
Կառավարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը գրեթե 90 տոկոսով թեթևացնելու հավակնություն ունեցող նախագիծ է առաջարկում։ Ուշացած արդարադատության հիմնական պատճառը՝ դատավորների ծանրաեռնվածությունը, մեծապես պայմանավորված է այնպիսի գործերով, որոնք հանգիստ կարող են լուծվել դատարանի պատերից դուրս։ Կառավարությունն այդ գործերի լուծումն առաջարկում է պատվիրակել նոտարներին։
7 նախագծով 1 հարված՝ 1 խնդիր լուծելու համար։ Կառավարությունը հավանություն է տվել 7 նախագծերում փոփոխություններ կատարելու՝ արդարադատության նախարարության առաջարկին, որով ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնել գրեթե 90 տոկոսով։ Մանրամասնում է նախարար Գրիգոր Մինասյանը․
«Փորձն ու իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել՝ 2020-2022 թթ ընդհանուր իրավասության քաղ հայցերով 441 000 հայցադիմում է ներկայացվել, որից 395 000-ը փոքր բռնագանձման գործեր են։ Ստացվում է՝ 90 տոկոսը մեր դատարանների ծանրաբեռնված է գործերով, որոնք, ըստ էության, արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճը ուղղակի դատավորը վերցնում է պայմանագիրը նայում է և հաստատում է։ Այդ գործերի 95 տոկոսը չեն էլ բողոքարկվում, քաղաքացիները ի սկզբանե համաձայն են, գիտեն, որ պարտք կա, և այլն»։
Քաղաքացիական, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության օրենսգրքերում, «Նոտարիատի մասին», «Պետական տուրքի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկով 2 միլիոն դրամը չգերազանցող վեճերը լուծելու պարտավորությունն այսուհետ դրվելու է նոտարների վրա։
«Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները 80 տոկոսով և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է հարկադիր կատարման ծառայություն»։

Նոտարների պրոֆեսիոնալիզմն ու ժամանակը թույլ է տալիս պատվով ստանձնել այս լիազորությունը՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում է Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։ Ասում է՝ արդեն սովոր են նախկինում դատարաններին վերապահված գործերն ինքնուրույն անել․
«Սա առաջինը չէ, որ դատարաններին վերապահված լիազորությունը փոխանցվում է նոտարների։ Նոտարներն արդեն 2017-ից վավերացնում են, հաստատում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որը մինչ այդ միայն վերապահված էր դատարնների լիազորությանը։ Նոտարների ամբողջ բանակը ի վիճակի են դատարանի այդ լիազորությունը ի կատար ածել»։
Գործընթացը կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով, ինքնաշխատ համակարգը գործերը բաշխելու է նոտարներին։ Ստացվում է, որ Երևանում ծագած որևէ վեճի լուծում կարող է առաջարկվել հարյուրավոր կիլոմետրեր հեռու գործող նոտարը։ Եվ սա որևէ կերպ չի երկարաձգելու քննության ժամկետները․
«Մեր շատ նոտարներ այնքան էլ ծանրաբեռնված չեն, և այդ ճանապարհով վավերացումները, լիազորությունները, որը տեղաբաշխվելու է ինքնաշխատ եղանակով և հավասարաչափ, հնարավորություն կտա նաև մեր սահմանակից, հեռու գտնվող նոտարներին վավերացնելու։ Նոտարն այսօր աշխատում է անհատ ձեռնարկատիրոջ ռեժիով՝ ինքնաֆինանսավորումով։ Եվ ունենք նոտարներ, որոնց եկամուտը չի կարողանում ծածկել իր ծախսերը, հնարավորություն կտա այդ նոտարներին, ծածկել իրենց կողմից կատարվող ծախսերը՝ գրասենյակի վարձակալության գումարները, աշխատակազմի աշխատավարձերը և այլ տեխնիկական ծախսերը»։
Լիլիթ Մուրադյանի խոսքով՝ այս պահին հանրապետությունում գործում է 116 նոտար։ Դատարանները հանգիստ կարող են զբաղվել ավելի մեծ պատասխանատվություն ենթադրող գործերով։
Փաստաբան Վանիկ Մարգարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ այս ազատությունը դատարաններին պետք էր վաղուց տալ․
«Ինքս տարիներ ի վեր համանման առաջարկներ եմ արել, քանի որ նախկինում մենք արդեն նմանատիպ փորձ ունեցել ենք ՀՀ–ում, մասնավորապես՝ վարչական ակտերի պետական մարմինների որոշումների հետ կապված արդեն բավականին արդյունավետ գործում է, վարչական ակտերը երբ դարձնում են անբողոքարկելի, մարիմնները այլևս չեն դիմում դատարան ու ուղարկում են հարկադիր կատարման ծառայություն»։
Փաստաբանը տարիներով ձգձգվող բազմաթիվդատական գործեր է հիշում, ասում է՝ դրա օբյեկտիվ պատճատներից մեկը հենց անհիմն ծանրաբեռնվածությունն է եղել։
«Գործերի այն ծավալը, որ այս նախագծով ներառված վեճերն են, բավականին մեծ տոկոս են կազմում դատական համակարգի համար և իրականում գումարի բռնագանձման նմանատիպ գործերի մեծ մասում վեճ չի լինում, դատարանը վեճ չի լուծում, ընդամենը ստուգում է պահանջի իրավաչափությունը և մեծամասնության դեպքերում չեն ներկայանում պատասխանողները և մեխանիկական աշխատանք է կատարվում դատարանի կողմից»։
Փաստաբանը դատարանների գրեթե 90 տոկոս ծանրաբեռնվածություն ավելացնող գործերը նոտարներին վստահելը ճիշտ որոշում է համարում։ Ասում է՝ հիմա գործերի քննության ժամկետների պահպանումն ակնկալելիս կողմերը կարող են ավելի հաստատակամ լինել։





