
Վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանվածների թիվը 100 632 է։ Նրանց շուրջ 99 տոկոսն արդեն հաշվառվել է։ Այժմ բոլոր համայնքներից տվյալենրը հավաքվում են, համադրվում, որպեսզի բացառվեն կրկնակի հաշվառումները։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ մարզերից ստացված տվյալները փաստում են, որ այժմ բռնագաղթվածները ժամանակավոր կացարաններից սկսել են տեղափոխվել վարձով բնակարաններ։ Ըստ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տվյալների՝ նրանց շուրջ 75 տոկոսը մարզերում են հանգրվանել։
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին`բոլոր անհրաժեշտ ուղղություններում։ ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը արձանագրում է՝ բազմաթիվ երկրներ պատրաստ են ու առաջարկել են իրենց աջակցությունը ՀՀ—ին։ Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորայք արդեն տրամադրվում են հիվանդանոցներին։ Առաջնահերթ է բռնի տեղահանվածների կարճաժամկետ, միջանաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների լուծումը՝ արձանագրում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը․
«ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որ ԵՄ ու նրա անդամ պետությունները ցուցաբերել ու շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ։ Հանձնակատարի հետ կարևորել ենք հումանիտար բնույթի լայնածավալ անելիքների վերաբերյալ ՀՀ կառավարության ու ԵՄ կողմից գործարկված ջանքերը համաձայնեցնելու, ստացվող աջակցությունը բռնի տեղահանվածների կարիքներին ուղղվելու հարցում համագործակցության միասնական հարթակի ձևավորման ու այդ ձևաչափով մեր գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը»։
100 հազար 632՝ Արցախից բռնի տեղահանվածների թիվը վերջին օրերին չի փոխվել։ Բայց փոխվում է հաշվառվողների ու հատկապես մարզերի մի բնակավայրից մեկ այլ բնակայավար տեղափոխվողների թիվը։ Կառավարությունում շարունակում են հորդորել՝ անպայման հաշվառվել ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունում։ Այստեղ տվյլալների ամբողջական բազա է հավաքվում։ Տվյալները համադրվում են կրկնակի հաշվառման դեպքերը բացառելու համար։ Նույնականացված անձանց թիվը կազմում է շուրջ 99 տոկոս:
Ժամանած անձանց շուրջ 75 տոկոսը՝ 75 հազար 472-ը, տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում, տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը․
«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտն՝ 3967, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8044, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում՝ 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունիքում՝ 5444, Վայոց Ձորում՝ 2134, Տավուշում՝ 3139»։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):
Քաղաքացին հաշվառված չի համարվում, եթե իր տվյալները ներբեռնել է միայն Առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
Մարզերում գույաքագրվում են բռնի տեղահանվածների հրատապ խնդիրները։ Սյունիքի մարզի մի շարք համայնքներում գործընթացն արդեն ավարտված է։ Մարզպետը վստահեցնում է՝ քննարկում են ձմռանը պատրաստվելու հետ կապված տարաբնույթ խնդիրներ։
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք բոլոր ընտանիքների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր հայրենակիցները լինեն ոչ հյուրանոցային պայմաններում, քանի որ հյուրանոցներում երկար ժամանակ չեն կարող մնալ։ Համայնքների ղեկավարների հետ ունեցել ենք քննարկումներ և շատ մոտ ապագայում յուրաքանչյուր ընտանիքի համար պետք է գտնվի այն տարածքը, տունը, որտեղ նրանք կարող են միջնաժամկետ կտրվածքով բնակություն հաստատել»։
Այս պահին ամենակարևորը ձմռանն ընդառաջ խնդիրներ չունենալն է։ Արդեն իսկ մեկնարկել է բռնի տեղահանված ընտանիքների յուրաքանչյուր անդամի 100 հազարական դրամ աջակցության ծրագիրը։ Իրականացման համար 8 մլրդ դրամ է հատկացվել կառավարության պահուստային ֆոնդից։ Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Եթե ՀՀ մուտք գործելուց հետո անցել եք հաշվառում և ունեք բանկային քարտ, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Հաշվառում անցած և տեղահանված այն անձինք, որոնք չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։




