«Քաղցր խմիչքով կենաց չեն խմում։ Այդ դեպքում կենացի հասցեատերը վիրավորվում է»։
Կենացասածը ասում է՝ այս դառնությունը՝ ինձ, աշխարհի քաղցրությունը՝ քեզ։ Ասում է՝ քո կյանքի բաժին դառնությունը, ահա, խմում եմ։ Պատասխան է լսում՝ անուշ խմես։
«Հակում էր․ սիրում էի, որ մարդիկ լավ բան են ասում, ու մյուս մարդիկ ուրախանում են։ Ուշքս գնում էր, որ ես Ֆրունզիկ Մկրտչյանի տնազը լավ էի անում, ու ուրիշների ուշքը դրա վրա գնում էր»։
Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է այսօր պարզելու ենք՝ կենացն ի՞նչ է, որ խմում ենք։
***
Հերթական պարզ հարցի պատասխանն էինք փնտրում։ Գտանք մարդկանց տարանջատելու անթիվ չափորոշիչներից հերթականը։ Պարզվեց՝ մարդիկ բաժանվում են երկու խմբի․ նրանք, որոնց համար ուտել-խմելը կենսական պահանջ է, գոյատևման հիմք, և նրանք, որոնց համար սա ծես է, արարողակարգ՝ դրան հարիր բոլոր հատկանիշներով։ Հայի հավաքական կերպարը երկրորդ խմբին է պատկանում։
Այստեղ ուրախության, թե վշտի սեղանին կենաց՝ կյանքի մաղթանք է հնչում։ Բայց որտեղի՞ց եկավ այս ավանդույթը։ Կենացը խմելն արդարացնելու միջո՞ց է, բաժակների միջև պատշաճ հեռավորություն ապահովող հնա՞ր։ Ալկոհո՞լն է օգնում, որ կենաց դառնա երկար ժամանակ չասվածը, թե՞ կենացի քաղցրությունն է օգնում, որ դառը խմիչքը տանելի դառնա։ Ինչո՞ւ մարդիկ սկսեցին կենաց ասել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։
«Լավ սովորող երեխա էի։ Պապս, հայրս, բարեկամներս խմում էին։ Մի պահի ձանձրացան երևի։ Պապս դարձավ ինձ, ասաց՝ ուշադիր լսում ես, տղա, մի կենաց էլ դու ասա, խմենք։ Իմ վիճակն ինձ վրա շատ զավեշտական տպավորություն թողեց․ ես նստած կենաց եմ ասում, որ հերս ու պապս խմեն։ Մի խոսքով, ասեցի, վերջում հարկ համարեցի, որ ամփոփիչ հատված էլ ունենա։ Զարմացած ինձ նայեցին, իրար նայեցին։ Պապս որոշեց ճակատագիրս, ասաց՝ եղա՜վ, շա՛տ լավ էր, սրանից հետո դու կենաց կասես, մենք կխմենք»։
Սա վաղուց էր և երկար տևեց։ Իսկ 21 տարի առաջ բանասեր Գարիկ Էվոյանն այս գործը մասնագիտություն դարձրեց։ Թամադա, հանդիասավար, կենացասած բառերը, ասում է, թերի են․ իր գործին «կենացախոս» անունն է տալիս․
«Հարմար աշխատանք է։ Դե, քեֆ ես անում, մարդկանց ուրախությունը մեծացնում, մարդկանց ուրախությամբ ուրախանում։ Պարզվում է՝ վերջում էլ մի բան գրպանդ են դնում, ասում՝ էս էլ երեխաքին տար։ Շատ լավ գործ է»։
Գարիկ Էվոյանը ամենից առաջ իրեն դերասան է համարել։ Բեմը սիրել է, որոշ ընդհատումներով եղել պրոֆեսիոնալ բեմում։ Այդ ընդհատումները լցվում էին տարբեր աշխատանքներով, իր խոսքով՝ «հարգարժան պաշտոններով»։ Բայց հետո կենացը դարձավ նրա գործն ու մասնագիտությունը․
«Եթե համարենք, թե խմելը պատճառ չի պահանջում, տրամադրության լավացումը պիտի հիմնավորես․ էս ինչո՞ւ տրամադրությունս լավացավ, ու (մի փոքր հումորով ասեմ), որ թաքցնես, որ տրամադրությունդ լավացավ, որովհետև մտքերդ արդեն թռչում են, գլուխդ կամաց–կամաց սկսում է թեթևանալ ծանր մտքերից, դու դրա համար առիթ ես փնտրում, հիմնավորում ես փնտրում։ Եվ հիմնավորումը հետևյալն է՝ ես լավ մարդու համար եմ խմում, լավ գաղափարի համար եմ խմում, լավ երևույթի համար եմ խմում, դրա համար էլ տրամադրությունս բարձրանում է»։
Կենացախոսը, որ նախևառաջ բանասեր է, հիշեցնում է՝ «կենաց»-ը արտահայտության միայն մեկ բաղադրիչն է։ Ամբողջականը «Կենաց-մաղթանք»-ն է՝ կյանքի մաղթանքը։
«Կենացը նշանակում է հանուն կյանքի, իսկ ավանդութային հասարակությունում ընդհանրապես խոսքին, բարեմաղթանքին և դրա հակոտնյային՝ անեծքին, շատ մեծ ուշադրություն են դարձրել։ Այստեղ բոլոր տեսակի հացկերույթները, (հատկապես տոնական, ծիսական), ընթացել են կենացներով, ու ամեն մեկը չէր, որ կարող էր իմաստավորված, լավ կենաց ասել»,- ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
Նրա գիտական հետաքրքրությունը դեռ ուսանող տարիներից կենտրոնացած էր ուտեստի, ազգային խոհանոցի առանձնահատկությունների վրա։ Մեր զրույցի առանցքը իր՝ «Թամադան հայոց մեջ» վերտառությամբ զեկույցն է։ Ասում է՝ հավանաբար պատմիչների մտքով չի անցել, որ դարերի հեռավորությամբ մարդուն կարող են հետաքրքրել այնպիսի առօրյա բաներ, ինչպիսին ուտելն ու խմելն են․ այս թեմայով գրավոր հիշատակումներ քիչ կան․
«Բայց դրանով հանդերձ մենք դրանց վերաբերող որոշ հիշատակումներ ունենք մատենագրության մեջ։ Իհարկե, իմ ուսումնասիրությունները հենված են դաշտային ազգագրական նյութերի վրա, այսինքն՝ մենք այդ ամբողջ գիտելիքը, ժողովրդական առանձնահատկությունները հենց մշակույթը կրողից ենք գրառել դաշտային ազգագրական ուսումնասիրությունների ընթացքում։ Բայց Մխիթարյան միաբաններից Վարդան Հացունին հատուկ անդրադարձ է արել ճաշեր և խնջույք հին հայոց մեջ։ Ելնելով մեր պատմագիտական, մատենագրական նյութերից՝ նա փորձել է վերականգնել, թե հացկերույթը ինչ առանձնահատկություններ է ունեցել հայոց մեջ»։
Սեղանը պետք է կառավարիչ ունենար, վերջինս՝ խարիզմա, ստեղծագործ միտք և ճկուն խոսք։ Ազգագրագետն ասում է՝ սա սպառողական հասարակություններին բնորոշ երևույթ չէ։ Այժմ առավել հաճախ կենացը ձև է, դադար՝ խմիչքի մյուս բաժակը դատարկելուց առաջ, քան բարեմաղթանք, օրհնություն։
«Ես տեսել եմ իտալացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, նրանք ընդամենն ասում են «չին-չին» ու դա չի ուղեկցվում այն արարողակարգով՝ միտք-խոսք-գործողություն, ինչպես Կովկասում, Առաջավոր Ասիայում է։ Սա հաղորդակցման շատ հետաքրքիր արևելյան ձև է։ Տեսեք՝ մեզնում ֆուրշետ կոչվածը շատ մեծ ընդունելություն չստացավ, որովհետև այն ժողովուրդները, որոնք հացկերույթին բոլորովին այլ նշանակություն են տալիս, իրենց համար պետք է, որ հատուկ տեղ լինի»։,- նշում է ազգագրագետը։
«Ավանդական շարք կա կենացների, ասենք՝ մի երկու տասնյակ կենաց, որոնցից մի հնգյակը պարտադիր է ցանկացած դասավորության դեպքում։ Սկսենք նրանից, որ գիտեք չէ՞՝ ծնողների կենացը միշտ պարտադիր է, անընկալելի չէ ոչ մի ձևաչափում։ Առիթի կենացը․ այն առիթի, որ ձեզ խմբել է, ենթադրենք՝ հարսանիք է կամ հարևանդ եկել քեզ օգնել է՝ ցեմենտի պարկը իրար հետ դրել եք, հետո մի կտոր հաց եք ուտում, դա առիթ է։ Ուրեմն պարտադիր է նաև էդ գործին հաջողություն մաղթելը, հոբելյարին առողջություն և երջանկություն մաղթելը»,- պատմում է Գարիկ Էվոյանը։
