
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Շուտով հանրապետության յուրաքանչյուր շրջանավարտի համար իրենց կրթօջախներում կհնչի «Վերջին զանգը»: Արդեն ավանդույթ է դարձել միջոցառումները ճոխ ծախսերով նշել ոչ միայն դպրոցներում, այլև ռեստորանային համալիրներում: Երեւանի քաղաքապետարանը տոնի առթիվ Ազատության հրապարակում կկազմակերպի մեծ համերգ: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հուսով է, որ այս տարի շրջանավարտները կնախընտրեն իրենց օրն անցկացնել բացօթյա միջոցառման շրջանակներում` խուսափելով ծախսատար միջոցներից:
Գաղտնիք չէ, որ «Վերջին զանգի» արարողությունների համար դպրոցներում մեծ գումարներով դրամահավաք է կազմակերպվում, սակայն փոխքաղաքապետը նշեց, որ երևույթը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է, նույնիսկ դրա պատճառով աշխատանքից տնօրեններ են հեռացվել: Երևույթը կանխելու նպատակով անպայման հսկողություն կիրականացվի։
Նախադպրոցական հաստատություններում՝ մանկապարտեզներում էլ հսկողությունն ուժեղացնելու են սննդի ուղղությամբ, ասում է Արամ Սուքիասյանը և նշում, որ վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում կարգապահական տույժերը սթափության կոչ պետք է լինեն բոլորի համար: Այս տարի քաղաքային բյուջեից 300 միլիոն դրամ է հատկացվել մանկապարտեզներին՝ նոր գույք ձեռքբերելու համար։ Փոխքաղաքապետը հուսով է, որ 4 տարում կունենանք ժամանակակից մանկապարտեզներ։
Ի դեպ՝ մեր փոքրիկներին Կենդանաբանական այգին մոտ ապագայում կներկայանա նորովի: Հունիսի մեկին` Երեխաների պաշտպանության օրը, կներկայացվի այգու բարեկարգման աշխատանքների նախագիծը։ Այգին, փոխքաղաքապետի տեղեկացմամբ, կհամալրվի նոր կենդանատեսակներով:
Երևանը զբոսաշրջիկներ համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ քաղաքապետարանում տեղեկատվական կենտրոններ ստեղծելու քննարկումներ են սկսվել։ Ոլորտը վերահսկողները հուսով են, որ տարեվերջին կունենանք անհրաժեշտ կենտրոնները և քարտեզ-ուղեցույցները։
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև անտուն, մուրացիկ երեխաները: Արամ Սուքիասյանը փաստում է, որ Երևանում մեծացել է որդեգրող ընտանիքների թիվը: Այս եռամսյակում որդեգրվել է 6 երեխա, ովքեր։ փոխքաղաքապետի վստահեցմամբ, ապրում են ընտանեկան ջերմ մթնոլորտում:




