Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էթնիկ զտման վտանգը կրկին կախված է հայ ժողովրդի գլխին։ Այն նոր դրսևորում է ստանում թուրք-ադրբեջնական հայատյաց քաղաքականության համատեքստում։ Դրա դեմն առնելու գիտակցությամբ են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվել ու ուղերձնել հնչել։
Ապրիլի 24-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է՝ օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում, մասնավորապես, նշել է վարչապետը:
Ուղերձում նաև ասված է.
«Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. Արդյո՞ք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք, անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով, մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն»:
Այս տարի ևս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանություններն առանձին-առանձին բարձրացան։ Կառավարական պատվիրակության հեռանալուց ավելի քան մեկ ժամ անց հուշահամալիր եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ հոգևոր դասի հետ։
Մինչ այդ կաթողիկոսը ուղերձ էր հղել, որում մասնավորապես ասված է․
«Այսօր Հայաստանում և Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը»։
Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո, Գարեգին 2-րդը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու փաստին։ Նա դատապարտեց տեղի ունեցածն ու հայրական հորդոր հղեց արցախցիներին՝ զորեղ մնալ, հավատքի ու կամքի մեջ.
Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ իր պատգամում համազգային համախմբման կոչ է արել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Նա ուղերձում ընդգծել է, որ անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը՝ նկատել է Արամ Ա-ն։ Նա նաև շեշտել է, որ Ապրիլի 24-ը այսօր, առավել, քան երբեք, ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է.
«Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ: Հայստանը առանձին է և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքները պաշտպանելու համար կմնա ամուր։ Նույն պատնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր»։
Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի և Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ ի հեճուկս հայ ժողովրդի պատմական իրավունքների, ընդունելի չէ, իր պատգամում շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու Միացալ Նահանգների հանձնառությունն է վերահաստատում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա անցակետ տեղադրելուն, դիվանագետը լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ դա խաթարում է խաղաղության գործընթացին․
«Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել։ Ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է այդ գործընթացը և մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացը առաջ տանելու ուղղությամբ»։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռանակբերդում Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսն է իր ժողովրդի անունից զորակցություն հայտնում հայ ժողովրդին։
Հակարի կամրջի մոտ անցակետ տեղադրելուց բացի, ադրբեջանական սադրանքները շարունակվում են, նաև Հայաստանի սահմաններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ Սոթքում իրադրությունը հարաբերականորեն կայուն է, բայց պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի։ Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ փոխնախարարն ասաց, որ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արման Սարգսյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ յուրաքանչյուրն իր աշխատանքը որակյալ կատարի։
«Մեր ամրաշինական և նաև մնացյալ՝ մեր զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են։ Պետք է անենք ամեն ինչ, որ հզորանանք. պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել և այդպես շարունակ»։
Իսկ աշխարհը պետք է չհանդուրժի որևէ երկրորդ ցեղասպանություն, ասում է պաշտպանության փոխնախարարը և եզրափակում՝ օրվա խորհուրդն էլ հենց դա է ավելի շատ՝ հիշել, պահանջել, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ու ճիշտ արձագանքի։




