ԿարևորՔաղաքական

Լայնածավալ գործողություննե՞ր, թե՞ նոր էսկալացիա․ ինչի՞ է ձգտում Ադրբեջանը

Հունիսի 14-ին օրվա տարբեր ժամերի Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից այսօր բեկորային վիրավորում է ստացել Հնդկաստանի 2 քաղաքացի։ Կատարվածին ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել են ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու պատգամավորները։

Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի աշխատանքն այս պահին դադարեցված է, տեղեկացնում է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, գործարանը գտնվում է թշնամու դիրքերից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Պատճառը հակառակորդի կրակոցներ են Երասխի ուղղությամբ, որոնց հետևանքով վիրավորվել է գործարանում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։

Նախօրեին էլ Երասխի ուղղությամբ կրակոցներից վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և մի օբյեկտ:



Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ -ում լրագրողների հետ ճեպազրույցում հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածության միտում է արձանագրել․ «Թիրախավորել են կոնկրետ այդ քաղաքացիներին, կամ գործարանը, կամ ինչ-որ տեխնիկա, և դրա արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, կպարզվի հետագայում։ Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը և, առհասարակ, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում ու, որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել, որ հանրությունը տեղեկացված լինի»:

Լարված իրավիճակներից առաջ սովորաբար Հայաստանում գործող դեսպանատները հատուկ հայտարարություն են տարածում իրենց քաղաքացիների համար, գուշացնում, որ նրանք չայցելեն տվյալ հատվածներ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արդեն հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ․
«ԱՄՆ դեսպանատունը կրկին հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է այցելել Տավուշի մարզի Վարագավանից արևելք ավտոճանապարհով, Տավուշի մարզի Նավուրից արևելք,Գեղարքունիքի մարզի Վարդենիսից արևելք,Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ, դեպի Ջերմուկ ճանապարհորդել խորհուրդ է տրվում Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով, արգելվում է այցելել Սյունիքի մարզ ու Լեռնային Ղարաբաղ»:

Անդրադառնալով Երասխում Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճին, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը շեշտել է, որ լարվածությունը չի նպաստում բանակցային գործընթացի դրական դինամիկային․

«Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ որ լրացուցիչ էսկալացիայի վերածվելու քայլ է, բայց սա չի նպաստում բանկացային գործընթացի դրական ընթացքին ու առաջացնում է բացասական հետևանքներ։ Ըստ իմ տեղեկությունների դրանք լոկալ կրակոցներ են, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։ Որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, երկրում, որ արդեն սովորել ենք այս իրավիճակում ապրելուն, պետք է լինենք զգոն, վստահ, որ ԶՈՒ-ն համարժեք պատասխան է տալիս»։

Բաքվի նպատակը լարվածություն ստեղծելն է՝ կարծում է պաշտպանության փոխնախարարը։ Դեռ նախորդ շաբաթվանից Բաքուն բողոքում էր, որ իր սահմանին մոտ Երասխում մետալուրգիական գործարան է կառուցում, պատճառաբանում էր, թե այն կարող է բնապահպանական խնդիրներ առաջացնել։

Ստեղծված իրավիճակին ֆեյսբուքում անդրադարձել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա գրել է․ «Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է։ Այս տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ»։

Լրագրողների հետ ճեպազրույցում կատարվածին գնահատական է տվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը․

«Վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը և Երասխի իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են ակտիվ բանակցային գործընթացին։ Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է ՀՀ-ի համար։ Մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս պարբերաբար հաղորդում է սրա մասին, ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում»։

Խանդանյանի համոզմամբ՝ Բաքվին զսպելու հարցում գործ ունի անելու միջազգային հանրությունը․ «ՀՀ-ն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունը այս գործընթացին, սա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար, և մեր կոչն է ու նաև պահանջն է մեր միջազգային գործընկերներին, որ զսպեն Ադրբեջանին ու բերեն կառուցողական դաշտ»։

Պատգամավորը արձագանք է ակնկալում նաև ԱՄՆ-ից, քանի որ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը հայ-ամերիկյան նախագիծ է։

Երասխի դեպքերին անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա կոչ է արել դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում և պահպանել հանդիպումների դրական դինամիկան։

Կարդացեք նաև

Back to top button