Հաջողության նոտա

Երջանկությունը ներքին խաղաղությունն է․ վիրաբույժ Հայկ Հարությունյանի «Հաջողության նոտան»

Միշտ գիտեր, որ բժիշկ է դառնալու: Գլխավոր երազանաքը վիրաբույժ դառնալն էր: Անկախ դժվարություններից, նա հարթեց իր մասնագիտական ուղին և շարունակում է գնալ առաջ:

Նա կարծում է, որ բուժառուի բուժման ամենահզոր միջոցը նրա հավատն է իրեն բուժող բժշկի հանդեպ և հիվանդությանն ամեն գնով հաղթելու ձգտումը: Ասում է՝ բժիշկը պետք է միշտ հասանելի լինի:

Աստղիկ ԲԿ վիրաբույժ, Մխիթար Հերացու անվան ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանը լյարդի փոխպատվաստման թիմի անդամ է, Թայվանում վերապատրաստվելուց հետո վերադառնալով Հայաստան՝ վստահ էր, որ մեզ մոտ կան հնարավորություններ և թիմ, որի հետ կարելի է իրականացնել բարդագույն այդ վիրահատությունը:

Թերահավատորեն էին մոտենում շատերը, բայց նա գիտեր, որ իրենք կհաջողեն, կարևորը ցանկությունն է։ Դիակային փոխպատվաստման ժամանակ կա մահ և կյանքի փրկություն։ Երկու ընտանիք է զանգ ստանում, մեկին ասում են՝ «շնորհավորում ենք, փոխպատվսատումը կարվի, գտնվել է օրգանը», մյուսին՝ «ցավում ենք, բայց վերջ»։

Ասում է՝ այդ պարագայում հոգեբանորեն նաև շատ դժվար է բժշկի համար. կյանքն ու մահը կողք կողքի են, ու ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մի քանի րոպեից: «Լինում են դեպքեր, երբ մաքսիմալ պայքարում ես, բայց հիվանդությունն անբուժելի է, տեսնում ես տառապող մարդու ու հասկանում, որ ոչինչ չես կարող անել, այդ ժամանակ հիասթափվում ես: Բայց, բարեբախտաբար, այդ հիասթափություններին նաև փոխարինում է այն մեծ հպարտությունն ու հաջողության զգացումը, երբ հաղթում ես հիվանդությանը», – ասում է Հայկ Հարությունյանը:

Ամեն անգամ արտերկրում վերապատրաստումից հետո փոխված վերադառնում է հայրենիք՝ նոր հմտություններով, նոր մտքերով: Թայվանում ոչ միայն ձեռք բերեց նոր հմտություններ, այլև ստացավ իր համար կարևոր խաղաղության ու բարության չափաբաժինը:

Մտածելակերպն ու վերաբերմունքը շատ հարցերի վերաբերյալ փոխվեցին. պարբերաբար փորձում է գնալ, լիցքավորվել բարությամբ ու խաղաղությամբ և վերադառնալ իր կարևոր աշխատանքին: Նրա համար կարևոր է լինել բնության հետ ներդաշնակ, երազում է ստեղծել իր մոլորակը, լիարժեք ապրել բնության գրկում:

Back to top button