ԿարևորՀասարակություն

«Հայաքվե»–ն ու քաղաքապետարանն իրար ճիշտ չեն հասկացել

«Հայաքվե» նախաձեռնության անդամներն այսօր խոսել են իրենց սկսած ստորագրահավաքի ընթացքին վերաբերող խոչընդոտների մասին։ Նրանց խոսքով՝ Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ հրաժարվում են տարածքներ տրամադրել՝ ստորագրահավաքի անցկացման  համար։ «Հայաքվե»–ի անդամներն ասել են, որ այս առնչությամբ հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն։ Մեղադրանքներին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը և հստակեցրել՝ վարչական ղեկավարները ոչ թե հրաժարվել են, այլ առաջարկել դիմումը ճիշտ հասցեագրել։ 

Իշխանությունը խոչընդոտում է ժողովրդի հիմնարար՝ հանրաքվեի միջոցով կամարտահայտության իրավունքը՝ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է հունիսի 20-ին՝ դրան տալով իրավականորեն պարտադիր բնույթ։ Տարածք տրամադրելը «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է և սահմանադրական պարտականություն՝ ասում  է Չալաբյանը։

«ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ կետը երաշխավորում է քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքը և «Հանրաքվեի մասին» օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ այդ նպատակով ստորագրահավաքն իրականացվում է ՏԻՄ մարմինների տարածքում, որոնք պարտավոր են տարածք տրամադրել և ապահովել ստորագրահավաքի բնականոն ընթացքը»:

«Հայաքվե» նախաձեռնության համակարգողի խոսքով՝ Երեւանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ պաշտոնական նամակներով հրաժարվել են ստորագրահավաք անցկացնելու համար նախաձեռնությանը տարածքներ տրամադրել՝ հղում անելով Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին։

«Բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք փորձում են բռնանալ հայ ժողովրդի  անքակտելի իրավունքների վրա,  մեր նախաձեռնող խմբի կողմից արդեն գլխավոր դատախազին  ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ սա իրականացվում է կազմակերպված խմբի միջոցով»:

Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն է այսօր գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրել։ Նա թվարկել է այն վարչական շրջանները, որոնց ղեկավարները, նրա խոսքով, մերժել են տարածքներ տրամադրել։

«Ավան վարչական շրջան, Նոր Նորք վարչական շրջան, Կենտրոն, Նուբարաշեն վարչական շրջան և այսօր ստացել ենք Աջափնյակից նմանատիպ բովանդակությամբ պատասխաններ։ Ինչպես նաև Հայաստանի որոշ համայնքներից ևս՝ Սպիտակ և Դիլիջան համայնքներից ենք ստացել։ Մի մասը պատասխանել է, որ ուղղակի տարածք չունի»։

Մինչ նախաձեռնության անդամները Երևանի քաղաքապետարանին կոչ են անում վերացնել խոչընդոտները եւ թույլ տալ, որ «Հայաքվեի» ստորագրահավաքը կայանա, քաղաքային իշխանությունը հստակեցնում է՝  ոչ թե հրաժարվել են, այլ առաջարկել են դիմումը ճիշտ հասցեագրել։  «Հայաքվեի» մեղադրանքներին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»:

Քաղաքապետարանի այս հայտարարությանն իր հերթին «Հայաքվե»–ն է հայտարարությամբ արձագանքել։ Նշում են, որ վարչարարության կանոնների համաձայն, եթե նույնիսկ քաղաքացին սխալ հասցեով է դիմել, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է վերահասցեագրեր դիմումը քաղաքապետին, այլ ոչ թե վերադարձներ քաղաքացուն։ Նախաձեռնությունը նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի մերժումն է հրապարակել, որում նշված է, որ ստորագրահավաքի նպատակով տրամադրվող տարածք չունեն։ Հրապարակվել է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին ուղղված դիմումը, որը ներկայացվել է քաղաքապետարան 2023 թ․ հունիսի 21-ին, ժամը՝ 16։18-ին։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը փորձում է առաջին անգամ գործարկել սահմանադրական այն մեխանիզմը, համաձայն որի՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ ներկայացնելու իրավունք: Օրինագծով առաջարկվում է քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունները։  Նախաձեռնությունը   60 օր ժամանակ ունի քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրություն հավաքելուց հետո դարձյալ  դիմելու են ԿԸՀ, որի կողմից  ստորագրությունների վավերականությունը հաստատելուց հետո նախագիծը  կներկայացվի Ազգային ժողով։

Կարդացեք նաև

Back to top button