարությունների, բայց մասնագիտության հանդեպ մեծ սերը, հետաքրքրությունն ու քրտնաջան աշխատանքը ստիպում են միշտ առաջ շարժվել. ստեղծում են կրկեսային նոր համարներ, նախագծեր ու շոու-ծրագրեր՝ ներկայանալով աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցելով հեղինակավոր միջազգային մրցույթների ու ամենուր ձեռք բերելով մեծ ճանաչում:
Վարդանյան եղբայրներն այժմ հայրենիքում են՝ իրենց կրկեսային հետաքրքիր և ինքնատիպ ծրագրով: Ծաղրածուներ, լարախաղաց ակրոբատներ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարարներ, օդային մարմնամարզիկներ և իհարկե Վարդանյան եղբայրների զարմանահրաշ համարները. ծրագիր, որտեղ ընդգրկված են կրկեսային արվեստի բոլոր հետաքրքիր ու յուրօրինակ ժանրերը, ծրագիր՝ զրոյից հարյուր տարեկան «երեխաների» համար: Զրույց ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանների հետ:












