ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին տեխնոլոգիաներից

Ուսումնասիրությունները փաստում են, որ տեխնոլոգիաներից ամեն օր մեծացող կախվածությունը երեխաների շրջանում ավելացրել է հոգեկան առողջության խնդիրները։ Մասնագետների կարծիքով՝ ծնողներն իրենք պետք է երեխային սովորեցնեն ճիշտ օգտագործել դրանք։ Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին թվային դարաշրջանում և չհատել օգտակարից վտանգավոր սահմանագիծը։

Զրուցակիցս 10–ամյա որդու՝ հեռախոսից կախվածության տարբեր հետևանքների մասին է պատմում։ Տղան այնքան է կապվել թվային տեխնոլոգիաներին, որ ծնողները որոշել են սահմանափակել հեռախոսով զբաղվելու ժամանակն ու վերահսկել նրա դիտած տեսանյութերի բովանդակությունը։

«Ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ ունեն իմ տղան, իր հասակակից ընկերները։ Բոլորը մի որոշ ժամանակ կենտրոնացած մնալու անհրաժեշտություն ունեն, եթե կա, օրինակ, դասապատրաստման պրոցեսը, ինչ –որ մի բան սովորելու, երկար տեքստ կարդալու պրոցեսը, դրանք բոլորը իրենց համար դժվարություն են։ Երբեմն նույնիսկ այդ դժվարությունները հաղթահարելու առումով նյարդային արձագանք է ձևավորվում երեխաների մոտ»,- ասում է Աղավնի Հարությունյանը։

Զրուցակիցս իր շրջապատում շատ է հանդիպել երեխաների, որոնց հեռախոսից կախվածությունը քնի խանգարման խնդիրներ է առաջացրել։ Իսկ աննքնությունն իր հերթին դեպրեսիվ վիճակների հանգեցրել։

Ինչ են փաստում ուսումնասիրությունները

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան և ԱՀԿ ուղեցույցներն առաջարկում են առողջությունը խթանելու համար երեխաների քնի տևողության անհրաժեշտ շեմ։ 1-2 տարեկան երեխաները պետք է կանոնավոր քնեն 11–ից 14 ժամ, 3-5 տարեկանները՝ 10-13 ժամ, 6-12 տարեկանները՝ 9-12 ժամ։

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ երեխաների 20-30 տոկոսը անբավարար քնի հետ խնդիր ունի։ Պատճառը ժամանակակից տեխնոլոգիաներն են՝ հեռուստատեսությունը, տեսախաղերը, մուլտֆիլմերը։ Իսկ Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում երկու ժամից ավելի հեռուստացույց դիտելը վարքային խանգարումների է հանգեցնում։

Քաթարում առաջնորդվում են ուղեցույցներով

Քաթարի երեխաների և դեռահասների հոգեկան առողջության կլինիկայի ղեկավարը նշում է, որ աշխարհը բավարար չափով պատրաստ չէ հաղթահարելու տեխնոլոգիաների բացասական հետևանքները։ Երեխաների ուսուցման մեջ դրանք օգտագործելով՝ մենք նրանց վտանգի ենք ենթարկում՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Իրենց կլինիկայում երեխաների մեծ մասը թվային տեխնոլոգիաներից կախվածության հետևանքով է հայտնվում։ Այդ երեխաների մոտ նկատվում են վարքագծային խանգարումներ, դեպրեսիա, սոմատիկ շեղումներ, մտավոր հետամնացություն և այլն։ Այս դեպքերում կլինիկան առաջնորդվում է երեխաների հոգեբուժական ուղեցույցներով։ Ըստ այդ ուղեցույցների՝ երեխաները պետք է օրվա մեջ մեկ ժամից ավելի հեռախոսից չօգտվեն, որն իրական կյանքում այնքան էլ հեշտ չէ՝ ասում է մանկական հոգեբույժը։

«Բացի դրանից՝ չափազանց կարևոր է, թե ինչ են նայում երեխաները։ Պետք է անպայման այդ ծրագրերի վրա դրվեն ֆիլտրեր։ Այդպես երեխաները չեն կարողանա արգելված բովանդակություն նայել։ Պետք է նաև հետևել նրանց փոստին և նամակներին, այլապես խնդիրներ կունենան»։

Աշխարհում մանկական հոգեկան առողջության հետ կապված խնդիրները գնալով ավելանում են՝ ասում է զրուցակիցս։ Թվային տեխնոլոգիաներից կախվածությանն ավելացել են նաև հակամարտություններն ու Քովիդը, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում երեխաների հոգեկան առողջության վրա։

«Օրինակ, եթե վերցնենք աուտիզմը, ապա սկզբից այն 150–ից 1–ի մոտ էր ախտորոշվում, հետո դարձավ 64–ից մեկի մոտ, հիմա 36–ից մեկի մոտ է։ Դեռահասների շրջանում տագնապային խանգարումները, դեպրեսիաները մինչև 35 –40 տոկոս են դարձել։ Նաև Քովիդի պատճառով էր, որովհետև նրանք վախեցած էին ու փակված։ Երեխաների հոգեկան առողջության վիճակը վատանալու միտում ունի»։

Հայաստանում ավելացել են դեռահասների դեպրեսիաները

Հայաստանում էլ պատկերը մտահոգիչ է։ Մեզանում մանկական հոգեբույժին դիմելու մշակույթը նոր–նոր է զարգանում, ասում է «Ավան հոգեկան առողջության կենտրոնի» մանկական բաժանմունքի ղեկավար Նարինե Իսրայելյանը։

12 մահճակալ ունեցող բաժանմունքում մեկ տարվա ընթացքում 8-9 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

«Դիմում են տարբեր խնդիրներով երեխաներ, դեռահասներ։ Վարքի խանգարումներ, դեպրեսիվ վիճակներ, սուբսիդալ փորձերից հետո դինամիկ դիտարկում և բուժում՝ ըստ անհրաժեշտության, փսիխոտիկ վիճակներ, աֆեկտիվ խանգարումներ, մտավոր հետամնացություն»։

Մասնագետը վկայում է, որ դեռահասների մոտ շատացել են դեպրեսիվ վիճակները։

«Դրան նպաստում են սոցիալական ֆակտորը և ինֆորմացիան, որն այսօր շատ է։ Տեղեկատվությունը չեն կարողանում ֆիլտրել, ու առաջանում է գերծանրաբեռնվածություն էմոցիոնալ ու ճանաչողական ոլորտի վրա։ Դա կարող է դիսբալանսի բերել հոգեկան ֆունկցիաների տեսակետից»։

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին թվային դարաշրջանում

Երեխան ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ պետք է անցկացնի։ Ընտանիքի դերը երեխայի կյանքում շատ կարևոր է՝ ասում է քաթարցի մանկական հոգեբույժը։ Երեխայի հետ կանոնավոր, կենդանի հաղորդակցությունը ծնողներին օգնում է ավելի լավ հասկանալ նրան: Կենդանի հաղորդակցությունը երեխային օգնում է զարգացնել լեզվական հմտությունները՝ ասում է։

«Երբ ընտանիքում մարդիկ իրար հետ չեն շփվում և իրար էմոցիաներ չեն տալիս, ապա խնդիրներից խուսափելը դժվար է։ Ծնող– երեխա կապը կտրվելուց հող է ստեղծվում տարբեր հիվանդությունների զարգացման համար։ Սահմանեք հեռաստացույցից և ինտերնետից օգտվելու հստակ ժամանաքանակ ողջ ընտանիքի համար»։

Աղավնի Հարությունյանն ալտերնատիվ զբաղմունքով է շեղել որդու կախվածությունը հեռախոսից։ Ստացվել է՝ ասում է։ Հիմա նույնիսկ հեռախոսից օգտվելու անհագ ցանկություն չունի։ Ամբողջ օրը դասերին զուգահեռ նաև սպորտով է զբաղվում։

«Մենք փորձում ենք խրախուսել այլընտրանքային հետաքրքրություններ, որքան կարող ենք, որքանով ի վիճակի ենք։ Օրինակ՝ վերջերս իմ տղան սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով։ Նա խնդրեց, որ գնա ֆուտբոլի պարապմունքների։ Չնայած մեր ու նրա ծանրաբեռնված գրաֆիկին, ընդառաջեցինք։ Հիմա կարող եմ վստահեցնել, որ երևի թե սպորտով զբաղվելը թվային խնդիրներից հեռու պահելու լավ տարբերակ է։ Մեր դեպքում աշխատել է»։

Մեդիափորձագետ ՍամվելՄարտիրոսյանը երեխաներին հեռախոսից կտրելու ճանապարհը բարդ է համարում։ Հատուկ բովանդակությամբ, գունավոր ու գրավիչ տեսաֆիլմերին ու բլոգներին ծնողները պետք է կարողանան էլ ավելի հետաքրքիր այլընտրանք առաջարկել, ստիպողաբար կապը կտրել չի հաջողվելու։

«Երեխայի համար զարգացնող է, որ նրա համար հեքիաթներ պատմեն կամ երգեր երգեն։ Դա անփոխարինելի է։ Բայց այսօրվա հասարակության կարգերի ձևավորումն այնպիսին է, որ երեխաների մեծամասնությունը զրկված է այդ հնարավորությունից, և ծնողները փորձում են դա փոխարինել մուլտֆիլմերով և բլոգային հաղորդումներով։ Խնդիրն այն է, որ այդ հաղորդումները կամ մուլտֆիլմերը, որոնք մեծ լսարան ունեն, դրանք հաճախ ոչ մի ճաշակ չեն զարգացնում, և դժվար թե ինչ– որ բան ստեղծեն երեխայի մոտ», — ասում է Մարտիրոսյանը։

Ըստ մասնագետների՝ թվային տեխնոլոգիաներից օգտվելու վտանգների հակառակ կողմն էլ կա․ դրանք նպաստում են երեխայի զարգացմանը։ Ամերիկյան դեղերի վերահսկողության կազմակերպությունը ընդունելի հատուկ խաղերի ու հավելվածների ցանկ  է սահմանել, որոնք նույնիսկ անհրաժեշտ են երեխաներին։ Դրանցից, սակայն, նույնպես պետք է սահմանափակ ժամանակով օգտվել։

Կարդացեք նաև

Back to top button