ԿարևորՔաղաքական

Ինչպես կիրառելի դարձնել Բաքվին ուղղված կոչերն ու դատապարտումները

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ բազմաթիվ դատապարտումներ են հնչել, մեղադրանքներ Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին։ Ի՞նչ են տալիս մեզ այդ հայտարարությունները և ի՞նչ է պետք անել դրանք գործնականում կիրառելի դարձար։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ ասել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։ Նա նշել է, որ հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների  հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսն էլ շեշտել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին, այլև դեմ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ողջ մնացածներին հարգելու պարտավորությանը։ Սենատորը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակ  փորձում է թաքցնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին՝ հետապնդելով իրական փաստերը բարձրաձայնող  գրողներին և պատմաբաններին։

Նա անթույլատրելի է համարել Վաշինգտոնի կողմից  ռազմական և այլ աջակցությունը Բաքվի ռեժիմին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից հայ անզեն զինվորների խոշտանգումները: Ամերիկացի սենատորը հիշեցրել է, որ 2020 թ.-ին Բաքվի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 100 հազար հայ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից: 

Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, և այն, ինչ  վերջին տարիներին անում է Ադրբեջանը,  Հայոց ցեղասպանության շարունակությունն է:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների գործադրած ճնշումն, ի վերջո, կնպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի կարծիքով դատապարտումներն ու բանաձևերը կարևոր են։

«Ինչո՞վ են կարևոր դատապարտումները։ Գիտեք, որ  Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ ընդունել են Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, և ԱՄՆ նախագահի ստորագրման դեպքում դրանք որոշակի  ուժ  կունենան։ Ցավոք Թուրքիան չի արձագանքում, սակայն դրանք Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք են ։ Սակայն տեսնում ենք, որ Թուրքիան այսօր ոչինչ հաշվի չի առնում։ Այդուհանդերձ,  դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն համաշխարհային նշանակություն ունեցող պետություն է, և ԱՄն կողմից դատապարտումը աշխարհի երկրների վրա ճնշում գործադրելու միջոց է»։

Ըստ ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերի՝ Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնել Արցախում ու այդպիսով ստիպել էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ըստ կոնգրեսականի՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի  իր ագրեսիայի համար։

Քաղաքագետ Արա Պողոսյանը դատապարտումները գործնական քայլերի չվերածվելու պատճառների մասին է խոսում։

«Նախկինում մենք ավելի դատապարտող հայտարարություններ ենք լսել աշխարհի տարբեր հարթակներից, որոնք գործնական քաղաքականության մեջ Հայաստանին շատ բան չեն տվել, միայն էմոցիոնալ դաշտում են մեզ ինչ-որ բան տվել, և ոչ ավելին։ Սա կարելի է կապել ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության հետ, որը կամ չի կարողանում դրանք կապիտալիզացնել, կամ պարզապես հնարավոր չէ դրանք կապիտալիզացնել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»։

Վերլուծաբանը հիշեցնում է,  թե ինչպես էր ողջ հայությունը ամեն տարի ապրիլի 24-ին սպասում ԱՄՆ նախագահի ուղերձին։  Սակայն 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելը շատ բան չփոխեց։ Միացյալ Նահանգները  «Մտրակի ու բլիթի» քաղաքականություն է վարում։ ԱՄՆ-ն,  ըստ էության, ավելի մեծ ներդրում ունի Թուրքիայի տնտեսության մեջ, ավելի շատ աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, քան Հայաստանին։

«ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է որպես հակաիրանական ճամբարի անդամ պետություն և լավ պլատֆորմ Իրանի դեմ պատերազմի կամ ռազմական գործողությունների համար, և Ադրբեջանն իրեն այդպես է դիրքավորում։  Բաքուն այսօր առաջարկելու բան ունի ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին։ Ցավոք Ադրբեջանի առաջարկն այսօր ավելի գրավիչ է, քան Հայաստանի որևէ առաջարկ, եթե անգամ ՀՀ փորձի իրեն դիրքավորել որպես հակառուսականության կենտրոն»։

Հայաստանն, ըստ Արա Պողոսյանի, առաջին հերթին պետք է ձևակերպի իր ռազմավարական նպատակները և դոկտրինալ արտաքին քաղաքականություն վարի։ Քաղաքագետն ասում է՝ այդ ուղղությամբ առարկայական քայլեր առայժմ չեն արվում։

Կարդացեք նաև

Back to top button