ԿարևորՀասարակություն

Հայաստանում տնային աշխատանք կատարողները օրենսդրական երաշխիքներ չունեն

Հունիսի 16-ը տնային աշխատողների, այլ ձևակերպմամբ՝  մասնավոր տնտեսություններում վճարովի աշխատանք կատարողների՝ մաքրուհիների, դայակների, բանվորների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Հայաստանում այս մարդկանց իրավունքները երաշխավորված ու պաշտպանված չեն՝ ընդգծում են մանագետները, ավելին՝ առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմինն էլ չունի լիազորություններ վերահսկողություն իրականացնելու համար։ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն ահազանգում է՝ օրենսդրական կարգավորումների բացակայությունը իրավունքների խախտումնների ու աշխատանքային շահագործման լուրջ հիմքեր է ստեղծում։

Հայաստանում աշխատողների մի ամբողջ խմբի իրավունքներ պաշտպանված ու երաշխավորված չեն․ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի դիտարկումն է։ Ուսումնասիրել ու հետազոտել են տնային աշխատանք իրականացնողների խնդիրներն ու օրենսդրական կարգավորումները։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը բացատրում է՝ տնային աշխատողները մասնավոր տնտեսություններում կամ դրանց համար վարձու աշխատանք կատարողներն են, օրինակ՝ մաքրուհիները, այգեպանները, դայակներն ու բանվորները։ Տնային աշխատող եզրույթը սահմանվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության ընդունած կոնվենցիայով, հայկական իրականության մեջ, սակայն, այս աշխատողների վերաբերյալ որևէ սահմանում չկա, հետևաբար չկան նաև օրենսդրական երաշխիքներ։

«Հայաստանի Հանրապետոթյան պարագայում մենք չունենք որևէ ձևակերպում, որը այս տրամաբանության մեջ է, բայց ունենք Աշխատանքային օրենսգրքի 98–րդ հոդվածը՝ աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ վերտառությամբ, որը, սակայն, որևէ աղերս չունի Կոնվենցիայի դրույթների հետ։ Այս հոդվածը հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ պարզապես աշխատողն իր աշխատանքը կատարում է տնից»,– ասում է Մանասերյանը։

Մինչդեռ առանցքային տարբերություն կա այն աշխատողների, որոնք աշխատանքային պայմանագիր ունեն և դրա համաձայն աշխատանքը հեռավար՝ տանից են իրականացնում և այն մարդկանց միջև, որոնց աշխատավայրը որևէ մասնավոր տնտեսություն է, օրինակ՝ տուն կամ բնակարան։ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանն ասում է՝ այս տարբերակումը մեր օրենսդրական կարգավորումներում չկա։

«Մեր աշխատանքային օրենսդրությունը իր ամբողջ տրամաբանությամբ ձևավորվել է, այսպես ասենք, օֆիսային կամ աշխատավայրում կատարվող աշխատանքի տրամաբանությամբ, այսինքն՝ այն բոլոր կարգավորումները, որոնք նախատեսվում են, օրինակ՝ արտաժամյա աշխատանքի կամ արձակուրդի վերաբերյալ, դրանք նախատեսված չեն այն իրավիճակի համար, երբ գործատուն ոչ թե կազմակերպություն է, այլ անհատ»,– կարծում է մասնագետը։

Վերջերս Աշխատանքային օրենսգիրքը ընդգրկուն  լրացումների ու փոփոխությունների ենթարկվեց․ խմբագրվեցին օրենսգրքի 266 հոդվածներից 122-ը, սակայն փաստաթղթում չավելացավ «տնային աշխատող» եզրույթը։ Անահիտ Սիմոնյանն ասում է՝ օրենսդրական կարգավորումներ չունենալը պարարտ հող է ստեղծում ամենատարբեր իրավունքների խախտման՝ այդ թվում թրաֆիկինգի ու աշխատանքային շահագործման համար։

«Շատ կարևոր է նաև հաշվի առնել, որ տարբեր բնույթի ներգրավմամբ տնային աշխատանքներ կատարողներ են լինում, և կարևոր է, որ բոլոր դրսևորումները կարգավորված լինեն։ Օրինակ՝ աշխատողը կարող է նաև ապրել այդ տնային տնտեսությունում և աշխատել որպես դայակ, որը գալիս ու գնում է ամեն օր։ Կոնվենցիան այս իմաստով շատ լայն է դիտարկում խնդիրը, որ բոլորն ընդգրկված լինեն»,– ասում է Անահիտ Սիմոնյանը։

Աշխատանքային ժամեր, լիազորությունների ու պարտավորությունների շրջանակ, հանգստի ու արձակուրդի հնարավորություններ․ հետազոտությունը ցույց է տալիս, որ այս իրավունքները չեն պահպանվում՝ ասում են մասնագետները։ Բացի դրանից՝ այս ոլորտում գոյություն չունեն նաև աշխատանքային պայմանագրեր․ որպես կանոն գործատու–աշխատող հարաբերությունները կարգավորվում են բանավոր համաձայնություններով՝ նկատում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը։

«Այո, մենք հասկանում ենք, որ խոսքը հաճախ սոցիալապես խոցելի անձանց մասին է, ովքեր նաև ստիպված են որոշակի աշխատանք կատարել՝ չունենալով երաշխիքներ և նույնիսկ հստակություն՝ ինչ աշխատանքներ պետք է անեն, իսկ սա ամենակարևոր իրավունքի խախտում է․ աշխատողը պետք է հստակ իմանա՝ ինչ աշխատանք պետք է կատարի ինչ վարձատրության դիմաց»։

Քանի որ խոսքը ոչ ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մասին է, դժվար է նաև վիճակագրություն վարելը։ Բալասանյանն ասում է առհասարակ չկան թվային տվյալներ, թե օրինակ Հայաստանում քանիսն են զբաղված հենց տնային աշխատանքներով։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով աշխարհում 75.6 միլիոն մարդ տնային աշխատող է, նրանց 76 տոկոսը կանայք են։

«Մենք գիտենք, որ առողջության և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթն է աշխատանքային պայմանների վերահսկումը, բայց տեսչական մարմինը տվյալ գործառույթը կարող է իրականացնել՝ միայն կազմակերպությունների կամ ընկերությունների տարածք մուտք գործելով, այսինքն՝ տնային տնտեսություն մուտք գործելու ու վերահսկողություն իրականացելու հնարավորթյուն տեսչական մարմինը չունի»։

Աշխարհի տարբեր երկրներում՝ հատկապես հետխորհրդյան ու ասիական երկրներում այս խնդիրն առկա է և ունի նաև սոցիալ–մշակութային հիմքեր։ Հունիսի 16-ը աշխարհում նշվում է որպես տնային աշխատողների իրավունքների պաշտպանության օր։ Մասնագետները շեշտում են՝ այս օրը լավ հնարավորություն է բարձրաձայելու որևէ երաշխիք չունեցող այս մարդկանց խնդիրների մասին։

Կարդացեք նաև

Back to top button