Գարիկ Էվոյանն ասում է՝ մի կարծեք, թե բարձր ձայն, փողկապ և «զույգ ծաղիկների կենացը» խմելու երևակայություն ունենալը բավարար է։ Նախ՝ գեղեցկախոսությունը ևս պետք է սահմաններ ունենա, առնվազն չարչրկված չլինի։ Բայց առավել կարևոր է բովանդակային հատվածը։
«Հինգը միշտ նույնն է և պարտադիր։ Շրջանցելը կնշանակի, որ դու ուշադիր չես, եղբայր։ Այն, ինչի կենացը խմում ես, արմատներ ունի, հիմքեր ունի, աղբյուր ունի։ Բա էդ աղբյուրներին չե՞ս ուզում հասնել։ Իհարկե՝ աղբյուրների մեջ խորանալը մեզ կտանի առնվազն մինչև Թորգոմ, մինչև Հայկ, եթե ազգային սեղան է։ Իսկ եթե միջազգային սեղան է, մենք Նոյին պետք է տանք, անցնենք, հասնենք Ադամին և արարչագործությանը։ Էդքան չես խորանա, ուրեմն հիշելի հեռավորության վրա արմատներն ես հիշում»։
Իսկ ինչպե՞ս են ծնվում կենացները։ Ընկերական հավաքի դեպքում սրտի խոսքն ասելը բնական է, բայց երբ բարեմաղթանքը մասնագիտական գործիք է՝ այն սրելու, թարմացնելու կարիք է զգացվում։ Կենացախոսն ասում է՝ հիմնականում գործը դա անելու ցանկություն առաջացնում է, հնարավորություն՝ ոչ․
«Դրա հնարավորությունը հաճախակի հանդիսույթներ վարելու դեպքում, այսպես ասենք, պրոֆեսիոնալ զբաղվածության դեպքում հաճախ չի տրվում, որովհետև մեր երեկույթ-խնջույքներին խիստ որոշակի ժամեր են հատկացված, որոնց ընթացքում իմ ասած պարտադիր կենացները պիտի կարողանաս մատուցել։ Իհարկե լինում են նաև դեպքեր, որտեղ դու ազատ ես և կարող ես կենացաշարը կիսատ թողնել. էդ օրն էլ ընկերներով նստած ենք, ընկերության կենացը չենք խմում, էն է՝ կենաց ենք տեղով։ Էս դեպքում մարդ բնական մղում է ունենում նոր բան ասելու, նոր թեմա գտնելու։ Եվ կան նաև պատմականորեն առաջացող նոր կենացներ»։
Էվոլյուցիան այս ոլորտը ևս չի շրջանցում։ Պարզվում է՝ եղել է ժամանակ, երբ, օրինակ, բանակի, զինվորի կենացը չեն խմել։ Ոչ թե պարտադիր կենացաշարի առաջին հնգյակում, այլ ընդհանրապես․
«Իմ տարեկիցները և ավելի մեծերը կվկայեն, որ մինչև անկախության շրջանը պատահական գուցե տեսել ենք մեկին, որը լսել է ինչ-որ թամադայից ինչ-որ տեղ, որ խմել է, ասենք, սովետական բանակի կենացը։ Ես որ չեմ լսել, երբևէ, և չեմ ճանաչում մեկին, ով լսած լինի նման կենացը որևէ հարսանիքում։ Բայց հիմա մենք մեր զինվորի կենացը պարտադիր ենք խմում, դա ոչ թե մեր մտքի պարտքն է, այլ մեր սրտի մղումը»։
Նախկինում գուցե պատմիչները չեն մտածել, որ դարերի հեռավորությամբ մարդուն կարող է հետաքրքրել այնպիսի առօրյա մի բան, ինչպիսին ուտելն ու խմելն է։ Այսօր ևս այս թեմայի կենցաղայնությունը թույլ չի տալիս պատկերացնել, որ սա ժամանակի, մտածողության, ավանդույթի մասին մի բան է, և վաղը շատ բան է խոսելու այսօրվա մասին, եթե լինի։
Ազգագրագետն ասում է՝ արժեզրկվածության խնդիր կա։ Բնական է՝ սպառողական հասարակությունը սկսում է ֆուրշետ սիրել։ Բայց մասնագիտական ջանքերը շարունակվում են՝ հույսով, որ հետագայում այս թեմայով հարցուփորձերին գիտական պատասխաններ կտրվեն։