
Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները փորձագետները հաջողված չեն գնահատում, խնդրահարույց են համարում հանդիպումից հետո Շառլ Միշելի հնչեցրած գնահատականներից հատկապես մի քանիսը։ Եվրոպական խորհրդի նախագահը հավասարապես կարևորել էր Լաչինի ճանապարհի բացումն ու Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։
Ի տարբերություն նախորդ բանակցությունների՝ Շառլ Միշելն այս անգամ խոսել էր ոչ թե բոլոր ռազմագերիների, այլ այն զինծառայողների մասին, որոնք պատահաբար են հատել սահմանը։
Փորձագետների մտավախությունները հաստատվում են նաև Մոսկվայից ու Բաքվից հնչող արձագանքներով։
Բրյուսելյան եռակողմ բանակցությունները քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ձախողված է որակում։ Նրա կարծիքով՝ հայկական կողմն ընդունել է եվրոպական օրակարգը, որում գերիշխող են ադրբեջանական մոտեցումները։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը թեև խոսեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, բայց հավասարաչափ կարևորեց նաև Աղդամով հումանիտար մատակարարումների հնարավորությունը։ Այս թեզը հանդիպման նախօրեին առաջ էր քաշել ադրբեջանական կողմը։
«Երբ խոսում են Աղդամով երթևեկության մասին, նշանակում է, Արցախի շրջափակումը կարմիր գիծ չէ։ Այստեղ ԵՄ-ն ստանձնում է նախաձեռնողական պրոադրբեջանական դիրքորոշում, որի գլխավոր նպատակը աշխարհաքաղաքականությունն է, և ոչ թե արցախյան խնդիրները։ Ադրբեջանի օրակարգը ևս մի քանի կետ է ներառում, որոնք այդտեղ իհարկե չեն լուծվել, օրինակ, այսպես ասած, «Զանգեզուրյան միջանցք»-ի հարցում, բայց Ադրբեջանը կարելի է ասել կարողացավ առաջընթաց գրանցել այս բանակցություններում»։
Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու մասին Շառլ Միշելի ձևակերպման անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Եվրոպական խորհրդի նախագահի ձևակերպումը նա ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն է համարել, իսկ ԵՄ հարթակը ամենաանհաջողը՝ բոլոր բանակցային հարթակներից։
«Մենք գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առավել համապարփակ փուլերից մեկում»,-Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցություններից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը և կոչ արել կողմերին՝ «հարաբերությունների կարգավորման ճանապարհին համարձակ քայլեր ձեռնարկել»։
Բրյուսելում, ըստ Միշելի, քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մեկ անգամ ևս հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ելնելով նրանից, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ․ կմ։
Ըստ Շառլ Միշելի՝ երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին՝ որպես քաղաքական փաստաթղթի, ողջունել են սահմանագծման հանձնաժողովի հուլիսի 12-ի նիստը, ինչպես նաև պայմանավորվել աշխուժացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։
Շատ փորձագետներ այս ամրագրումը մեծ ձեռքբերում են համարում․ Քաղաքագետ Հայկ Սուքիասյան․ «Մենք բանակցել են Միշելի հովանավորությամբ, Բլինկենի հովանավորությամբ և այստեղ որոշակի ձեռքբերումներ կան։ Ադրբեջանից կարողացել ենք կորզել գոն ետարածքային ամբողջականության ճանաչում, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը դա էլ չէր ճանաչում, քանի որ մեծ եղբոր Պուտինի հետ Հայաստանին էին ներկայացրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը որտեղ Հայաստանը հայտարարվել էր սահմաններ չունեցող պետություն։ Նաև Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է նստի Արցախի հետ բանակցելու, սա մեծ ձեռքբերում է»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը համամիտ չէ այս մոտեցմանը, կարծում է, որ տարածքային ամբողջականության ու սահմանազատման հարցերը քննարկվում են ադրբեջանական ելակետով․
«Ունեցած տարածքները քննարկել՝ հանձնելու և մտածել թե դա լավ ընտրություն է, կարծում եմ անմիտ հայտարարություն է։ Իսկ սահմանների ճշգրտման հարցը օրակարգ մտցվել է Ռուսաստանի միջնորդությամբ և կրկին ադրբեջանական օրակարգ է»:
Բրյուսելում եռակողմ հանդիպմանը զուգահեռ Ռուսաստանի ԱԳՆ-ն շտապեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու Հայաստանի որոշումը արմատապես փոխել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման պայմանները։ Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով, ճգնաժամը կարող է իր հետ բերել ամենադրամատիկ հետևանքները՝ ասվում էր ՌԴ ԱԳն հայտարարության մեջ։ Այն «թյուրիմացություն և հիասթափություն առաջացնող ու Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին չհամապատասխանող» որակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հրանտ Միքայելյանը խոսելով ՝ Մոսկվայի դեմ Բաքվի այս արձագանքն ավելի հստակ դարձրեց, որ Ադրբեջանում սրվել են հակառուսական տրամադրությունները, և Բաքուն ուզում է, որ օր առաջ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։ Այս համատեքստում արձանագրման է արժանի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե 2025 թվականին ռուսները պետք է հեռանան տարածաշրջանից։ Սա նույնպես, ըստ զրուցակցիս, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման մասին է վկայում։
Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներ կազմակերպելու հարցում ևս Հրանտ Միքայելյանը մտավախություններ ունի․ առանց միջնորդների կամ առանց միջազգային մեխանիզմների՝ դրանք կլինեն ոչ թե քննարկումներ կամ բանակցություններ, այլ՝ ադրբեջանական պայմանների թելադրում։




