ԿարևորՀասարակություն

«Շրջափակված» պաղպաղակ կամ ինչպե՞ս պայքարել թշնամու դեմ

Թշնամու մտադրություններին հակառակ՝ Արցախում ոչ թե մտածում են հայրենիքը լքելու մասին, այլ բիզնես են հիմնում, ուղիներ փնտրում այն զարգացնելու համար։ «Ռադիոլուրի» հերոսուհին պաղպաղակի արտադրությունը սկսել է շրջափակման սթրեսը հաղթահարելու համար։ Նույնիսկ պաղպաղակագործության օնլայն դասընթացների է մասնակցել։ Այժմ նպատակն ընդլայնվելն է, հատկապես որ շոգ եղանակին ընդառաջ՝ պաղպաղակի պահանջարկն ավելացել է:

Մթերք ու հատկապես երեխաների համար քաղցրեղեն գտնելու փնտրտուքն արցախցի Շուշան Եգանյանին ստիպեց, որ համացանցից պաղպաղակի բաղադրատոմսեր գտնի ու տնային պայմաններում փորձի պատրաստել։ Ստացվեց։

Ոգևորված էին և՛ Շուշանը, և՛ շրջապատը։ Հաջորդ քայլն արդեն վաճառելու նպատակով արտադրելն էր․ «Մի քանի օրվա ընթացքում մեծ տարածում գտավ։ Արդեն ինստագրամյան ու ֆեյսբուքյան կայք էի բացել։ Մեծ տարածում գտավ։ Կար մեծ պահանջարկ։ Սա էլ դրդեց, որ մտածեմ որպես բիզնես շարունակելու մասին»։

Շուշանը բիզնես հիմնեց շրջափակված Արցախում, երբ թշնամին ամեն ինչ անում է, որ արցախցին հեռանա իր տնից։ Ծավալները մեծացրեց, սկսեց մեծաքանակ պատվերներ ընդունել։ Հետո արդեն մտածեց խանութ ու արտադրամաս բացելու մասին։

«Հիմա արդեն մեկ ամսից ավել է՝ գործում է մեր փոքրիկ խանութը։ Կոչվում է՝ «Sweets by Yeganyan»։ Մրգային պաղպաղակներ եմ արտադում։ Ցանկացա, որ ոչ մի գունանյութ չպարունակի իմ պաղպաղակը։ Դրա համար շեշտը դնում էի բնական մրգերի վրա։ Մեր պայմաններում մրգեր գտնելը անհավանական էր։ Սառեցրած մրգերով էի անում սկզբնական շրջանում։ Այժմ արդեն պահեստավորել եմ, սառեցրել եմ տեղական բալ, մալինա»։

Ասել, որ հեշտ էր շրջափակված Արցախում հումք գտնելը, հավասարազոր է շրջափակման բարդությունների մասին ոչինչ չիմանալուն։ Բայց հնարամտությունն այստեղ օգնեց, հատկապես, շաքարավազ գտնելու հարցում։ Շաքավարազն Արցախում կտրոնով վաճառվող մթերքներից է։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքում չորս կիլոգրամ շաքարավազով գործ ձեռնարկելը, բնականաբար, հեշտ չէր։

«Որոշեցի իմ էջում հայտարարություն գրել ու շաքարավազի կտրոնները փոխարինել պաղպաղակով։ Ես հյուրասիրում էի պաղպաղակով, փոխարենը ստանում էի իրենց կտրոնները և շաքարավազ էի գնում։ Հիմա կտրոնները կան, շաքարավազ չկա։ Առհասարակ սննդի ներմուծում չկա»։

Շաքարավազը սպառվում է՝ ասում է Շուշանը՝ նկատելով, եթե ճանապարհը շարունակի փակ մնալ, կկանգնի գործունեությունը դադարեցնելու վտանգի առաջ։ Սերուցք նույնպես չկա։ Արցախում հովհարային անջատումները շարունակվում են, քանի որ իրացվող էլեկտրաէներգիան ներքին ռեսուրսների հաշվին է արտադրվում։ Շուշանն այստեղ էլ է խնդիրներ ունենում։

«Մեկ օր առաջ նախապես պլանավորում եմ, թե վաղը որ ժամին պետք է պատրաստեմ պաղպաղակը, որ մի քիչ երկարաժամկետ լույս լինի։ Օրինակ, գիշերը չեն անջատում։ Գիշերն եմ պատրաստում, որ լավ սառի ու հաջորդ օրը պատրաստ լինի։ Անջատում են օրական վեց ժամ՝ երկուական ժամով։ Այդ ընթացքում փորձում եմ չաշխատել, որ չփչանան պաղպաղակները»։

Շրջափակման պայմաններում գործ հիմնելը նախ ստրեսից դուրս գալու միջոց էր, հետո նաև՝ ապացույց թշնամուն, որ արցախցին չի պատրաստվում լքել իր հողը․

«Շրջափակման պայմաններում արդեն կարելի էր գժվել։ Անելանելիությունից, անորոշությունից չգիտեիր՝ ինչ անեիր։ Այս  նախաձեռնության շնորհիվ ես սկսեցի իմ մեջ ուժ գտնել՝ թշնամուն ցույց տալու համար, որ մենք չենք կոտրվում ՝մեր սեփական հայրենքիում, որքան էլ դժվար լինի, մենք կստեղծենք ինչ-որ բան, կաշխատենք»։

Պաղպաղակագործության օնլայն դասընթացների զրուցակիցս մասնակցել է։ Նպատակն ընդլայնվելն է, հատկապես, որ շոգ եղանակի հետ պաղպաղակի պահանջարկը ավելացել է։ Հակառակ թշնամու բոլոր ջանքերին՝ Արցախում ապրում են ու ամրանում։

Կարդացեք նաև

Back to top button