Երաժշտական եռանկյունի

Կոնստանտին Պետրոսյան՝ միջազգային գործունեության և ստեղծագործության խաչմերուկում․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Կոնստանտին Պետրոսյանի հետ մեր զրույցի երկրորդ մասում անդրադարձանք իր գործունեության ամերիկյան շրջանին:

«Շատերը կարծում են, որ ես տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ և բնակություն եմ հաստատել այնտեղ, այնինչ 1995 թ. հրավիրվել եմ աշխատանքի և մինչ օրս աշխատում եմ Պրովիդենսում, ղեկավարում Բոստոնի «Երևան» երգչախումբն ու նվագախումբը, և 1997-ից հանդիսանում եմ Ռոդ Այլենդի հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար: Բացի այդ, ներգրավված եմ Պրովիդենսի հայկական եկեղեցու կրթական կենտրոնի ծրագրերում»,- ասում է անվանի կոմպոզիտորը:

Նրա գործունեությունը բարձր է գնահատվել ոչ միայն Հայաստանում, ուր նրան շնորհվել է Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, այլ նաև ԱՄՆ-ում, ուր նա 1996 թ. ճանաչվել է Ռոդ Այլենդ նահանգի տարվա մարդ, ինչը ԱՄՆ-ում պետական բարձրագույն գնահատականներից մեկն է:

1991 թ.-ին Կոնստանտին Պետրոսյանը մի խումբ արվեստագետների հետ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակի «Դակ Համալշելտ» սրահում և այդ նշանային ելույթը նախորդել է Հայաստանի՝ ՄԱԿ-ին պաշտոնապես անդամակցելուն: Դրան հաջորդել են կոմպոզիտորի համերգները Նյու Յորքի Քարնեգի հոլում և Լինքոլն ցենտրում:

2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նա կազմակերպել է վեց համերգից բաղկացած համերգաշար՝ հնչեցնելով հայ կոմպոզիտորների նվագախմբային և երգչախմբային ստեղծագործությունները Նյու Յորքում, Բոստոնում, Պրովիդենսում, Նյու Ջերսի և Մասաչուսետս նահանգներում: Հայաստանում մաեստրոն հեղինակային համերգներով հանդես է 1984 և 2003 թթ. Արամ Խաչատրյան համերգասրահում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ 2021 թ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կոմպոզիտորի 75-ամյակին նվիրված համերգին կատարվել են նրա կամերային ստեղծագործությունները:

2005 թ. լույս է տեսել Կոնստանտին Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» հեղինակային ձայներիզը, որտեղ ընդգրկված են 10 ժողովրդական երգերի մշակումներ կանացի երգչախմբի համար և կամերային ստեղծագործություններ: Նաև լույս են տեսել ձայնասկավառակներ, որոնք ընդգրկում են կոմոզիտորի էստրադային և ջազային ստեղծագործությունները:

2023 թ. հունիսի 29-ին Կոմպոզիտորների միության կազմակերպած հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի շրջանակներում կատարվել է կոմպոզիտորի հոբոյի և դաշնամուրի համար սոնատի համաշխարհային պրեմիերան: Մեր զրույցի ընթացքում նաև անդրադարձանք Հայաստանի օրհներգի պատմության և հեղինակության թեմային, ինչպես նաև զրուցեցինք Կոմպոզիտորների միության անելիքների և խնդիրների շուրջ:

Հաղորդման ընթացքում հնչում են Կոնստանտին Պետրոսյանի տարբեր ժանրերում գրված ճանաչված և սիրված ստեղծագործություններ:

Back to top button