
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
- Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական գործունեության համար
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», — ասված է տարածված հաղորդագրության մեջ։
ԱՀ Ազգային ժողովը հուլիսի 28-ին տարածել էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը, որում նշվում էր, որ նա հրաժարականի դիմում կներկայացնի:
«Սիրելի´ հայրենակիցներ,
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին: Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին: Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար երկօրյա ժամկետ սահմանելու օրինագիծը: Այն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:




