Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չհամեմատել Ղրիմը և Արցախը
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ի՞նչ ազդեցություն կարող է գործել ուկրաինական ճգնաժամը միջազգային հարաբերությունների վրա: Այս հարցի շուրջ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում անցկացվեց սեմինար-քննարկում, որին մասնակցում էին ոչ միակն հայ քաղաքագետները, այլ նաև մեր երկրում գործող օտարերկրյա 6 դեսպանության ներկայացուցիչները:
Մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը և դրան Ղրիմում հետևած հանրաքվեն ու անցումը Ռուսաստանի կազմ փոխեցին ոչ միայն քարտեզը, այլ նաև աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում: Այս զարգացումների շուրջ իրենց դիտարկումները Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում ներկայացրեցին ինչպես հայ քաղաքագետները, այնպես էլ օտարերկրյա դիվանագետները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, Ուկրաինայի շուրջ իրադարձությունները չեն կարող չազդել նաև Հայաստանի ներքին որոշումների և արտաքին քաղաքականության վրա: Նա անխոհեմ քայլ որակեց երկրի իշխանությունների կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչումը: Հովհաննիսյանը կոչ արեց չհամեմատել Ղրիմը և Արցախը:
«Ժառանգության» առաջնորդը խոստացավ մանրամասնել ուկրաինական թեման վաղվա հանրահավաքում: Անդրադառնալով ուկրաինական առկա զարգացումներին, այդ երկրի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը հայտարարեց, որ մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեն անըընդունելի էր:
«Դա հանրաքվե չէր, այլ ֆարս: Մեծամասնությունը սա հասկանում է: Ոչ մի կամարտահայտություն այնտեղ չի եղել»:
Ուկրաինական դիվանագետը նշեց, որ Ռուսաստանը վաղուց էր ծրագրում Ղրիմը վերադարձնել իր կազմ: Այս նպատակին հասնելու համար կիրառվեցին ռուս դեսանատայինները, շեշտեց նա: Իգոր Ռոմանը քննադատեց Ռուսաստանին տեղեկատվական պատերազմ սանձազերծելու մեջ: «Նույնիսկ Ռւսաստանում ապրող իմ ազգականը համարում է մեզ ֆաշիստ», խոստովանեց Ուկրաինայի դեսպանության խորհրդականը:
«Ռուսական հեռուստատեսություն նայելու ցանկություն չկա: Այնտեղից հնչում է սուտ, սադրանքներ: Պարզապես դրանք հանդիսանում են տեղեկատվական զորքեր»:
Դիվանագետը նշեց, որ Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կամ նվազեցնել դրանց մակարդակը: Ըստ նրա, Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան կվերադառնա Երևան հաջորդ շաբաթվա ընթացքում: Պաշտոնական տվյալներով, նա կանչվել էր Կիև խորհրդակցությունների նպատակով: