Արման Իգիթյանը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում։ Հաշվողական տեխնիկայի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո 2015-ին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ռուսաստան։ 2017-ին վերադարփել են Հայաստան, իսկ 2019-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Քարվաճառում, որտեղ գտնվում էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։
Զինադադարից հետո՝ նոյեմբերի 25-ին նրանց զորամասը Քարվաճառից տեղափոխվում է Վարդենիս ու տեղակայվում Սոթքի զորամասում։ Արմանի խոսքով՝ այստեղ ճանապարհի վրա մի գիծ էին գծել։ Ո՛չ հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները հստակ քարտեզ չունեին։ Ով շուտ առաջ գար, որ դիրքը գրավեր, իրենն էր։ Պատմում է նաև այս օրերին ադրբեջանցիների հետ իր «բանակցությունների» մասին։ Հայերեն լեզվով իրեն դիմած հակառակորդին մոտենալուց առաջ հայ տղաներին ասել էր՝ հենց տեսնեք ինձ տանում են, կրակե՛ք, թույլ չտաք, որ գերի ընկնեմ։ Երկու ամիս է ծառայել Սոթքում, այնուհետև զորացրվել է։
«Այստեղ բաց տարածք էր, ամեն րոպե սպասում էինք, որ վերևից մի բան ընկնելու է։ Զորացրվելուց հետո, սեպտեմբերի 13-ի դեպքերի ժամանակ այդպես էլ եղավ, մեր զորամասը համարյա ոչնչացվեց»,-ասում է Արմանը։